Showing posts with label Համացանց. Show all posts
Showing posts with label Համացանց. Show all posts

Sunday, September 11, 2011

Պատերազմների համակարգված պատմություն


Այսօր մի հետաքրքիր կայք գտա, որ ցանկանում եմ ներկայացնել: Պատմության ընթացքում բազմաթիվ պատերազմներ են տեղի ունեցել, որոնց մասին բոլոր տեղեկությունների համատեղելը դժվար գործ է:
Conflict history կայք էջը շատ հետաքրքիր աշխատանք է իրականացրել: Կայքում տեղադրված է բոլոր տարեթվերը, ու դրանք ընտրելով, Google Map-ի վրա հայտնվում են այդ ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմները:
Այս կայքը մի քանի ժամ ինձ զբաղեցրեց, հույսով, որ ձեզ համար էլ օգտավետ լինի:

Thursday, September 01, 2011

Իրանում փորձել են կոտրել GMAIL ծառայության կայքը


Google ընկերության անվտանգության կայքը հաղորդել է, որ օրեր առաջ Իրանից փորձել են կոտրել GMAIL ծառայության կայքն ու ձեռք բերել իրանցի հասցեատերերի մուտքագրերը:

Ընկերության փոխանցմամբ՝ հաքերները փորձել են իրենց պատրաստած կոդերը տեղադրել ծառայության կայքի ու օգտատերերի հաղորդակցության միջև, որից հետո հնարավորություն կստեղծվեր ձեռք բերել իրանցի օգտատերերի գաղտնագրերը: Այդ ընթացքում մի իրանցի օգտատեր, դա նկատելով, տեղեկացրել է Google ընկերությանը:

Բրիտանական Guardian օրաթերթը, այս լուրը հրապարակելով, նշել է, որ հավանաբար Իրանի իշխանությունները փորձում են ձեռք բերել իրանական ընդդիմադիր ուժերի այն ակտիվիստների գաղտնագրերը, որոնք վստահել են GMAIL ծառայությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, July 28, 2011

Արգելափակված սոցկայքերի հղումն իրանական կայքերում տեղադրելը հանցանք ճանաչվեց


Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության ինտերնետի բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը իրանական Borna News գործակալության հետ զրույցում հայտարարել է.

«Իրանական կայքերում սովորություն է դարձել արգելափակված սոցկայքերի հղումների տեղադրումը: Հիշյալ կայքերն այդ քայլով անուղղակիորեն իրենց լսարանին քաջալերում են օգտվել այդ սոցիալական ցանցերից: Կայքերը չպետք է հույս կապեն մի քանի քլիքի հետ, որ իրենց կարող է բերել այդ սոցկայքերում իրենց կայքի հղումի տարածումը»։

Մոմեննասաբը ավելացրել է նաև, որ, ըստ օրենքի, արգելափակված սոցկայքերի հղումը կայքում տեղադրելը համարվում է հանցանք:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, July 14, 2011

Google+ սոցիալական ցանցը լրտեսական նոր միջոց է. Իրանի մշակույթի նախարարություն


Իրանի մշակույթի ու առաջնորդության նախարարության ինտերնետային բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը իրանական Nedaye Enghelab լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ վերջին օրերին շրջանառության մեջ մտած Google+ սոցիալական ցանցը, լրտեսության նոր միջոց է:

Ըստ Մոմեննասաբի՝ «Google ընկերությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերի այցելուների թվի նվազման արդյունքում շահագործման է հանձնել իր նոր սոցիալական ցանցը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան փորձում են ինտերնետի միջոցով գրոհել Իրանը, հետևաբար բոլոր իրանցիներից պահանջվում է, որ իրենց ընկերներին ու ծանոթներին, ովքեր օգտվում են այդ նոր ցանցից, հորդորեն դուրս գալ ու այլևս չօգտագործել Google+ սոցիալական ցանցը»։

Ավելացնենք, որ վերջին օրերին Իրանի հաղորդակցության նախարարությունը ինտերնետի ֆիլտրման նոր սարքավորում է գործի դրել, որի արդյունքում Google+ սոցիալական ցանցն էլ աշխատանքային առաջին իսկ օրվանից արգելափակվել է իրանցի օգտատերերի համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, March 10, 2011

Իրանում Blogger.com և Wordpress.com կայքերում էջ ունեցող բլոգերները այլևս չեն կարող թարմացնել իրենց էջերը

Իրանական Parsine լրատվական կայքը հաղորդում է, որ Իրանում Blogger և Wordpress բլոգերային կայքերում էջեր ունեցող բոլոր բլոգները արգելափակվել են: Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության կիբերմամուլի բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը հայտարարել է, որ հիշյալ բլոգերային ընկերությունները իրանական բլոգերային ընկերությունների աշխատանքները զարգացնելու նպատակով են արգելափակվել:

Մոմեննասաբի հայտարարության համաձայն, իրանական բլոգերային ընկերությունները նախարարությանը բողոք են ներկայացրել, թե ինչո՞ւ, երբ երկրում աշխատում են բազմաթիվ ընկերություններ, որոնք բարձրորակ բլոգերային ծառայություններ են մատուցում ցանկացողներին, նախարարությունը թույլ է տալիս, որ երկրում աշխատեն միջազգային բլոգերային ընկերությունների ծառայությունները: Կայքի հաղորդմամբ, այդ իսկ պատճառով մշակույթի նախարարություն արգելափակել է Blogger ու Wordpress ընկերությունների աշխատանքները:

Ի դեպ, ասենք, որ իրանական բլոգերային ծառայությունների ընկերությունները աշխատելու թույլտվություն ստանալու համար պարտավորվում են վերահսկել իրենց ծառայություններից օգտվող բլոգերների գրությունները և, հարկ եղած ժամանակ, եթե այդ բլոգների նյութերը դեմ լինեն Իրանի քաղաքականությանը, փակել տվյալ բլոգները: Ուստի իրանցի բլոգերները նախընտրել են օգտվել միջազգային բլոգերային ծառայություններից: Այդ պատճառով Իրանի մշակույթի նախարարության համար անկարելի էր դառնում իրագործել բլոգերների գրությունները վերահսկելու ցանկությունը, հետևաբար լավագույն միջոցը հենց միջազգային ընկերությունների աշխատանքի արգելափակումն էր:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, March 09, 2011

Իրանի պահակազորը հակերներին պաշտոնապես աշխատանքի հրավիրեց

Իրանի «Ոչ գործառնական պաշտպանություն» կազմակերպության ղեկավար, Իրանի պահակազորի հրամանատարներից Ղոլամ Ռեզա Ջալալին իրանական Bultan News լրատվական կայքի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ շուտով կազմավորվելու է Իրանի կիբերպատերազմի ճամբարը: Նա իր զրույցում համակարգչային հակերներին պաշտոնապես համագործակցելու հրավիրեց:

Ջալալին այդ մասին ասել է. «Մենք ընդառաջելու ենք այն հակերներին, ովքեր կցանկանան իրենց հեղափոխական գործունեությամբ օգնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը»:

Ջալալին նաև զգուշացրել է այն հակերներին, որոնք կփորձեն վնասել ժողովրդին. «Նրանք թող զգուշ լինեն, մենք նրանց բոլոր աշխատանքներին ուշադրությամբ հետևում ենք»:

Ըստ Ղոլամ Ռեզա Ջալալիի՝ Իրանի կիբերպատերազմի ճամբարը աշխատելու է «Ոչ գործառնական պաշտպանություն» կազմակերպության վերահսկողության ներքո և պարտականություն ունի կիբերաշխարհում պատերազմել թշնամիների դեմ:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում Իրանի պահակազորը խոշոր ներդրումներ է իրականացրել կիբերնետիկայի ոլորտում. Իրանի կիբերբանակը, որը բազմաթիվ կայքեր է շարքից հանել, համարվում է Իրանի ամենաուժեղ հակերական խումբը և ղեկավարվում է պահակազորի կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Sunday, February 27, 2011

Ինտերնետի արգելափակման գործում Google-ը համագործակցում է Իրանի հետ

Իրանական Weblog News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի մշակույթի նախարարության ինտերնետային բաժնի պետ Ռուհոլլահ Մոմեննասաբը կիբեռնետիկայի մասնագետների հետ Ղոմ քաղաքում կայացած հանդիպմանը հայտարարել է. 

«Եթե ցանկանում ենք ինտերնետի ոլորտում աշխատել, այն անպայման պետք է մաքրել և առողջ դարձնել, հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք: Ինտերնետի ֆիլտրման գործում տարբեր միջոցներ կարելի է կիրառել։ Նախ՝ բառային տարբերակն է, երբ մի որոշակի բառի հանդիպելու դեպքում այդ էջն անմիջապես փակվում է օգտագործողի համար։ Կա նաև մի այլ ձև, երբ դուք ոչնչացնում եք անցանկալի կայքերն ու գրությունները: Իրանը ինտերնետի ֆիլտրման գործում արդեն լուրջ ուժ է դարձել աշխարհում, այն աստիճան, որ շատերին պարտադրել ենք համագործակցել մեզ հետ:

Օրինակ՝ մեզ հետ է համագործակցում Rapidshare հանրահայտ ընկերությունը: Մենք կայքերի անուններ ենք նրանց տրամադրում, նրանք էլ դրանք ոչնչացնում են: Երբ մենք Իրանում արգելափակեցինք Hot File ընկերության կայքը, նրանք անգամ սնանկացման եզրին հայտնվեցին և, ի վերջո, համաձայնվեցին համագործակցել մեզ հետ: Այդ թվում կարելի է նշել նաև Google ընկերությունը, որը, երբ Իրանում արգելափակվեց, մեզ հետ համաձայնություն ստորագրեց և ներկա դրությամբ օգնում է մեզ ինտերնետի ֆիլտրման գործում»:

Հետաքրքիր է, որ սա առաջին անգամ է, երբ հրապարակավ հայտարարվում է Իրանի հետ նմանօրինակ մեծ ընկերությունների համագործակցության մասին: 

Վերջին տարիներին մարդու իրավունքների պաշտպան բազմաթիվ կազմակերպություններ զգուշացնում էին այն մասին, որ Google-ը և նմանօրինակ հանրահայտ ընկերությունները ինտերնետի սահմանափակման գործում համագործակցում են Իրանի իշխանությունների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, February 14, 2011

Twitter սոցիալական կայքը Իրանի ցույցի պատճառով իր կայքի վերանորոգումը երկու օրով հետաձգեց

Twitter սոցիալական կայքի ղեկավարությունը հայտարարել է, որ իր կայքի վերանորոգումները փետրվարի 14-ին Իրանում կայանալիք ցույցերի պատճառով երկու օրով հետաձգել է:

Reuters գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ ԱԳ նախարարությունը դիմելով Twitter ընկերության ղեկավարներին, մատնանշելով Twitter-ի կարևորությանը, նրանցից խնդրել է, մի քանի օրով հետաձգել իր կայքի վերանորոգումները, որի պատճառով իրանցիները հնարավորություն կունենան հաղորդակցության մեջ մտնել միջազգային հանրության հետ:

Հատկանշական է, որ Twitter սոցիալական կայքը նման քայլի դիմեց նաև 2009-ին Իրանում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումի օրերին, երբ ժողովուրդը բողոքելով Իրանի նախագահական ընտրություններում տեղի ունեցած ընտրախախտումներին, բողոքի ցույցեր իրականացրին բազմաթիվ քաղաքներում:

Հարկ է նշել, որ ԱՄՆ ԱԳ նախարարությունը փետրվարի 14-ին Twitter կայքի միջոցով պարսկերեն լեզվով հաղորդակցության մեջ է մտել իրանի ժողովրդի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ պետդեպը Twitter-ով կապ է հաստատել Իրանի ժողովրդի հետ

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ, ԱՄՆ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Twitter սոցիալական կայքի միջոցով, պարսկերեն լեզվով հաղորդակցության մեջ է մտնելու Իրանի ցուցարարների հետ:

Արդեն ԱՄՆ ԱԳ նախարարությունը նոր միկրոբլոգ է բացել Twitter սոցիալական կայքում, հետևալ հասցեով. http://twitter.com/USAdarFarsi

ԱՄՆ ԱԳ նախարարությունը իր առաջին պատգամներում գրել է. «Իրանի իշխանությունները, ռեֆորմիստներին ցույցի իրավունք չտալով, ապացուցեց, որ Եգիպտոսի ժողովրդի գործողությունները, որը գնահատվել էր իրենց կողմից, չեն թույլատրվում Իրանի ժողովրդին: ԱՄՆ ԱԳ նախարարությունը սոցիալական կայքերի պատմական դերը գնահատելով, ցանկանում է մասնակցել ձեր քննարկումներին»:

Իրանի ռեֆորմիստական շարժումը հայտարարել է, որ փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 15:00-ին, բողոքի ցույց է իրականացնելու Իրանի մի քանի քաղաքներում: Իրանի ՆԳ նախարարությունը հիշյալ ցույցը իրականացնելու իրավունք չի տվել շարժման առաջնորդներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, February 04, 2011

Գրաֆիթի (Graffiti) արվեստի սիրահարներին

Մի քանի օր է, ինչ տարված եմ քաղաքական հարցերով, որը ինձ թույլ չեն տվել մի քիչ դուրս գալ իրավիճակից ու հեռանալ քաղաքականությունից: Մեկ է, բոլորս մի կերպ կապված ենք քաղաքականության հետ, բայց թե ասում են ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի:
Հիմա ես էլ փորձում եմ մի պահ հեռանալ քաղաքական աշխարից, ու գրել մի նոր թեմայի մասին:
Ուզում եմ մի նոր կայք ներկայացնել, որը կհետաքրքրի գրաֆիթի կոչված արվեստի սիրահարներին:
Մենք բոլորս, քիչ ու շատ ծանոթ ենք այդ արվեստի հետ ու գրեթե ամեն օր, մի կերպ տեսնում ենք պատերին կազմված գրաֆիթի նկարներ: Այս կայքը հետաքրքրելու է այն մարդկանց, ովքեր ցանկանում են նախ իրենց մտքին եկած թեման փորձարկեն, տեսնեն ինչպիսի կստացվի:
Ուրեմն կարող եք այցելել http://graffiti.playdo.com/ կայք ու ինչքա՜ն, որ ուզում եք գրաֆիթի պատկերներ ստեղծագործեք:
Հույսով, որ այդ կայքում ձեր մտահղացումները փորձարկելուց հետո, այսուհետ մեր քաղաքի պատերին ավելի որակյալ գրաֆիթիների ականատես կլինենք:
Բարի վայելում...

Tuesday, February 01, 2011

Իրանում արգելափակվեցին միջազգային լրատվական մի շարք կայքեր

Reuters գործակալությունը հաղորդել է, որ Իրանում արգելափակված կայքերի ցանկին ավելացել են Reuters և Yahoo News լրատվական կայքերը: Ըստ գործակալության՝ հունվարի 31-ից Իրանում հնարավորություն չկա այցելել նշված կայքերը:

Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո կայքերի արգելափակման գործընթացը խիստ տարածում գտավ: Այդ օրերին արգելափակվեցին BBC լրատվական կայքը ու բոլոր սոցիալական կայքերը՝ ինչպիսիք են Facebook, Twitter և Youtube կայքերը:

Ըստ Reurters-ի՝ Իրանում դեռ հնարավոր է այցելել Google News կայք:

Հարկ է նշել, որ թեև Իրանի իշխանությունները մեծ գումարներ են ծախսել երկրում ինտերնետը սահմանափակելու համար, բայց իրանցիները հնարավորություն ունեն հակաֆիլտր ծրագրերի միջոցով շրջանցել սահմանափակումներն ու կապ հաստատել արգելափակված կայքերի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, January 31, 2011

Պոռնոկայքեր պատրաստելու մեղադրանքով Իրանում երկու հոգի մահապատժի են դատապարտվել

Լուսանկարում՝ Սայիդ Մալեքփուր
Իրանական մարդու իրավունքների HRANA լրատու կայքի հաղորդմամբ, Թեհրանի դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ պոռնոկայքեր պատրաստելու մեղադրանքով մահապատժի դատապարտված երկու դատապարտյալների թղթածրարը հաստատվելու նպատակով ուղարկվել է Գերագույն դատական ատյան:
Ի դեպ, Թեհրանի դատախազը հրաժարվել է նշել հիշյալ երկու դատապարտյալների անունը, բայց, շրջանառվող լուրերի համաձայն, նրանց անուններն են Սայիդ Մալեքփուր և Վահիդ Ասղարի: 
Հարկ է նշել, որ Մալեքփուրի մահապատժի վճիռն արդեն տրվել է Թեհրանի հեղափոխական դատարանի 28-րդ դատաբաժնի դատավորի կողմից: 
Նա մեղադրվել է պոռնոկայքերի միջոցով իսլամական համակարգի տապալման օգտին աշխատանք ծավալելու, Աստծո և կրոնական սրբությունների դեմ մեղանչելու, երկրի առաջնորդին ու նախագահին անպատվելու, իսլամական համակարգի ընդդիմադիրների հետ կապ պահպանելու մեղադրանքներով:
Հունվարի 30-ին, Մալեքփուրի կինը՝ Ֆաթեմե Էֆթեխարին, BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, որ իր ամուսնու դատը տևել է ընդամենը 15 րոպե, ինչն անարդարացի է, մինչդեռ համակարգչային մասնագետի օգնությամբ հնարավոր կլիներ ապացուցել, որ իմ ամուսինը ոչ մի կապ չի ունեցել, պոռնոկայքերի ձևավորման հետ: 
Էֆթեխարիի հաղորդմամբ, ամուսինը իրեն վերագրած մեղադրանքներն ընդունել է խոշտանգումների արդյունքում:
Սայիկ Մալեքփուրը նաև Կանադայի քաղաքացի է, և այնտեղ զբաղվում էր կայքերի ծրագրավորմամբ: Երբ 2009-ին մեկնել էր Իրան, ձերբակալվել էր Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, January 28, 2011

Ադրբեջանցի հակերները ընդդեմ Gharabagh.com պարսկերենով աշխատող կայքի

Իրանահայության «Արաքս» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Ադրբեջանցի հակերները փորձել են կոտրել պարսկերեն լեզվով աշխատող Gharabagh.com կայքը, և նրանց հաջողվել է ժամանակավորապես շարքից հանել կայքը, բայց կայքի պատասխանատուների ջանքերով, կրկին վերսկսվել է կայքի աշխատանքները:
«Արաքս» շաբաթաթերթը անդրադառնալով այդ թեմային, հունվարի 27-ի գրել է. «Նորաստեղծ Garabagh.org պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում ջրի երես էր բերում թուրք-ադրբեջանական սուտերը, ղարաբաղյան ազատամարտի եւ մանավանդ Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանությունների ու նաև Խոջալուի դեպքերի մասին, հայտնվել է ադրբեջանցի հակերների նշանակետում:
Ընդամենը մի քանի օր աշխատած Garabagh.org-ը կարճ ժամանակում կարողացել էր բավական մեծ քանակով ընթերցողների հավաքել իր շուրջ, ինչը աննկատ չմնաց նաև պանթուրքիստների կողմից, այնպես որ ադրբեջանական լրատվական միջոցները եւ մանավանդ A.TV.-ին, որը սփռվում է տարբեր լեզուներով, ընդ որում նաեւ հայերենով եւ պարսկերենով անասելի լուտանքներ թափելով այս կայքէջի գլխին կարծես իր գործակալներին հրաման էր տալիս սկսեն իրենց ջախջախիչ գործունեությունը, որից ընդամենը քանի ժամ անց միանգամայն ջնջվեցին կայքէջի լուրերը ինչը մեծ ցավ կարող է պատճառել ազատատենչ յուրաքանչյուր մարդու:
Մեր հետապնդումների արդյունքում պարզվեց, որ շուտով վերականգնվելու է կայքէջի բնական գործունեությունը, որի առիթով շնորհավորում ենք կայքէջի աշխատակիցներին:»
Իսկ «Արաքս» շաբաթաթերթը արդեն հունվարի 28-ին տեղեկացրել է, որ կայքը արդեն սկսել է իր բնականոն աշխատանքը:
Հարկ է նշել, որ անցյալ տարվա ընթացքում, Ադրբեջանցի հակերները փորձեցին երկու անգամ կոտրել iranahayer.com կայքը, որը աշխատում է հայերեն և պարսկերեն լեզուներով: Այդ դեպքում էլ կայքի անձնակազմին հաջողվեց վերականգնել իր աշխատանքները ու շտկել կայքում առաջացած խախտումները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, January 20, 2011

Google-ը հանում է Իրանի դեմ պատժամիջոցները

CNN հեռուստաընկերության հաղորդմամբ, Google ընկերությունը հայտարարել է, թե իր մի շարք ծրագրերը, որոնք արգելափակված էին Իրանի համար, ազատ է դարձնելու:
Ըստ այդմ, Իրանում հնարավորություն չկա օգտվելու Google ընկերության մի շարք ծրագրերից, որոնցից են Google Chrome, Picasa, Google Earth հանրահայտ ծրագրերը: Google ընկերությունը, Իրանի դեմ սահմանված արևմտյան շրջափակումներին զուգահեռ, Իրանի համար արգելափակեց իր որոշ ծրագրերի օգտագործումը։ Սակայն, ընկերության հայտարարության համաձայն, Google-ը, ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ խորհրդակցելով, Իրանի ժողովրդի համար ազատ է դարձրել Google-ի ծրագրերն օգտագործելու իրավունքը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, January 12, 2011

Իրանում կուսակցություններն իրավունք չունեն օգտվել Facebook և Twitter սոցիալական կայքերից

Իրանի կուսակցությունների գործունեությունը կարգավորող հանձնաժողովը հայտարարել է, որ իրանական կուսակցություններին չի թույլատրվելու օգտվել Facebook և Twitter սոցիալական կայքերից:
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի կուսակցությունների հանձնաժողովի նախագահ Համիդռեզա Ֆուլադգարը հայտարարել է. «Նուրբ պատերազմի առկայության ու Իրանի ներկա իրավիճակի պատճառով քաղաքական կուսակցություններին արգելվում է օգտվել որևէ սոցիալական կայքից, ինչպիսիք են Facebook-ն ու Twitter-ը: Հետևաբար, կուսակցությունների գործունեության օրենսդրությունը փոփոխության պիտի ենթարկվի»։
Նշենք, որ կուսակցությունների գործունեության փոփոխված օրենսդրությունը պիտի երկրի խորհրդարանի կողմից վստահության քվե ստանա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական


Thursday, January 06, 2011

Երբ սոցիալական ցանցերը փրկեցին անտուն մարդուն

Կրկին անգամ սոցիալական ցանցերը հրաշք գործեցին, երբ նրանց միջոցով՝ մեկ օրվա ընթացքում փոխվեց «Թեդ Վիլիամզի» ճակարագիրը:
Օրեր առաջ մի անհատ փողոցում մի կարճ հարցազրույց է ունեցել Վիլիամզի հետ, եւ հետո այդ տեսանյութը Youtube կայքում տեղադրել է: Մի քանի ժամվա ընթացքում նրա տեսանյութը միլիոնավոր դիտող է ունեցել, հետո մի հոգի նրա ֆիլմը Reddit կայքում տեղադրել է «Թեժ» նյութերի բաժնում: Եւ այդպես շարունակվել է Վիլիամզի արագընթաց հաջողությունները:
Այդ բոլորից հետո բազմաթիվ ռադիոկայաններ նրան մնայուն աշխատանք են առաջարկել, նաեւ մի շարք ընկերություններ ցանկացել են, որ Վիլիամզը դառնա իրենց գովազդային հաղորդումների խոսնակը: Նաեւ որոշ երգիչներ, ցանկացել են Վիլիամզի հետ միասին մի քանի երգ ձայնագրեն:
Եւ այսպես, կրկին անգամ սոցիալական ցանցերը ապացուցեցին, որ կարեւոր դերակատարություն ունեն հասարակական ոլորտում:


Friday, December 31, 2010

«Առաջին լրատվականը» արժանացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի գլխավոր մրցանակի

Այսօր Մոսկվայի տանը կայացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Առաջին լրատվական»-ը յոթ այլ աշխատանքների հետ միասին արժանացավ գլխավոր մրցանակի և 300,000 դրամ պարգևի:

Հեղինակավոր այս մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ անգամ: Մրցույթ 2010-ի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի փորձագետներից և ոլորտում ընդգրկված փորձառու մասնագետներից բաղկացած ժյուրին դեկտեմբերի 16-27-ը երեք փուլով քվեարկել է ներկայացված 320 աշխատանքների օգտին, որոնցից լավագույններից էլ վերջին փուլում ընտրվել են ութ գլխավոր և ութ առաջին մրցանակակիրները, ինչպես նաև հաղթողներն ըստ անվանակարգերի, որոնք կներկայացնեն Հայաստանը էլ. բովանդակության միջազգային մրցույթում: 

Ժյուրին աշխատանքները գնահատել է համաձայն հետևյալ չափանիշների. 

• Բովանդակության որակն ու սպառիչ լինելը
•Օգտագործման դյուրինությունը և մատչելիությունը (ֆունկցիոնալ կատարելություն)
• Փոխներգործությամբ (ինտերակտիվություն) և մուլտիմեդիայով հագեցվածությունը
• Հրապուրիչ ձևավորումը (տեսքի/ձայնի գեղագիտական արժեքը)
• Վարպետության որակը (տեխնիկական իրականացումը)
•Ռազմավարական կարևորությունը Հայաստանում տեղեկատվական հասարակության գոյացման համար
• Մատչելիությունը համաձայն W3C կոնսորցիումի պայմանների

Կազմակերպիչների և հովանավորների կողմից այսօր պարգևատրվեցին և մրցանակները ստացան հետևյալ աշխատանքները.

Գլխավոր մրցանակ.
1in.am
Hrantmatevossian.org
Bergeturabian.com
Lezu.am
Parajanovmuseum.am
Doctors.am
Expo 2010, China Հայաստանի օնլայն տաղավարը
Bravo.am

Առաջին մրցանակ.
Hayeren.am
Teryan.am
Auto.am
Panorama.am
Babycare.am
Buybook.am
Ada.am
Menqhayenq.com

Ըստ անվանակարգերի.
1. Էլ. ուսուցում` avc-agbu.org
2. Էլ. մշակույթ` parajanovmuseum.am
3. Էլ. կառավարում` ada.am
4. Էլ. առողջապահություն` doctors.am
5. Էլ. բիզնես` auto.am
6. Էլ. ժամանց` bravo.am
7. Էլ. ներգրավվածություն` Expo 2010, China Հայաստանի օնլայն տաղավարը

Բացի դրանից, խրախուսական դիպլոմներ ստացան նաև մի շարք այլ կայքեր:

Ստացած մրցանակը խիստ պարտավորեցնող է մեր նորաստեղծ լրատվամիջոցի համար: Մինչ այդ տպավորիչ արդյունքներ էին արձանագրվել կայքի հաճախելիության առումով: Այսպես, հենց առաջին` նոյեմբեր, ամսվա ընթացքում մենք ունեցանք մոտ 60,000 այցելություն, ինչն աննախադեպ ցուցանիշ էր: Սակայն հենց հաջորդ` դեկտեմբեր, ամսվա արդյունքներով այցելությունները կրկնապատկվեցին` հասնելով մոտ 120,000-ի (տվյալներն ըստ circle.am-ի) և լրատվամիջոցների մեջ զբաղեցնելով պատվավոր 13-րդ հորիզոնականը (12-րդը հայաստանյան այցելությունների թվով):

Friday, December 17, 2010

Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեին՝ Twitter սոցիալական կայքում

Իրանի վերջին նախագահական ընտրություններից հետո Իրանում գրեթե բոլոր սոցիալական կայքերն արգելափակվեցին: Նախքան այդ էլ Իրանի իշխանությունները, ինտերնետի արագությունը նվազագույնի հասցնելով ու ընդդիմախոսների կայքերն արգելափակելով, ապացուցել էին, որ չեն խրախուսում ինտերնետի օգտագործումը:
Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական ու քաղաքական տարբեր խմբավորումներ լուրջ պայքար սկսեցին Facebook և Twitter սոցիալական կայքերում, որի արդյունքում Իրանի իշխանությունները արգելափակեցին հիշյալ երկու ու նաև նմանօրինակ այլ սոցիալական կայքերը:
Նման իրավիճակում պարզվում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Խամենեին, որը նախապես հիշյալ կայքերը գնահատել էր Արևմուտքի կողմից Իրանի դեմ ծավալվող «Նուրբ պայքարի» հիմնական միջոցներ, անձամբ անդամակցել է Twitter սոցիալական կայքին: Ըստ ապացույցների՝ Խամենեիի էջը հիմնվել է սույն տարվա ապրիլին և մինչև այս պահը ունի 848 հետևող. և միջին հաշվով, ամեն օր մի հոգի ավելանում է նրա էջին հետևողներին:
Այաթոլահ Խամենեիի անձնական էջը Twitter սոցիալական կայքում գտնվում է http://twitter.com/khamenei_ir հասցեում:

Friday, November 19, 2010

Ինչպե՞ս Facebook-ի էլ-Պոստ ստանալ

Ինչպես արդեն գիտեք, Facebook հասարակական ցանցը, մտադիր է իր բոլոր անդամներին Էլ-Պոստ տրամադրել, որը, ըստ մասնագետների համարվում է Gmail-ի գլխավոր մրցակիցը:
Այս պահին, Facebook-ի Էլ-Պոստ ստանալու համար, անպայման պիտի հրավեր ունենալ: Բայց կա եւս մի հնարավորություն: Դուք Facebook-ի Էլ-Պոստ ստանալու համար, պիտի հերթագրվեք եւ երբ ձեր հերթը հասնի, կստանաք Էլ-Պոստ ունենալու հրավեր: Հերթագրվելու համար, այցելեք այստեղ եւ սեղմեք ներքեւի կանաչ կոճակը:
Ուրեմն հերթագրվեք, որ ստանաք Facebook-ի Էլ-Պոստը:

Friday, November 12, 2010

Google -ն իր սխալներով պատերազմնե՞ր է առաջացնելու


Ըստ երեւոյթի, ինտերնետի տիտան կոչվող Google ընկերության բաց թողումները, սկսել է անհանգստություններ առաջացնել աշխարհում: Եթե հիշեք, օրեր առաջ հիշյալ ընկերության քարտեզային սխալի հետեւանքով, Նիկարագուայի բանակը հարձակվել է իր հարեւան Կոստա Ռիկայի վրա: Դրա գլխավոր դրդապատճառը Գուգլ ընկերության կողմից սխալ քարտեզավորումն էր: [+]
Ահա, օրեր անց, Գուգլը նույն սխալն է թույլ տվել Սպանիայի եւ Մորակոյի հանդեպ: Գուգլի քարտեզում, Սպանիային պատկանող «Perejil» կղզին հայտնվել է Մորակոյի հողային սահմաններում: [+ , +]
Հիշյալ կղզին, արդեն տարիներ է, որ վիճաբանությունների առիթ է առաջացրել Սպանիայի եւ Մորակոյի միջեւ: 2002 թ. -ին Սպանիան ռազմական հարձակում գործեց այդ կղզիի վրա եւ այնտեղից տարհանեց Մորակոյի բանակը: [+]
«Perejil» կղզին, որը ոչ մարդաբնակ է ու միայն 200 քմ է, 2004 թվականին, ԱՄՆ-ի միջնորդությամբ, այլեւս չի պատկանում ոչ մի երկրի:

Հնարավոր է, որ նմանօրինակ սխալները, լոկ սովորական բացթողումներ լինեն, բայց հենց այնպես, որ վերջին երկու դեպքերն են ապացուցում, այսօրվա աշխարհն արդեն շատ ավելի է փխրուն դարձել, ու եթե նման բացթողումները շարունակվեն, հավանական է լուրջ միջադեպերի ականատեսը լինենք աշխարհում:


Հ.Գ. Ի դեպ հարկ է նշել, որ որոշ երկրներին նաեւ դուր է գալիս Գուգլի սխալները, այն ինչ հայտնի դարձավ Նիկարագուայի խնդրում: [+]

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը