Monday, February 28, 2011

Մոթաքիի նոր բացահայտումները Իրան-Սենեգալ հարաբերությունների մասին

Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին պաշտոնապես հայտարարել է իր քաղաքական աշխատանքների գրասենյակի բացման մասին:

Կայքի համաձայն, Մոթաքին լրագրողների ներկայությամբ բացել է իր հիմնադրած գրասենյակը, որտեղ պետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ:

Հիշյալ գրասենյակի բացման արարողության ընթացքում Մոթաքին մամլո ասուլիս է ունեցել: Անդրադառնալով Իրանի հետ Սենեգալի դիվանագիտական հարաբերությունները խզելու փաստին՝ նա հայտարարել է. «Արևմտյան մի շարք երկրներ ամիսներ շարունակ Սենեգալի իշխանություններին ճնշում էին՝ ստիպելով խզել հարաբերությունները Իրանի հետ: Այդ պատճառով ինձ՝ որպես Իրանի ԱԳ նախարարի, խնդիրներին լուծում տալու նպատակով նախագահ Ահմադինեժադը ուղարկեց Սենեգալ: Նույն պահին եվրոպացի երեք դիվանագետ էլ էին գտնվում Սենեգալում, որոնք զուգահեռաբար աշխատում էին Սենեգալի իշխանություններին համոզել խզելու կապերը Իրանի հետ»:

Asr Iran կաքի մեկնաբանությամբ՝ «Առաջին անգամ է բացահայտվում, որ Սենեգալում եվրոպացի դիվանագետները զուգահեռ աշխատում էին Իրանի դեմ: Բայց հետաքրքիրն այն է, որ հենց այդ պահին, երբ ԱԳ նախարարը գտնվում էր նմանօրինակ բարդ իրավիճակում ու փորձում էր պաշտպանել Իրանի շահերը, Իրանի նախագահը պաշտոնազրկում է Մոթաքիին և, դրանով իսկ բանակցությունները ի չիք դարձնելով, դրական ենթահող պատրաստում եվրոպացի դիվանագետների համար»:

Հարկ է նշել, որ Սենեգալի իշխանությունները Իրանին մեղադրել են Սենեգալի անջատողականներին զինամթերք մատակարարելու գործում, երբ պարզվել է, որ Նիգերիայում բացահայտված իրանական ապօրինի զինամթերքի հիմնական ուղղությունը Գամբիան է, որտեղ, ըստ Սենեգալի իշխանությունների, տեղակայված են Սենեգալի անջատողական ապստամբները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ադրբեջանի սահմանապահները դժվարություններ են առաջացնում իրանցիների համար

Իրանական Javan օրաթերթի փոխանցմամբ, Ադրբեջանի դպրոցներում իսլամական հիջաբի օգտագործման արգելքի դեմ իրանցիների իրականացրած բողոքի ցույցերից հետո, Ադրբեջանի սահմանապահներն ու մաքսային ծառայությունները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այն իրանցիների համար, որոնք փորձում են ճամփորդել դեպի Ադրբեջան:

Օրաթերթի մատուցմամբ, Ադրբեջանի սահմանապահները անհիմն կասկածներով իրանցիներին ժամեր շարունակ պահում են սահմանին, նույնիսկ նրանց քննում, իսկ ապրանքը խուզարկում:

Javan-ի համոզմամբ, իրանցիների բողոքի ցույցերի պատճառով Ադրբեջանի Հանրապետությունը կարծես մտադրվել է վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունեցած իր դրական հարաբերությունները:

َԱրթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Ղարաբաղի ազատագրումը բոլոր իրանցիների երազանքն է»

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, Արդաբիլ քաղաքի կրոնական առաջնորդը ուրբաթօրյա նամազի ընթացքում ունեցած ելույթում, անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններին, հայտարարել է. «Չնայած Եգիպտոսում ժողովուրդը Մուբարաքի վարչակարգը փլուզեց, բայց այսօր Բաքվում դեռ կանգուն են Մուբարաքի արձանները»:

Արդաբիլ քաղաքի կրոնական առաջնորդ Հոջաթոլիսլամ Հասան Ամելին իր ելույթում անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններին ու ավելացրել. «Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մեթյու Բրայզան, Բաքվում գինու գավաթ է բարձրացրել և Ադրբեջանի ժողովրդի կենացը խմել: Նա այդ արարքով անարգել է Ադրբեջանի ժողովրդին: Բրայզան, որը տարիներ շարունակ Մինսկի խմբի անդամ է եղել, երբեք չի հայտարարել, որ Ղարաբաղը օկուպացվել է հայերի կողմից»:

Հոջաթոլիսլամ Ամելին, հիշելով Խոջալուի իրադարձության տարելիցը, ասել է. «Մենք՝ որպես մուսուլման, դատապարտում ենք Խոջալուի ջարդերը: Ղարաբաղի, այնտեղի մզկիթների ազատագրումն ու փախստականների վերադարձը բոլոր իրանցիների երազանքն է: Խոջալուի դեպքերում ակնառու դերակատարություն են ունեցել Թուրքիայի «Էրգենեկոն» խմբակցության անդամները: Բացահայտված փաստերի համաձայն, Թուրքիայի ծայրահեղականները, երբ Խոջալուն շրջապատվել է հայկական ուժերի կողմից, թույլ չեն տվել օգնություն հասնել քաղաքացիներին: Նրանք Խոջալիի անկման միջոցով փորձել են Այազ Մութալիբովի կառավարությունը փլուզել ու գործի գլուխ բերել պանթուրքիստական գաղափարներին հավատարիմ Աբուլֆազ Էլչիբեյին: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանի ժողովուրդը չի բողոքում իր ազգային դավաճանների դեմ:

Նաև մի հարց կա, որը դեռ չի գտել իր պատասխանը. ինչո՞ւ Ադրբեջանի ծայրահեղ հակաիրանական ուժերը, երբ 90-ականներին Իրանը փորձեց միջամտել Ղարաբաղի հարցին ու վերջ դնել այդ հակամարտությանը, իրենց արարքներով ապարդյուն դարձրին Իրանի ջանքերը, որի արդյունքում էլ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Ադրբեջանի հողերի 20 %-ը գրավվեցին հայերի կողմից»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրանը Լիբիայում ռազմական հենակայաններ ունի»

Al Arabiya հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը Լիբիայում մի քանի ռազմական հենակայաններ ունի, որոնք վերջին ցույցերի պատճառով հնարավորություն չկա դուրս գալ Լիբիայից:

Al Arabiya-ին այդ մասին հայտնել է Իրանի պահակազորի մի գնդապետ, որը չի ցանկացել բացահայտվել: Ըստ հիշյալ աղբյուրի՝ Իրանը Լիբիայի հարավում մի քանի ռազմական հենակայաններ ունի, որոնք, Լիբիայի իշխանությունների հետ համաձայնության արդյունքում, աշխատում են նավթային ընկերության անվան տակ: Հիշյալ աղբյուրի մատուցմամբ, իրանական ռազմական հենակայանները զինամթերք են մատակարարում Աֆրիկայի արևմտյան և կենտրոնական երկրների ապստամբներին։ Այժմ, վերջին իրադարձությունների արդյունքում, Իրանի պահակազորի մոտ 500 անդամները փակվել են Լիբիայում և հնարավորություն չունեն դուրս գալու ու երկրից հանելու իրենց սարքավորումները:

Al Arabiya-ի համաձայն, Իրանի պահակազորի ռազմական հենակայանները գտնվում են Լիբիայի՝ Չադի և Նիգերիայի հետ ունեցած սահմանագծին: Իրանական աղբյուրի փոխանցած տեղեկության համաձայն, Իրանի և Լիբիայի ռազմական համագործակցությունը սկիզբ է առել 2006 թվականին, երբ Իրանում նախագահ դարձավ Մահմուդ Ահմադինեժադը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մուսավիի և Քարուբիի կալանավորումը ապացուցում է իշխանության անճարությունը

Իրանի բարձրաստիճան կրոնական առաջնորդ Այաթոլլահ Սանեին, իր կայքում անդրադառնալով ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիի և Մեհդի Քարուբիի կալանավորությանը, հայտարարել է. 

«30 տարի անց իսլամական հեղափոխությունից, որի լոզունգն էր ազատությունն ու իսլամական օրենքների վրա հիմնված հանրապետությունը, ականատես ենք քաղաքական ընդդիմադիրների դեմ մի շարք ոչ մարդկային ու ոչ իսլամական հարձակումների: Մենք ականատես են, թե ինչպես երկրին ծառայող անհատներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին, առանց դատավարության (գոնե ցուցադրական), կալանքի տակ են և զրկվել են մարդկային տարրական իրավունքներից: 

Ցավալի է, որ ոմանք, ընդդիմադիրների խոսքերը սուտ և հերյուրանք համարելով, անգամ իրենց լծի տակ ունեցած ամբողջ քարոզչական համակարգն օգտագործելով անկարող են բացահայտ ու արդար դատ իրականացնել, որտեղ ընդդիմադիրները հնարավորություն կունենան պաշտպանվելու, և վերջում ժողովուրդը կկողմնորոշվի, թե ով է իրավացի»:

Հարկ է նշել, որ Այաթոլլահ Սանեին համարվում է Իրանի ազդեցիկ ու բարձրագույն կրոնական առաջնորդներից, որը ռեֆորմիստական հայացքներ ունի:

(Լուսանկարում աջից՝ Այաթոլլահ Սանեին)

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բուշեհրի ատոմակայանի աշխատանքների ավարտի սկիզբը

Ամերիկյան The New York Times օրաթերթը, անդրադառնալով իրանական ատոմակայանի մասին շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Իրանը վառելանյութը հանել է Բուշեհրի ատոմակայանի ռեակտորներից, գրել է. 

«Այս ամսվա ընթացքում Իրանը պետք է շահագործման հանձներ Բուշեհրի ատոմակայանը, որի արտադրած էլեկտրաէներգիան պիտի շրջանառվեր Իրանի էլեկտրացանցում: Իսկ այս պահին հայտարարվել է, թե Իրանը կանգնեցրել է Բուշեհրի ատոմակայանը և վառելանյութը հանել ռեակտորներից: Արդյոք դա դիվերսիոն գործողության արդյունքո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ շահագործման հանձնելու գործում լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ գուցե դա պետք է համարել Բուշեհրի ատոմակայանի աշխատանքների ավարտի սկի՞զբը: 

Մասնագետների համոզմամբ, Բուշեհրի ատոմակայանի աշխատանքներին լուրջ վտանգ է սպառնում, և ռեակտորից 163 վառելաձողերի դուրսբերումը մեծ ամոթանք կարող է լինել Իրանի համար: 

Լուրջ խոսակցություններ են գնում, որ համակարգչային Stuxnet վիրուսը մեծ վնասներ է հասցրել ատոմակայանին, և այդ խոսակցությունները կարծես թե հաստատվում են, երբ Իրանը վառելանյութը դուրս է հանում ռեակտորից»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը Ռուսաստանի պահանջով է դադարեցրել Բուշեհրի միջուկային ռեակտորի աշխատանքները

ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն իրանական ISNA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի պահանջով է վառելանյութը հանել Բուշեհրի ռեակտորից:

Ըստ Սոլթանիեի՝ «Բուշեհրի ատոմակայանում մի շարք հետազոտություններ իրականացնելու նպատակով, Ռուսաստանի պահանջով, Իրանը համաձայնել է ռեակտորից հանել ուրանի վառելանյութը: Բուշեհրի ատոմակայանի անվտանգության ապահովումը վստահվել է Ռուսաստանին, իսկ նրանք ցանկացել են, նախքան ռեակտորի շահագործումը, վերջնական ստուգումներ իրականացնել, որից հետո կրկին վառելանյութը կտեղադրվի Բուշեհրի ռեակտորում: Այս ամբողջ գործընթացը կատարվում է ՄԱԳԱՏԵ-ի ուղղակի վերահսկողության ներքո»:

Հարկ է նշել, որ Սոլթանիեն իր զրույցի ընթացքում չի բացահայտել Ռուսաստանի կողմից իրականացվող ստուգումների հիմնական դրդապատճառը: Օրեր առաջ ռուս մասնագետները մտահոգություն էին հայտնել Բուշեհրի ատոմակայանի աշխատանքների մասին: Նրանց համոզմամբ, համակարգչային Stuxnet վիրուսը հավանաբար վնասել է Բուշեհրի ատոմակայանի անվտանգության համակարգը, և հնարավոր է, որ դրա հետևանքով Բուշեհրի ատոմակայանը մատնվի Չեռնոբիլի ճակատագրին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական «IRAN-140» ինքնաթիռները կարտահանվեն միջազգային շուկա

Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Մանուչեհր Մանթեղին հայտարարել է. «Իրանի ավիացիայի արդյունաբերությունը հաջողել է եվրոպական և ամերիկյան ստանդարտները ստանալ և զարգանալ այն մակարդակի, որ կարող է տարեկան իր արտադրության 20%-ը հատկացնել միջազգային պահանջարկին»:

Մանթեղին, անդրադառնալով իրանական «IRAN-140» ինքնաթիռների արտադրությանը, հայտարարել է, որ Իրանը մտադիր է այդ ինքնաթիռները արտահանել միջազգային շուկա: Մաթեղիի մատուցմամբ. «Հիշյալ ինքնաթիռները շատ լավ արդյունքներ են գրանցել, և դրանցից օգտվող բոլոր ընկերությունները գոհ են ինքնաթիռների աշխատանքից»:

Հարկ է նշել, որ Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավարը չբացահայտեց, թե ո՞ր երկրներն ու ընկերություններն են «IRAN-140» ինքնաթիռները գնելու հայտ ներկայացրել: Լուրերի համաձայն, անցյալ տարվա ընթացքում միայն սիրիական մի ընկերություն էր հայտ ներկայացրել հիշյալ ինքնաթիռներից իր չվերթներում օգտագործելու նպատակով:

«IRAN-140» ինքնաթիռները ուկրաինական «Անտոնով» ինքնաթիռների բարեկարգված տեսակն գեն, և Իրանը, 90-ականներին ուկրաինական ընկերության հետ համաձայնություն ստորագրելով, թույլտվություն ստացավ արտադրել «Անտոնով» մակնիշի ինքնաթիռներ:

Այս պահին «IRAN-140» ինքնաթիռները շահագործվում են իրանական Iran Air Tour և Safiran ավիաընկերությունների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ռեֆորմիստները մարտի 1-ին ցույցի են պատրաստվում

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի ռեֆորմիստները պատրաստվում են մինչև իրանական տարվա ավարտը ամեն երեքշաբթի ցույց անցկացնել: Հիշյալ «բողոքի երեքշաբթիներից» առաջինը տեղի կունենա մարտի 1-ին, որը նաև ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի ծննդյան օր է:

Ռեֆորմիստ շարժման լրատվական կայքերը հաղորդում են, որ մարտի 1-ին ակտիվիստները մտադիր են մայրաքաղաքի Էնղելաբ հրապարակից մինչև Ազադի՝ Ազատության հրապարակ երթ անցկացնել և այդ ընթացքում անցնել նաև Միր Հուսեյն Մուսավիի տան ուտերքով, որտեղ կալանքի տակ է պահվում առաջնորդը, թեև, ականատեսների վկայությամբ, նրան արդեն տեղափոխել են անհայտ ուղղությամբ:

Իրանցի ակտիվիստները մարտի 1-ի ցույցը կազմակերպել են ընդդեմ ռեֆորմիստական շարժման առաջնորդների ոչ պաշտոնական ձերբակալության և իշխանություններից պահանջելու են նրանց ազատությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներին տեղափոխել են անհայտ ուղղությամբ

Իրանական Saham News լրատվական կայքը հաղորդում է, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին, որոնք տնային կալանքի մեջ էին, անվտանգության ուժերի կողմից դուրս են բերվել տնից ու տեղափոխվել անհայտ ուղղությամբ:

Մեհդի Քարուբիի որդին Saham News-ին հաղորդել է. «Ինձ հաջողվել է ականատես հարևաններից պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել. անվտանգության ծառայությունները հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, ձերբակալված ծնողներիս տարել են տնից: Հիմա պարզ է, թե ինչու նույն օրը մայրաքաղաքում դե-ֆակտո արտակարգ իրավիճակ էր տիրում»:

Շրջանառվող լուրերի համաձայն, ռեֆորմիստական մյուս առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին ու նրա կինն էլ են նույն ճակատագրին արժանացել. նրանց որդիները հայտնել են, թե իրենց ծնողների տան բոլոր լույսերը անջատված են, և պարզ երևում է, որ այնտեղ ոչ ոք չի բնակվում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Sunday, February 27, 2011

Ինտերնետի արգելափակման գործում Google-ը համագործակցում է Իրանի հետ

Իրանական Weblog News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի մշակույթի նախարարության ինտերնետային բաժնի պետ Ռուհոլլահ Մոմեննասաբը կիբեռնետիկայի մասնագետների հետ Ղոմ քաղաքում կայացած հանդիպմանը հայտարարել է. 

«Եթե ցանկանում ենք ինտերնետի ոլորտում աշխատել, այն անպայման պետք է մաքրել և առողջ դարձնել, հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք: Ինտերնետի ֆիլտրման գործում տարբեր միջոցներ կարելի է կիրառել։ Նախ՝ բառային տարբերակն է, երբ մի որոշակի բառի հանդիպելու դեպքում այդ էջն անմիջապես փակվում է օգտագործողի համար։ Կա նաև մի այլ ձև, երբ դուք ոչնչացնում եք անցանկալի կայքերն ու գրությունները: Իրանը ինտերնետի ֆիլտրման գործում արդեն լուրջ ուժ է դարձել աշխարհում, այն աստիճան, որ շատերին պարտադրել ենք համագործակցել մեզ հետ:

Օրինակ՝ մեզ հետ է համագործակցում Rapidshare հանրահայտ ընկերությունը: Մենք կայքերի անուններ ենք նրանց տրամադրում, նրանք էլ դրանք ոչնչացնում են: Երբ մենք Իրանում արգելափակեցինք Hot File ընկերության կայքը, նրանք անգամ սնանկացման եզրին հայտնվեցին և, ի վերջո, համաձայնվեցին համագործակցել մեզ հետ: Այդ թվում կարելի է նշել նաև Google ընկերությունը, որը, երբ Իրանում արգելափակվեց, մեզ հետ համաձայնություն ստորագրեց և ներկա դրությամբ օգնում է մեզ ինտերնետի ֆիլտրման գործում»:

Հետաքրքիր է, որ սա առաջին անգամ է, երբ հրապարակավ հայտարարվում է Իրանի հետ նմանօրինակ մեծ ընկերությունների համագործակցության մասին: 

Վերջին տարիներին մարդու իրավունքների պաշտպան բազմաթիվ կազմակերպություններ զգուշացնում էին այն մասին, որ Google-ը և նմանօրինակ հանրահայտ ընկերությունները ինտերնետի սահմանափակման գործում համագործակցում են Իրանի իշխանությունների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մուսավիի որդիները հայտարարում են, որ արդեն 13 օր է՝ ծնողներից տեղեկություն չունեն

Իրանական Saham News լրատվական կայքը հրապարակել է Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի որդիների նամակը, որում նրանք հայտարարում են, որ արդեն 13 օր է՝ ոչ մի տեղեկություն չունեն իրենց ծնողներից:

Մուսավիի որդիների նամակում նշված է. «Բազմիցս գնացել ենք մեր տան մոտ, բայց փողոցը երկաթե պատնեշով փակ է և հսկվում է անվտանգության դիմակավոր աշխատակիցների կողմից: Փորձել ենք մտնել փողոց, բայց ոստիկանները չեն թույլատրել, ուստի տեղում կանգնել ենք մինչև ուշ գիշեր։ Սակայն, դժբախտաբար, մեր տան լույսերը անգամ գիշերը չէին միանում: Արդեն մտահոգված ենք մեր ծնողների անվտանգության ու կյանքի համար և այլևս չգիտենք՝ մեր բողոքը ո՞ր ատյանում ներկայացնենք»:

Հարկ է նշել, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին փետրվարի 14-ի ցույցի նախօրեին դատապարտվեցին տնային կալանքի և մինչև օրս դեռ նույն կարգավիճակում են: Ռեֆորմիստական շարժման ակտիվիստները հայտարարել են, որ եթե շարունակվի նրանց տնային կալանքը, կրկին բողոքի ցույց են անցկացնելու:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Դե-ֆակտո արտակարգ իրավիճակ՝ Թեհրանում

Ըստ իրանական Kaleme լրատվական կայքի, փետրվարի 24-25-ը Թեհրանում դե-ֆակտո արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Կայքի հաղորդմամբ, ոստիկանության մեծաթիվ ստորաբաժանումներ տեղակայվել են մայրաքաղաքի հիմնական հրապարակներում:

Kaleme-ն նաև նշել է, որ անվտանգության ծառայությունները քաղաքի կենտրոնական մասերում ժողովրդին արգելում են կանգնել փողոցներում և ում որ կասկածում են՝ ձերբակալում ու տանում են: Նաև Թեհրանի հիմնական փողոցներից Վալի Ասրի խանութպաններին են հրահանգել, որ ժամանակից շուտ փակեն իրենց խանութներն ու հեռանան:

Իրանի ոստիկանությունը նմանօրինակ պահվածքի համար ոչ մի բացատրություն չի հրապարակել, և ժողովուրդը, խուճապի մատնված, անտրամաբանական է համարում ոստիկանության նման վարվելակերպը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում Թեհրանում CIA-ի գործակալ է ձերբակալվել»

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին փետրվարի 24-ին Իրանի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ Թեհրանում փետրվարի 14-ին տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալվել են CIA-ի և Իրանի զինյալ ընդդիմադիր «Մոջահեդին» խմբակցության մեկական գործակալներ:

Ըստ նախարարի՝ փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում զոհված Սանե Ժալեն էլ զոհվել է հենց «Մոջահեդին» խմբակցության գործակալի ձեռքով, այն փամփուշտը, որից զոհվել է Ժալեն, Իրանի ոստիկանությունը անգամ չի օգտագործում:

Մոսլեհին ասել է, որ հիշյալ ցույցերի ընթացքում ձերբակալվել է նաև մի անձնավորությունը, որը համագործակցում էր CIA-ի հետ: Նախարարը նշել է. «Նա քաղաքի մի քանի կետերում իր մարդկանց էր տեղադրել, որոնց միջոցով տեղեկություններ էր ստանում ու փոխանցում էր CIA-ին: Այդ գործակալը որոշ ժամանակ առաջ բացահայտվել էր անվտանգության ծառայությունների կողմից և փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում ձերբակալվեց»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը Զիմբաբվեում ուրան է փնտրում

UK Press Association լրատվական գործակալությունըհաղորդում է, որ ՄԱԳԱՏԵ-ն նոր զեկույց է հրապարակել Իրանի միջուկային աշխատանքների մասին, որում նշված է, որ, հավանաբար, ուրանի տեղական պաշարները սպառվում են, և Իրանը փորձում է այլ երկրներում ուրանի նոր պաշարներ փնտրել ու դրանք փոխադրել Իրան:

Զեկույցի համաձայն, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին անցյալ ամսվա ընթացքում գաղտնի հանդիպումներ է ունեցել Զիմբաբվեի իշխանությունների հետ և բանակցել Իրանին ուրանի նոր պաշարներ տրամադրելու մասին: 

Ըստ գործակալության՝ այդ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանցի մասնագետները ավարտել են ուրանի հանքերի ու պաշարի իրենց ուսումնասիրությունները Զիմբաբվեում:

ՄԱԳԱՏ-ի զեկույցի համաձայն, Իրանի ԱԳ նախարարի բանակցությունները ուրանի նոր պաշարներ ձեռք բերելու ուղղությամբ սահմանափակված չեն միայն Զիմբաբվեով, այլ տարածվում են աֆրիկյան, լատինամերիկյան և ասիական մի շարք երկրներում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բողոքի «երեքշաբթիներ» Իրանում

Իրանի ռեֆորմիստական շարժման ակտիվիստները, համախմբվելով Facebook սոցիալական ցանցի 25 Bahman էջում, որն արդեն ավելի քան 67 հազար անդամ ունի, որոշել են ամեն երեքշաբթի օրը կազմակերպել բողոքի ցույցեր:

Ակտիվիստների հաղորդմամբ, Իրանի ռեֆորմիստական շարժումը նոր փուլ է թևակոխում քաղաքացիական անհնազանդության գործունեության ուղղությամբ: Հիշյալ բողոքները լինելու են նստացույցով, գործադուլով և քաղաքացիական անհնազանդության այլ ձևերով:

Մեհդի Քարուբիի խորհրդական Մոջթաբա Վահեդին նաև նշել է, որ Իրանի ռեֆորմիստները պատրաստվում են իրանական տարվա վերջին երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, որը համընկնում է իրանական «տրնդեզին», բողոքի համատարարած ցույց իրականացնել բոլոր քաղաքներում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մեծ Բրիտանիան Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, որը շրջագայության է մեկնել Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներ, Քաթարում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով Իրանի հարցին, հայտարարել է. «Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրությունների պատճառով շարունակում է մնալ միջազգային հանրության մտահոգությունների կենտրոնում: Շրջափակումների հետևանքով Իրանի իշխանությունները շարունակում են գոյատևել միայն ներքին հակառակորդներին ճնշելով: Իրանը իր որդեգրած դիրքորոշումների պատճառով վերածվում է մեկուսացված ու առանց բարեկամների երկրի: Մեծ Բրիտանիան ու իր դաշնակիցները շարունակ հայտարարում են, որ ցանկանում են բանակցել Իրանի հետ, բայց մենք թույլ չենք տալու բանակությունների հարցը շահագործվի Իրանի կողմից: Մենք հստակորեն իրականացնում ենք Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, և ես պատասխանատու անձանց խնդրելու եմ գտնել պատժամիջոցների նոր ձևեր»:

Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է, նաև «Վեցյակի» երկրների կազմում է, որոնք Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններ են իրականացնում Իրանի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Friday, February 25, 2011

Իրանը անտրամաբանական է համարում Սենեգալի որոշումը

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարարության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Սենեգալի կառավարության որոշումը՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, անտրամաբանական է: Իրանի ԱԳՆ հայտարարությամբ Սենեգալի իշխանությունները այդ որոշումը կայացրել են այլ ազդակների ազդեցության ներքո:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Սենեգալի իշխանությունները, Իրանին մեղադրելով Սենեգալի հարավում գործող անջատողականներին զինամթերք մատակարարելու մեջ, հայտարարեցին, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Նման մեղադրանք ներկայացնելու պատճառն այն էր, որ Նիգերիայի մաքսային ծառայությունները իրանական բեռնատար նավը խուզարկելուց հետո մեծ քանակությամբ զինամթերք էին բացահայտել, որը իրանական կողմի բացատրությամբ Գամբիա էր տեղափոխվում:

Հարկ է նշել, որ ըստ Սենեգալի իշխանությունների` անջատողականները տեղակայված են Գամբիայում և այնտեղից փորձում են հարվածել Սենեգալի զինված ուժերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«ԱՄՆ-ից կախյալ երկրները փլուզվում են»

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, հանդիպելով Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Փաք Կիլ Հյունի հետ, հայտարարել է. «Այսօր ԱՄՆ-ից կախում ունեցող երկրները փլուզվում են և երկրները փորձում են հեռանալ ԱՄՆ-ից»:

Գործակալության փոխանցմամբ, Սալեհին, գնահատելով ԱՄՆ-ի դեմ Հյուսիսային Կորեայի դիմադրությունը, հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները ավելի սերտանան ապագայում:

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարն էլ, հանձնելով իր երկրի ԱԳ նախարարի շնորհավորականները՝ Սալեհիին որպես Իրանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես` տնտեսական ոլորտում, ավելի կսերտանան:

Հարկ է նշել, որ Հյուսիսայի Կորեայի փոխարտգործնախարարը հանդիպել է նաև Իրանի փոխնախագահ Մուհամադ Ռեզա Ռահիմիի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրանը Մուբարաքի վարչակարգի փլուզումը տոնեց Սուեզը անցնելով»

Իսրայելական Haaretz օրաթերթը, փետրվարի 23-ի իր համարում անդրադառնալով իրանական երկու ռազմանավերի՝ Սուեզի ջրանցքով անցնելու փաստին, գրում է. «Հոսնի Մուբարաքի վարչակարգը տարիներ շարունակ իրանական ռազմանավերին արգելում էր երթևեկել Սուեզի ջրանցքով: Հակառակ սրան, Եգիպտոսի իշխանությունները վերջին տարիներին իսրայելական ռազմանավերին և սուզանավերին թույլ էին տալիս անցնել Սուեզի ջրանցքով, ինչը նշանակում էր, որ նրանք աջակցում էին Իրանին սահմանափակելու քաղաքականությանը: Բայց հիմա Սուեզի ջրանցքով իրանական երկու ռազմանավերի անցնելը ապացուցում է, որ Իրանի իշխանությունները այդ միջոցով տոնում են Մուբարաքի վարչակարգի անկումը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հիլարի Քլինթոնը խիստ քննադատում է Իրանում ընդդիմադիրների դեմ գործադրվող բռնությունները

France Presse գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 23-ին գնահատելով Իրանի ժողովրդի քաջությունը, խիստ քննադատել է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին ընդդիմադիրների դեմ գործադրվող բռնությունների համար:

Քլինթոնը հայտարարել է. «Մենք վերջին 10 օրերի ընթացքում ականատեսը եղանք հազարավոր իրանցիների քաջությանը, որոնք կրկին անգամ շեշտեցին խաղաղ համահավաքներ կազմակերպելու և խոսքի ազատություն ունենալու իրենց իրավունքը: Իրանի իշխանությունները այս օրերին ապացուցեցին, որ այն իրավունքները, որոնք զլանում է իր քաղաքացիներին տրամադրել, պահանջում է Մերձավոր Արևելքի այլ երկրների ժողովուրդների համար»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի անվտանգության ծառայությունները ամբողջությամբ գրավել են Քարուբիի բնակարանը

Իրանական «Ազգային վստահություն» կուսակցությանը պատկանող Saham News լրատվական կայքը հաղորդում է, որ փետրվարի 23-ին Իրանի անվտանգության ծառայությունները ամբողջությամբ գրավել են ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի քարուբիի բնակարանը և շենքը, որտեղ գտնվում է նրա բնակարանը:

Saham News-ը նաև ավելացնում է, որ Մեհդի Քարուբիի և նրա կնոջ սննդամթերքը արդեն 10 օր է՝ ապահովում են հենց անվտանգության ծառայությունները, ինչի մասին մտահոգություն են հայտնել Քարուբիի որդիները:
Քարուբիի որդիները, բողոքի նամակ հրապարակելով, հայտարարել են, որ իրենց հայրը լիովին առողջ է, և մտահոգություն կա, որ Իրանի իշխանությունները մտադիր են ֆիզիկապես ոչնչացնել նրան՝ նկատի ունենալով նախորդ փորձառությունները, թե ինչպես են ոչնչացվել երկրի այլախոհները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում պատրաստվում են ցույց կազմակերպել իբրև բողոք ռեֆորմիստական շարժման առաջնորդների տնային կալանքի դեմ

Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի Քարուբիի խորհրդական, իրանական Aftab Yazd օրաթերթի նախկին խմբագիր Մոջթաբա Վահեդին Radio France Internationale-ի պարսկերեն ծառայության հետ ունեցած զրույցի ընթացքում հայտնել է, որ մի քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չկա Մեհդի Քարուբիից ու նրա կնոջից, և անհավանական չէ, որ նրանց մի այլ վայր տեղափոխած լինեն:

Ըստ Մոջթաբա Վահեդիի՝ այս պահին ռեֆորմիստական շարժմանը հարող մի քանի կազմակերպություն բանակցություն են վարում, որ ռեֆորմիստ առաջնորդների տնային կալանքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպեն:

Հիշեցնենք, որ Իրանում փետրվարի 14-ի ժողովրդական ցույցերից հետո Իրանի պահապան խորհրդի քարտուղար Այաթոլլահ Ջանաթին ուրբաթօրյա նամազից հետո պահանջեց ռեֆորմիստական շարժման առաջնորդներին փակել իրենց տներում և կտրել նրանց կապը արտաքին աշխարհի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ-ն բոյկոտի ենթարկեց իրանցի երկու պետական պաշտոնյաներին

Reuters գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պետական երկու պաշտոնյաների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությամբ Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին ու «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության հրամանատար Մուհամադ Ռեզա Նաղդին Իրանում մարդու իրավունքների ոտնահարության մեղադրանքով հայտնել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում, ու նրանց հավանական ունեցվածքը ԱՄՆ-ում առգրավվելու է ֆինանսների նախարարության կողմից:

Հարկ է նշել, որ 2009-ին Իրանի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո էլ ԱՄՆ-ը նույն մեղադրանքով բոյկոտի ենթարկեց իրանցի պետական 8 պաշտոնյաների, որոնցից կարելի է նշել Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարն ու մի շարք նախարարներ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, February 24, 2011

Ձերբակալվել է Իրանի հետախուզության նախկին նախարարի որդին

Իրանական JARAS լրատվական կայքը հաղորդում է, որ Իրանի հետախուզության նախկին նախարար Ալի Յունեսիի որդին՝ Հասան Յունեսին, ձերբակալվել է Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:

Իրանական Raja News լրատվական կայքը, որը մոտ է անվտանգության ծառայություններին, փետրվարի 23-ին հրապարակել էր, որ Հասան Յունեսին ձերբակալվել է: Նրան մեղադրում են փետրվարի 20-ին Իրանում տեղի ունեցած ցույցերին մասնակցելու և ժողովրդին հրահրելու համար:

Ի դեպ, օրեր առաջ նույն մեղադրանքով ձերբակալվել էր Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը՝ Ֆաեզե Ռաֆսանջանին, որին մի քանի ժամ հետո ազատ էին արձակել:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», փետրվարի 14-ի ցույցերից հետո ձերբակալվել են նաև Իրանի ՆԳ նախկին նախարար Մուսավի Լառիի և ռեֆորմիստական շարժման առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Մեհդի Քարուբիի որդիները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Պերես. Իրանը Թունիսի և Եգիպտոսի ճակատագրին է մատնվելու

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Իսպանիա կատարած իր այցի ընթացքում հարցազրույց է ունեցել Իսպանիայի պետական ռադիո-հեռուստատեսության հետ: 

Իր զրույցի ընթացքում անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, նա հայտարարել է. «Բողոքի այն ալիքը, որը տապալեց Թունիսի և Եգիպտոսի վարչակարգերը, անուղղակիորեն ազդել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Ինչ կարող եմ ասել Մուբարաքի մասին, այն է, որ նա 30 տարի խաղաղություն հաստատեց տարածաշրջանում: 

Ուրիշ ով էլ որ նրա տեղում լիներ, պատերազմը անխուսափելի կդարձներ: Մուբարաքը սխալներ էլ ուներ, բայց պետք է ազնիվ լինել, Եգիպտոսի նման զարգացած երկրին իշխելը դյուրին գործ չէ»:

Այնուհետև անդրադառնալով Իրանի խնդրին, Պերեսն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենավտանգավոր և բարոյազուրկ իշխանությունն է, որին ծանոթ եմ: Այդ կառավարությունը հենց իր սեփական ժողովուրդի միջոցով է փլուզվելու: 

Եթե Իրանը Եգիպտոսի նման դառնա, Իրանում այլևս հեղափոխություններ չեն լինի, իսկ եթե Եգիպտոսը Իրանի նմանը դառնար, դեռ կշարունակվեին բողոքի ցույցերը: Ես համոզված եմ, որ ապագան դիկտատորներինը չէ, և բռնությունն ու ատելությունը տեղ չունեն ապագայում: 

Նախկինում յուրաքանչյուր երկիր նման էր մի նավի, որը ազատ էր՝ իր ուղղությունը ընտրելու, բայց այսօր մենք բոլորս մի նավում ենք գտնվում: Իսլամն ու ժողովրդավարությունը անհամատեղելի են: 

Ես չեմ կարծում, որ իսլամը բնույթով հակաժողովրդավարական է, բայց մուսուլման որոշ առաջնորդներ, վերածվելով հակաժողովրդավար դեմքերի, պատրաստ չեն հրաժարվել իրենց բռնատիրությունից: Քանի դեռ կանանց դեմ խտրականություն գոյություն ունի, ժողովրդավարության հաստատումը անկարելի կդառնա»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը Քադաֆիին խորհուրդ է տալիս՝ հարգել սեփական ժողովուրդի կամքը

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, հայտարարել է. 

«Տարածաշրջանի երկրների ղեկավարներին խորհուրդ եմ տալիս, թույլ տան իրենց ժողովուրդը իր խոսքը լսելի դարձնի: Նրանք պիտի ենթարկվեն իրենց ժողովուրդի կամքին: Ինչպե՞ս հնարավոր է, մի երկրի առաջնորդ, իր սեփական ժողովուրդի դեմ հրազենով, թնդանոթով ու տանկերով դուրս գա, ու հետո հայտարարի, թե ով խոսի սպանվելու է»:

Ահմադինեժադը, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի գործողությունները խիստ քննադատելով, շարունակել է. «Բոլորը պիտի ենթարկվեն իրենց ժողովուրդի ցանկություններին, հակառակ դեպքում նրանց ճակատագիրը կանխորոշված կլինի: Նրանք ինչո՞ւ պիտի այդքան վատ աշխատեն, որ սեփական ժողովուրդը իր դեմ դուրս գալով` փորձի տապալել վարչակարգը: Բոլոր երկրների ղեկավարները պիտի ապրեն իրենց ժողովուրդի կողքին ու նրանց նման, և գործեն հանուն ժողովուրդի զարգացման»:

Հատկանշական է, որ Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո, Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում, տասնյակ ցուցարարներ զոհվել ու հարյուրավորն էլ ձերբակալվել են ու պահվուն են բանտերում: Իրանի ռեֆորմիստական առաջնորդներն էլ գտնվում են տնային կալանքում ու հնարավորություն չունեն կապ հաստատել արտաքին աշխարհի, անգամ իրենց որդիների հետ: 

Տվյալների համաձայն` Իրանի նախագահական ընտրություններից հետո, Իրանում տիրող խիստ իրավիճակի հետևանքով, այսօր միայն 5,000 քաղաքական փախստական է ապրում Թուրքիայում, որոնք փորձում են արևմտյան երկրներից քաղաքական ապաստանություն ստանալ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

The Revolutionary Ideas of Karl Marx

The Revolutionary Ideas of Karl Marx
Alex Callinicos

Wednesday, February 23, 2011

Իսրայել. «Ցանկացած տեղաշարժի անմիջական պատասխան ենք տալու»

France Presse գործակալությունը հաղորդել է, որ Իսրայելի ծովուժի հրամանատարությունը, անդրադառնալով իրանական երկու ռազմանավերին, որոնք անցել են Սուեզի ջրանցքն ու այժմ գտնվում են Միջեկրական ծովում, հայտարարել է. «Իսրայելը պատրաստ է ցանկացած տեղաշարժի անմիջապես պատասխան տալ: Իրանական ռազմանավերի դեմ Իսրայելը նախահարձակ չի լինելու, բայց ուշադրությամբ հետևելու ենք նրանց ընթացքին, ու եթե շեղում նկատվի, անմիջապես պատասխան ենք տալու»:

Այդ կապակցությամբ, Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է. «Իրանի նմանօրինակ արարքները ուղղված են Արևմուտքի դեմ, Մերձավոր Արևելքում գերակշռություն ձեռք բերելու նպատակով: Իրանը այդ արարքով փորձում է արաբական աշխարհին ապացուցել, թե իրականում ով է Մերձավոր Արևելքի առաջնորդը»:

Իրանը իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ է իր ռազմանավերից երկուսը՝ «Ալվանդը» և «Խարքը», անցկացնում Սուեզի ջրանցքով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ Ֆաթեմե Աջորլուն և Ֆաթեմե Ալիան, փետրվարի 22-ին միջխորհրդարանական հերթական համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել են Նյու Յորք:

Իրանի պատվիրակությանը Նյու Յորքում դիմավորել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամադ Խազային:

Նյու Յորքում կայանալիք միջխորհրդարանական համաժողովի ընթացքում մասնակից երկրները խոսելու են իրենց երկրների խորհրդարաններում կանանց հարցերի շուրջ ծրագրված ու ընթացող նախագծերի մասին: Միջխորհրդարանական համաժողովի ընթացքում քննարկվելու է կանանց հասարակական դիրքի բարձրացման, կանանց ձեռքբերումները տեխնոլոգիայի ոլորտում ու կանանց աշխատանքային խնդիրները:

Հարկ է նշել, որ Իրանի խորհրդարանի պատվիրակությունը մասնակցելու է նաև ՄԱԿ-ի կանանց հարցերով (UN Woman) խորհրդի պաշտոնական բացման արարողությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Չիլիի նախկին նախագահ Միշելե Բաչլետին նշանակել է ՄԱԿ-ի կանանց հարցերի խորհրդի նախագահ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Կաստրո. Հավանական է, որ ՆԱՏՕ-ի ուժերը հարձակվեն Լիբիայի վրա


RTT News լրատվական կայքը հաղորդել է, թե Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն Կուբայի պետական օրաթերթում հրատարակած իր վերլուծական հոդվածում հավանական է համարել, որ ՆԱՏՕ-ի ուժերը ԱՄՆ-ի հրամանով շուտով կհարվածեն Լիբիային:

Ֆիդել Կաստրոն «Արձագանքներ» խորագրով իր հոդվածում գրել է. «ԱՄՆ-ին տարածաշրջանի խաղաղությունը չի հետաքրքրում, այլ փորձում է վերահսկել տարածաշրջանի նավթային ռեսուրսները: ԱՄՆ-ն Լիբիայի վրա հարձակվելու հրաման իջեցնելու հարցում ոչ մի կասկած չի ունենալու: Ինձ համար պարզ է՝ ԱՄՆ-ին չի հետաքրքրում Լիբիայի խաղաղությունը, այլ հետաքրքրում է լոկ Լիբիայում գտնվող նավթային հարուստ ռեսուրսը... Կարող եք Քադաֆիին կողմ կամ դեմ լինել, այս պահին աշխարհը զանազան լուրերով է ողողված, և ճշմարտությունը իմանալու համար պետք է բավարար համբերություն ունենալ: Ազնիվ մարդը կարող է դեմ լինել ժողովրդի հանդեպ իրագործվող անարդարություններին, և ամենամեծ անարդարությունը հենց այն է, ինչ ՆԱՏՕ-ն պատրաստվում է իրականացնել: Այդ մասին լռելը մեղք է, որի գլխավոր զոհը հենց Լիբիայի ժողովուրդը կլինի»:

Ի դեպ, լատինականամերիկյան երկրների մյուս ղեկավարներն էլ փորձել են իրենց տեսակետները հրապարակել այդ խնդրի կապակցությամբ: Նիկարագուայի ղեկավար Դանիել Օրտեգան, պաշտպանելով Քադաֆիին, հայտարարել է, որ նա դժվար իրավիճակում է հայտնվել և փորձում է ամեն գնով պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը դեռ պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել Լիբիայի իրադարձությունների մասին, իսկ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը պաշտոնական հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել Լիբիայի ժողովուրդի դեմ իրագործված բռնությունների մասին և խիստ քննադատել է Լիբիայի իշխանություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը կասեցրել է նավթարդյունահանման աշխատանքները Լիբիայում

Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանը կասեցրել է նավթարդյունահանման աշխատանքները Լիբիայում:

Իրանի նավթարդյունաբերական ընկերության պատասխանատու պաշտոնյա Աբդոլնաբի Ղայեմը Mehr գործակալությանը հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինչ իրանական կողմը կասեցրել է նավթարդյունահանման աշխատանքները Լիբայում: Ըստ Ղայեմի՝ այս պահին Լիբիայում են իրանցի 15 մասնագետներ:

Ղայեմը, հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է, որ իրանական կողմը վերսկսի աշխատանքները Լիբիայում, հայտարարել է. «Այդ մասին պիտի որոշում կայացնի Լիբիայի նոր կառավարությունը»:

Ըստ նրա՝ իրանական կողմի բոլոր սարքավորումները ապահով վայր են փոխադրվել, և դրանց վտանգ չի սպառնում:

Ղայեմը վերջում ավելացրել է, որ լիբիական բոլոր օդանավակայանները փակ են, բայց Իրանը փորձում է իր մասնագետներին դուրս հանել Լիբիայից:

Միջազգային նավթային ընկերությունները ևս Լիբիայում ծայր առած բողոքի ցույցերի պատճառով իրենց աշխատուժը դուրս են բերում այդ երկրից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-Աֆղանստան ռազմավարական դաշինքի վերաբերյալ

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է. «ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև ռազմավարական դաշինք կնքվելու դեպքում տարածաշրջանի իրավիճակը կբարդանա»:

Ռամին Մեհմանփարասթը փետրվարի 22-ին, ԱՄՆ- Աֆղանստան երկկողմ ռազմավարական դաշինքին անդրադառնալով, ասել է. «Այդ դաշինքը դեմ է Աֆղանստանի և տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության ու բարգավաճման գործընթացին»:

Մեհմանփարասթը հույս է հայտնել, որ ԱՄՆ- Աֆղանստան ռազմավարական դաշինքի կնքումը լուրերի շրջանակում էլ կմնա, և Աֆղանստանի ժողովուրդն ու կառավարությունը զգոնությամբ կկասեցնեն արտաքին գաղութարարական քաղաքականությունների իրագործումն իրենց երկրում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ. Ուշադրությամբ հետևում են Իրանի ռազմանավերի ընթացքը

France Presse գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, փետրվարի 22-ին հայտարարել է. «Մենք ուշադիր հետևում ենք Իրանի երկու ռազմանավերի ընթացքը: Մենք հետևում ենք թե նրանց ուղղությունը որտեղ է լինելու ու ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար»:

ԱՄՆ կրկին հայտարարել է, որ մտահոգված է Իրանի տարածաշրջանային տեղաշարժերով: 

Այդ կապակցությամբ արդեն Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես պատասխան տալ Իրանական ռազմանավերի հավանական գործողությանը:

Իսրայելական աղբյուրների համաձայն, Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի զինված ուժերը արդեն ստացել են իրենց հրահանգները և գիտեն հարկ եղած ժամանակ ինչ կերպ պիտի պատասխանեն Իրանի սադրանքներին:

Իրանական աղբյուրները հայտարարում են, որ իրանական երկու ռազմանավերի վերջնական ուղղությունը, Սիրիայի «Լազեղիե» նավահանգիստն է լինելու, որտեղ նրանք կմասնակցեն ռազմական մի շարք ուսումնական փորձերի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Հիզբոլլահի» 1,500 մարտիկներն ընդդեմ Իրանի ժողովրդի

Լոնդոնում հրատարակվող արաբալեզու Al Sharq Al-Awsat հռչակավոր օրաթերթը, իր վերջին համարում անդրադառնալով Իրանի վերջին իրադարձություններին, հրապարակել է, որ փետրվարի 14-ի ժողովրդական ցույցերի ընթացքում Իրանի ոստիկաննությանն ու անվտանգության ծառայություններին օգնության էր եկել «Հիզբոլլահի» 1,500 մարտիկներից կազմված ջոկատը:

Օրաթերթի մատուցմամբ, «Հիզբոլլահի» մարտիկները քաղաքացիական հագուստով ներխուժում էին ժողովուրդի մեջ ու այնտեղից համագործակցում ոստիկանության հետ:

Հատկանշական է, որ 1999-ի ու 2009-ի ռեֆորմիստական շարժման ցույցերի ընթացքում էլ, Իրանի իշխանությունները օգտվել են «Հիզբոլլահի» վարձկաններից: Այդ ցույցերին մասնակցած անհատների վկայությամբ, ժողովրդին դիմադրող ուժերը պարսկերեն լեզվին չէին տիրապետում ու խոսում էին միայն արաբերեն լեզվով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Սենեգալը պաշտոնապես խզեց իր հարաբերությունները Իրանի հետ

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայությունը հաղորդել է, որ փետրվարի 23-ին Սենեգալի կառավարությունը հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարել է Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին:

Սենեգալը Իրանի մեղադրում է, որ իր երկրի հարավում գործող անջատողականներին զինամթերք է մատակարարել: Ըստ Սենեգալի կառավարության՝ անջատողականները, իրանական արդի զենք ու զինամթերք օգտագործելով, հարձակվել են Սենեգալի բանակայինների վրա, որի արդյունքում մի քանի զինվոր է զոհվել:

Իրանի և Սենեգալի հարաբերությունները վատացան այն պահին, երբ Նիգերիայի մաքսային ծառայությունները, առգրավելով իրանական բեռնատար նավը, հայտնաբերեցին մեծ քանակությամբ զինամթերք: Սենեգալը հայտարարում է, որ Իրանը այդ զինամթերքը մատակարարում է Գամբիայում տեղակայված Սենեգալի անջատողականներին:

Հատկանշական է, որ Իրանն էլ Նիգերիայի դատարանում հաստատել է, որ զինամթերքի վերջնական նպատակակետը Գամբիան է եղել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, February 22, 2011

Մուլեն. Իրանը Բահրեյնի և ընդհանրապես, տարածաշրջանի իրադարձություններում դերակատարություն չունի

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետ Մայքլ Մուլենը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Եգիպտոսի և Բահրեյնի իրադարձություններում Իրանի Իսլամական Հանրապետությունը դերակատարություն չունի: Մուլենի համոզմամբ, այդ երկրների խնդիրները ներքին են, և Իրանը այդտեղ դեր չի խաղացել:

Մուլենը, անդրադառնալով Բահրեյնի իրադարձություններին, որտեղ տեղակայված է ԱՄՆ 5-րդ նավատորմը, հայտարարել է. «Քանի դեռ ԱՄՆ 5-րդ նավատորմը շարունակում է իր աշխատանքը, ոչ մի բողոքի ցույց չի կարող խանգարել մեզ, և մենք շարունակելու ենք աշխատել Բահրեյնում»:

Գործակալության հաղորդմամբ, Մայքլ Մուլենը փետրվարի 19-ին սկսել է իր տարածաշրջանային շրջագայությունը և այցելել է Սաուդյան Արաբիա, Քաթար ու Միացյալ Էմիրություններ: Ենթադրվում է, որ Մուլենը իր շրջագայության ավարտին կայցելի նաև Բահրեյն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում փակվել է 10 հրատարակչություն


Իրանական Parsine լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի մշակույթի ու առաջնորդության նախարարությունը պաշտոնապես հրապարակել է նախարարության կողմից փակված 10 հրատարակչությունների ցանկը:
Հրապարակված ցուցակում տեղ են գտել Իրանի հանրահայտ հրատարակչությունների անունները՝ «Բազթաբ Նեգար», «Ագահ», «Դիգար», «Ախգարան», «Ջեյհուն» և այլն:
Հիշյալ հրատարակիչները մեծ դերակատարություն ունեն Իրանում համաշխարհային գրականության, փիլիսոփայության, գիտական, քաղաքական և հասարակագիտական ոլորտի գրականության թարգմանության ու հրատարակության գործում:
Նշենք, որ այս պահին այդ հրատարակչություններին պատկանող բազմաթիվ գրքեր գտնվում են մշակույթի նախարարության քննական բաժնում և հրատարակության իրավունք չեն ստացել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը