Շատ ցաւալի էր ինձ համար, երբ լուրերում կարդացի թէ կեանքին հրաժեշտ է տւել, իմ շատ սիրելի եւ անմոռաց ուսուցիչ՝ Գրիգոր Շահինեանը: Ես բախտ եմ ունեցել նրան աշակերտել 2001-2002 թթ. -ին, Բէյրութում: Պիտի խօստովանեմ, որ բազմաթիւ դասեր եմ ստացել Պրն. Շահինեանից, որը եւ մինչեւ այսօր օգտաւետ են ինձ իմ կեանքի եւ գործի ասպարեզներում: Թող հողը թեթեւ լինի վրան եւ յիշատակը անթառամ:
=========================
Այս գրութիւնը քաղել եմ Ազգ օրաթերթից, որը լաւապես ներկայացրել է Գրիգոր Շահինեանին:
ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ-ԳՐԱԴԱՏԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«Փոթորիկներ ունի հոգիին մէջ, զորս սանձել գիտէ»
Անցած շաբաթ Բեյրութում 78 տարեկանում վախճանվեց սփյուռքի մեր հրաշալի մտավորական, մանկավարժ, գրականագետ, արխիվագետ, մշակութային-ազգային գործիչ Գրիգոր Շահինյանը: «Ազգը», որի էջերում քանիցս տպագրվել են նրա հոդվածները, փետրվարի 17-ին տեղեկացրեց նրա մահվան մասին, հաջորդ օրը հայաստանցի յոթ մտավորականների ստորագրությամբ տպագրվեց հրաժեշտի խոսքեր Գրիգոր Շահինյանի հիշատակին:
Լիբանանահայ էր Գրիգոր Շահինյանը, գարահիսարցի ու ադանացի` իրենց բնօրրանից վտարված, 1915-ի Հայոց մեծ եղեռնից մազապուրծ ծնողներից սերված, որոնց գաղթական կյանքի առաջին հանգրվանը Սիրիան էր: Դամասկոսի Սահակյան, ապա` ֆրանսիական Մարիոթ Ֆրերների վարժարաններում ուսանելուց հետո ընդունվում է Բեյրութի Լեւոն Շանթի ղեկավարած Հայ ճեմարանը. նախ` հետեւում է Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Գառնիկ Գյազալյանի դասախոսություններին, որից հետո ցկյանս ստանձնում ուսուցչի պատվաբեր ու պատասխանատու գործը: Իր էությամբ արդեն իսկ ուսուցիչ էր Գրիգոր Շահինյանը, ուսուցչությունն իր կոչումն էր, եւ արժանապատվորեն ծավալած կեսդարյա մանկավարժական գործունեությունը կերտեց իր ոչ միայն աշխատանքային, այլեւ հոգեւոր կենսագրությունը` ազնիվ ու շիտակ մտավորական մի նկարագրի: Գրիգոր Շահինյանը հայ միտքը արթուն ու կենսական պահելու, հայի ոգու միջնաբերդը պահպանողի ու հսկողի առաքելությունն ուներ, հայ լեզվի ու մշակույթի պահապան-ջահակիր` սփյուռքի ամենապայծառ կերպարներից:
Փայլուն գրականագետ էր, մտածող, վերլուծաբան, մեկնաբան, լեզվական բարձր կուլտուրայի, բարձր իմացությունների տեր մտավորական: Եվրոպական կրթություն ստացավ նախ Բրյուսելում` հետեւելով համալսարանի ռոմանական գրականության բաժնի դասընթացներին, վերադառնալով Բեյրութՙ ճեմարանում դասավանդեց ֆրանսերեն լեզու եւ գրականություն:
Բելգիայում ուսանելիս սակավաթիվ հայ ուսանողներից կազմված միությունը` ի թիվս նրանց նաեւ Գրիգոր Շահինյանը, հայ մշակույթը տարածելու ջանքեր էր գործադրում: Այս խմբի ջանքերով բելգիական Գենտ քաղաքի համալսարանի պատին տեղադրվեց Դանիել Վարուժանի դիմաքանդակը. այնտեղ ժամանակին ուսանել էր բանաստեղծը:
Շահինյանը ավելի ուշ ուսումը շարունակում է Փարիզի Սորբոնի համալսարանում` 1979-ին պաշտպանելով Արմեն Լյուբենի (Շահան Շահնուրի) ֆրանսալեզու պոեզիայի վերաբերյալ ատենախոսություն եւ ստանում դոկտորական աստիճան: Հետագայում այդ դոկտորականը զույգ հատորի տեսքով տպագրում է Անթիլիասի մայրավանքի տպարանը: 1990-ին Երեւանի պետհամալսարանում եւս պաշտպանելով գիտական թեզ` ստանում է բանասիրական դոկտորի կոչում:
1977-1994-ին Գր. Շահինյանը դասավանդում է Բեյրութի լիբանանյան համալսարանում: 1997-ից նա «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի ղեկավար պաշտոնում էր: Ինչպես հալեպահայ գրող Թորոս Թորանյանն է գրում, այդ պաշտոնում նա «երբեք չի գործեր պաշտօնեայի հոգեբանութեամբ»: «Այդ կեդրոնը ուր կը վերաւորակաւորուին ուսուցիչներ, իր տունն է: Ուրեմն այդ տունն ու անոր բնակիչները կը վայելեն մանկավարժ ուսուցիչին հայրախնամ հոգածութիւնը, ինչպէս էին ատենին մեր մէջ Ռէթէոս Պէրպէրեանն ու Յովհաննէս Հինթլեան մանկավարժները, ինչպէս էր Ռէթէոսի որդի Շահան Պէրպէրեանն ու Մելգոնեան կրթ. հաստատութեան մանկավարժութեան երբեմնի խոհուն դասախօս` Պօղոս Գէորգեանը»:
Նման կյանքերը սովորաբար ինքնանվիրումի, ինքնայրումի որակում են ստանում, եւ դրա «պատճառը» Թորանյանի խոսքերով այն է, որ «Շահինյանը իր ականջը դրած էր իր սրտի զարկին ու այդպէս աշխատած»:
Մանկավարժն ու գրականագետը հավասար իրավունքներով ապրում էին իր մեջ. հայ գիրն ու գրականությունը իր կենսունակությունն ապահովող հոգեւոր ավիշն էր: Գրականագետի իր հետաքրքրությունները ծավալել է Շահան Շահնուրի, Լեւոն Շանթի, Համաստեղի, Գուրգեն Մահարու ստեղծագործական տիրույթներում, խոր վերլուծաբանի, ինքնատիպ մեկնաբանի իր ձիրքը լավագույնս դրսեւորվել է բազմաթիվ ուսումնասիրություն-մենագրություններում («Համաստեղ», «Հատընտիր», «Գուրգէն Մահարի վաթսունի հանգրուանին», «Panorama de la litte՛rature Arme՛nienne... 1880», «Վերաքաղ» եւ այլն): Շահինյանը նաեւ սկզբնավորողներից է մանկական գրականության մատենաշարի 25 հատորյա տպագրության: Նրա վաստակը մտավորական եւս մեկ ասպարեզում արժանի է հիշատակման, 1966-70-ին հրատարակելով «Ահեկան» եռամսյա հանդեսը` գրական շարժում ծավալեց դրա շուրջը` նոր գրողների ու ավագների ներգրավումով: Եթե նկատի ունենանք օտար միջավայրային բոլոր բարդությունները, սփյուռքահայ իրականության յուրաքանչյուր նման երեւույթի` կրթօջախի, մատենաշարի, ամսագրի հիմնադրում, աներկբա, ազգանվեր ու շնորհակալ գործ է:
Գր. Շահինյանի` «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնի ղեկավարման ընթացքը բարեբեր հունձք է ապահովել սփյուռքահայ գրական անդաստանի համար` իր գործուն մասնակցությամբ Անթիլիասի մայրավանքի «Դանիել Վարուժան» մատենաշարային հրատարակությամբ, իսկ որպես կաթողիկոսարանի արխիվների պատասխանատու, գիտական հրատարակության պատրաստած իր քառահատոր նյութերով, որոնցից առաջինի տպագրության առիթով տարիներ առաջ հանդիպեցի իրեն` դստեր Շաղիկի երեւանյան տանըՙ մեր թերթի համար հարցազրույց ունենալու:
Ազնվակիրթ, հանդարտաբարո, զուսպ, ձայնի բարեհնչունությամբ, մեղմ ու նրբավար` առաջին իսկ ձեռքսեղմումից խորագույն հարգանք ներշնչող մտավորականի առինքնող կերպար. առաջին տպավորությունս է: Երանելի ուսուցիչ` բազմակողմանի գիտելիքների, խորը իմացությունների ու դրանք իսկական մանկավարժին վայել այլոց տալու շնորհաշատ ձիրքով:
Այդպիսին է զգացողությունն այն մարդկանցից, ում երկրային կյանքը, աշխարհիկ գործը, մտավոր աշխարհն ու հոգեկերտվածքը անխախտ ներդաշնակության մեջ են: Ինքը լուռ խոնարհումով գործող համեստ մշակի կենսակերպն էր դավանում: Իր ապրած կյանքը, ժամանակի անհուն հարահոսքում մնայուն հետագիծ թողնողի` քչերին վիճակված ազնիվ նվիրումի ճանապարհ է` այլեւս մեզ ապրողներիս արժեւորումին թողած` սփյուռքում եւ այստեղ` Հայաստանում:
Թորանյանը գրում է. «Երբեք փոթորկուող մեկը չէ: Սակայն փոթորիկներ ունի հոգիին մէջ զորս սանձել գիտէ». այդ սանձած փոթորիկները սփյուռքի մեր վարժարաններում բարի հունդեր դարձան` հրաշալի մտավորական սերունդ կրթելու, հոգեւոր տուրեւառությունների սեղմումից ծնվեցին գրական հրաշալի երկեր:
Ծանր էր Բեյրութից եկած գույժը: Գրիգոր Շահինյանի հեռացումով կյանքի լուսավոր մի անկյուն հավերժորեն խամրեց, թափուր ու տխուր մի տեղ մնաց: