Thursday, April 26, 2007

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՄԵԾ ԱՐԵՎԵԼՔԻ» ՄԱՍՈՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՋԱՏԱԳՈՎ ԵՆ

Ու հայկական քաղաքական գործիչներին էլ չե՞ն ճանաչում

«Ազգը» տեղեկացրել էր, որ օրերս Հայաստան են պատրաստվում այցելել մասոնական բավականին հայտնի օթյակի ներկայացուցիչներ` հայաստանյան նմանօրինակ կառույցը վերակազմավորելու համար: Երեւանում, սակայն, մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Ֆերեն եւ ուխտի խորհրդական, մասոնական պատվիրակության ներկայացուցիչ Գի Ակոբյանը հավաստիացրեցին, թե Հայաստան այցելությունը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եւ ընդհանրապես ցեղասպանության անթույլատրելիության ու նման հանցագործությունների դատապարտումը կարեւորելու հետ:
Ներկայացնելով սեփական կազմակերպությունը` Կլոդ Գեյդանը նշեց, որ Ֆրանսիայի «Մեծ Արեւելքը» ստեղծվել է դեռեւս 18-րդ դարում` ֆրանսիական լուսավորիչների դարաշրջանում, ունի մոտ 50 հզ. անդամ, գործում է ընդհանուր եղբայրության մթնոլորտում, նախընտրում է խղճի բացարձակ ազատությունը` որպես աշխարհիկ մոտեցման դրսեւորում: Հետաքրքրական է, որ, Գեյդանի խոսքերով, «Մեծ Արեւելքը» քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ էլ գործարարությամբ, այլ միայն «ազատության, հավասարության, եղբայրության գաղափարների» տարածմամբ` կրոնական հանդուրժողականության համատեքստում: Ընդ որում, հենց այս մոտեցմամբ է, որ «Մեծ Արեւելքը», մասոնների հավաստմամբ, իրենց գործունեության շրջանակներում պայքարում են նաեւ ցեղասպանությունների դեմ:
Ինչպես վկայեց 3-րդ մեծ վարպետ Ժորժ Ֆերեն, «Մեծ Արեւելքի» մասոնների համար հարց չէ, թե եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանությունը, այլ դա փաստ է: «20-րդ դարասկզբին տեղի ունեցածը Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի բնաջնջման քաղաքականություն էր, եւ այսօր ցեղասպանության ժխտումը մաս է հենց այդ ցեղասպանության», ասուլիսում նշեց Ֆերեն` ավելացնելով, որ այդ ժխտումը գալիս է Թուրքիայից ինչպես դիվանագիտությամբ, այնպես էլ շանտաժով:
Ավելին, ցեղասպանությանը մասնակից մասոնները եւս ենթակա են դատապարտման, իսկ ներկայումս Թուրքիայում գործող մասոնական կազմակերպությունների հետ հանդիպումներում «Մեծ Արեւելքը» բազմիցս կոչ է արել ճանաչելու ցեղասպանությունը: Ընդ որում, ֆրանսիացի մասոնները չեն ցանկանում համագործակցել այն կառուցների հետ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
«Մեծ Արեւելքի» մասոնները իրենց իսկ խնդրանքով եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի աջակցությամբ հանդիպել էին Հայաստանում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, իսկ որեւէ այլ մեկի` քաղաքական գործչի կամ թեկուզ հայ մասոնի հետ հանդիպման մասին «Ազգի» հարցին ասուլիսի մասնակիցները միաձայն պնդեցին, որ այլ հանդիպումներ ուղղակի չեն եղել: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում եւ հայաստանյան քաղաքական գործիչներին չեմ ճանաչում», թերեւս «Ազգի» հարցին ի պատասխան ասաց Կլոդ Գեյդանը: Մասոնները նշեցին նաեւ, որ Հայաստանում չկա իրենց հետ համագործակցող մասոնական կառույց:
Եվ քանի որ «Մեծ Արեւելքը» գաղտնի չի գործում` ի հակադրություն մասոնական այլ կառույցներին շրջապատող գաղտնիության, «Ազգը» հետաքրքրվեց, թե ինչով է դա պայմանավորված` ավելի պակաս կարեւորություն ունենալով կամ էլ թե համաշխարհային հարցերում փոքր դերակատարությամբ: Կլոդ Գեյդանի խոսքերով, «Մեծ Արեւելքը» ավելի շուտ համեստ է եւ ոչ թե գաղտնի, չնայած կան ֆրանսիական մասոնական կազմակերպություններ` այդ գաղտնիությամբ պատված: Հետաքրքրական է, որ ամեն տեղ «մատը խառն» անգլո-սաքսոնական մասոնականության հետ, Գեյդանի վկայությամբ, «Մեծ Արեւելքը» կապ չունի:
Մեր հետաքրքրությանը, թե արդյոք անգլո-սաքսոնական մասոնականությունն առավել հզոր է իր ազդեցությամբ, «Մեծ Արեւելքի» ներկայացուցիչները պարզաբանեցին, որ մասոնականությունը նման է քաղաքականությանը, որի իրականացման հարցում կարող են տարբեր լինել ճանապարհները: Ընդ որում, «Մեծ Արեւելքը» միջամտում է գաղափարական հարցերին ու հասարակության խնդիրներին` սով, աղքատություն, երիտասարդության հարցեր, հաշմանդամներ, ցեղասպանություն եւ այլն` հեռու մնալով քաղաքական հարցերին միջամտելուց:
Ամեն դեպքում, «Մեծ Արեւելքի» ուխտի խորհրդական Գի Ակոբյանի մատուցմամբ, երբ դառնում ես ֆրանսիական մասոնականության անդամ, «մետաղները թողնում ես դռնից դուրս», մետաղ ասելիս ընկալելով կրոն, գաղափարներ, քաղաքական տեսակետներ, նյութական հարստություն եւ այլն: «Միգուցե կան այնպիսի մասոնական օթյակներ, որոնց անդամները չեն թողնում նյութական հարստությունը», ավելի շուտ վստահություն չհայտնելու համար կարծիք հայտնեց Ակոբյանը:
Առավել հետաքրքրական է այն, որ սեփական վկայությամբ, ֆրանսիական «Մեծ Արեւելքի» մասոնականությունը չի լինում դիկտատուրայի երկրներում: Եվ քանի որ այցելել են Հայաստան, այն համարում են ժողովրդավարական: Իսկ թե արդյոք դա կբերի մասոնական կառույցի հիմնմանը Հայաստանում, ընդգծելով, որ ձգտում են ունիվերսալ եղբայրության աշխարհում, Ժորժ Ֆերեն կրկնեց, որ Երեւան են եկել ցեղասպանության 92-րդ տարելիցի, այլ ոչ մասոնական կառույց ստեղծելու համար:
Վերջում էլ ի գիտություն մասոնները տեղեկացրեցին, որ հունիսի 2-3-ին Ստասբուրգում հավաքվելու են մասոնական հավաքի` քննարկելու աշխարհիս ամենակարեւոր հարցերը` սովից մինչեւ Եվրոպայի բարեփոխման հնարավորություններ:



ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Sunday, April 15, 2007

Ապրիլի 6-ը եւ ռուսական խայթը

Անցեալ շաբաթւայ ընթացքում, երբ իր աւարտին էին հասնում իրանական նոր տարւայ արձակուրդները, ռուսական որոշ լրատւամիջոցներ շեփորեցին, թէ ԱՄՆ-ն պատրաստւում է ապրիլի 6-ի առաւօտեան ժամը 4-ին հարւածել Իրանի ատոմական մի քանի կենտրոններ, որը պէտք է շարունակւէր շուրջ 12 ժամ: Ըստ ռուսական լրատու ցանցերի յայտարարութեան՝ այդ յարձակումը պիտի անւանւէր «Խայթ»:Մի քանի օր նախքան յայտարարած ժամկէտը՝ այդ շշուկը տարբեր միջոցներով տարածւեց ժողովրդի լայն զանգւածի մէջ ու որոշ առհասարակ քաղաքական խաղերին անծանօթ խաւերի մօտ մտահոգութիւն առաջացրեց:

Այս տեսակ շշուկներ մի քանի տարի է, որ անընդհատ տարածւում են Իրանի դէմ՝ ժողովրդին սարսափի մատնելու եւ իշխանութեանը իր ատոմական ծրագրերից յետ մղելու նպատակով: Բայց, այս անգամ կարելի է ասել, որ տարածւած շշուկը տարբեր բնոյթ ունէր: Դրա իւրայատկութիւնն այն էր, որ այս անգամ այսպէս ասած՝ Իրանի դէմ ԱՄՆ-ի ռազմական յարձակման շշուկը տարածել են ոչ թէ ամերիկեան ու անգլիական լրատւամիջոցները, որոնք ըստ տւեալների՝ կատարում են գրեթէ ամէն ամիս, այլ՝ ռուսական լրատու գործակալութիւնները, որոնց իշխանութիւնը ճանաչւած է որպէս Իրանի դաշնակից:Բոլորի համար հարց է առաջանում, թէ ինչու Ռուսաստանը այս անգամ դարձաւ Իրանի դէմ շշուկներ տարածող կենտրոնը:Պարզ յայտնի է, որ Խ. Միութեան փլուզումից յետոյ՝ Ռուսաստանը փորձում է վերագտնել իր նախկին գերակշիռ դերը՝ Միջին Արեւելքում եւ այն պահին, որ Իրանը Եւրոմիութեան հետ մէկ սեղանի շուրջ բանակցում է իր ատոմական աշխատանքների մասին, Ռուսաստանը իր տարածաշրջանային դերն ու շահերը կորցրած տեսնելով՝ մուտք է գործում որպէս միջնորդ: Երբ Եւրոմիութեան հետ Իրանի բանակցութիւնները փակուղու են հասել եւ ԱՄՆ-ի իշխանութիւնն էլ իր դիրքերը յայտնելով՝ պարզել է, որ դեռ մտադիր չէ ատոմական խնդրում ուղղակի բանակցել Իրանի հետ, Ռուսաստանն այս ոլորտում իրեն գտնում է միահեծան ու փորձում է օգտւել ամէն միջոցից՝ այդ դերը պահպանելու համար: Դրա աչքառու փաստն այն է, որ Ռուսաստանը դեռ չի աւարտել Բուշեհր քաղաքի ատոմակայանի իր խոստումները ու այդ կենտրոնի ատոմական վառելանիւթը պատանդ է Ռուսաստանում:Ռուսական տարածած շշուկը նաեւ առաջացրեց այն հարցը, թէ արդեօք ԱՄՆ-ն հարւածելո՞ւ է Իրանին եւ կամ ի՞նչ պայմաններում է, որ ԱՄՆ-ն կը դիմի ռազմական յարձակման:

Ըստ երեւոյթին, ամերիկացի նորպահպանողականները ցանկութիւն չունեն մօտ ապագայում մի այլ ճակատում պատերազմ սկսել, այն էլ Իրանի նման մի երկրի դէմ, որը ո՛չ Աֆղանստան է, եւ ո՛չ Իրաք: Բայց, եթէ ուզենք մտածել այդ ուղղութեամբ, պիտի ասել, թէ դրդապատճառներից մէկը, որ կարող է դրդել ԱՄՆ-ին Իրանի դէմ ռազմական յարձակում իրագործելու, այն կարող է լինել, որ Իրանը յայտարարի, թէ մտադիր է ատոմական ռումբ փորձարկել եւ կամ Ամերիկայում տեղի ունենայ մի ահաբեկչութիւն՝ սեպտ. 11-ի օրինակով եւ պարզւի, որ դրա յետեւում ներկայ է Իրանը: Հաւանական յարձակման դրդապատճառները բազմաթիւ կարող են լինել, բայց թէ արդեօք ներկայում ԱՄՆ-ում կա՞յ նոր պատերազմի տրամադրութիւն՝ պիտի ասել՝ ո՛չ:Խորքում ի՞նչ է Իրան-ԱՄՆ հակասութիւնը: Արդեօք Ատոմական Իրանը այնքա՞ն սպառնալիք է ԱՄՆ-ի համար, որ դա կանխելու նպատակով՝ Ամերիկան դիմի նոր պատերազմի: Արդեօք մեր տարածաշրջանում ատոմական Իրանը, որ ոչ մի հակամարտութիւն չունի իր հարեւան երկրների հետ, աւելի՞ ապառնալիք է՝ քան ատոմական Պակիստանը, Հնդկաստանը եւ Իսրայէլը, որոնք հողային հիմնական հարցեր ունեն իրենց հարեւան երկրների հետ: Մի պահ մտաբերենք, թէ ծայրայեղ մահմեդականները որ երկրներում են թրծւում՝ Իրանո՞ւմ թէ՝ Սաուդական Արաբիայում, Պակիստանում, Եգիպտոսում, Աֆղանստանում:Իմ կարծիքով՝ Ամերիկային երբեք չի մտահոգում ատոմական Իրանը, անգամ եթէ Իրանը ձեռք բերի ատոմական ռումբ, այլ ԱՄՆ-ին մտահոգում է հզօր եւ ուժեղ Իրանը: Բոլորը գիտեն, որ այս աշխարհում որեւէ երկրի համար դիւրին չէ իր թշնամու դէմ ատոմական ռումբի օգտագործումը, ուրեմն՝ ատոմական գիտութեանը ձգտող Իրանն է, որ մտահոգում է ԱՄՆ-ին:Աշխարհի գոյատեւման առաջին ազդակը էներգիան է, եւ նա է ուժեղ ու հզօր, որն իր ձեռքում առատօրէն ունի այդ կարեւոր ազդակի աղբիւրները: Ըստ գիտնականների յայտարարութեան՝ առաջիկայ հարիւր տարւայ ընթացքում քարիւղը հասնելու է իր աւարտին, անգամ եթէ բոլորովին չսպառւի, քանակապէս այնքան կը նւազի, որ այլեւս դերակատար չի լինի՝ որպէս տնտեսական ու քաղաքական ուժի ազդակ:Իրանը դա քաջ գիտակցում է ու ամէն գնով փորձում է ձեռք բերել ապագայի տնտեսա-քաղաքական ուժի ազդակի գիտութիւնը: Արդեօք եթէ Իրանը մտադիր լինէր ատոմական ռումբով ոչնչացնել Իսրայէլը կամ հարւածել Ամերիկային, այն, ինչ ամէն օր քարոզում են արեւմտեան լրատւամիջոցները, աւելի դիւրին չէ՞ր, եթէ իր նաւթային մեծ եկամուտով տարեկան մի քանի ատոմական մարտագլխիկներ գնէր ատոմական սեւ շուկայից ու դրանցով իրագործէր իր նպատակը եւ բոլորին անակնկալի բերէր:

Ուրեմն՝ Իրանը ձգտում է ապահովել ապագան՝ ձեռք բերելով այն գիտութիւնը, որ փոխարինելու է այսօրւայ ուժի ազդակին՝ նաւթին:ԱՄՆ-ն ամէն միջոցից օգտւում է, որ խոչընդոտներ առաջացնի Իրանի համար, օրինակ՝ ցեղային փոքրամասնութիւններին կառավարութեան դէմ ոտքի հանելով, զանազան միջազգային դատարանների միջոցով Իրանի դէմ դատ յարուցելով, տնտեսական բոյկոտներ առաջացնելով, բանկային յարաբերութիւնները խզելով եւ այլն: Ճիշտ է, որ այս բոլորը ներքին առումով ցնցում է առաջացնում երկրում, բայց այս պահին նահանջն էլ շահ չի ունենայ Իրանի համար: Այս բոլորի ելքը, օրինակի համար, կարող է լինել երկկողմ բանակցութիւն՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ, այն, ինչ որ, ըստ երեւոյթին, երկու երկրների ղեկավարութեան ցանկութիւնն է՝ թաքնւած ամենօրեայ երկկողմ ամբաստանութիւնների յետեւ:Ամերիկայի իշխանութիւնը նրանով հանդերձ, որ օգտւեց ռուսական ապրիլմէկեան սուտից, բայց, ըստ ամենայնի, չի ցանկանում, որ այս ընթացքում նաեւ հզօր դիրք գրաւի Ռուսաստանը եւ կարծես դա էր պատճառը, որ ամերիկեան լրատւամիջոցները լուր տարածեցին, թէ մօտ ապագայում Իրանի եւ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են միմեանց՝ Իրաքի խնդրի մասին բանակցելու նպատակով:Բանակցութիւնն է կարեւոր. թէ դրա թեման ինչ է լինելու՝ դա երկրորդական է:

Ալիքի Էջերում....

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը