Wednesday, February 23, 2011

Կաստրո. Հավանական է, որ ՆԱՏՕ-ի ուժերը հարձակվեն Լիբիայի վրա


RTT News լրատվական կայքը հաղորդել է, թե Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն Կուբայի պետական օրաթերթում հրատարակած իր վերլուծական հոդվածում հավանական է համարել, որ ՆԱՏՕ-ի ուժերը ԱՄՆ-ի հրամանով շուտով կհարվածեն Լիբիային:

Ֆիդել Կաստրոն «Արձագանքներ» խորագրով իր հոդվածում գրել է. «ԱՄՆ-ին տարածաշրջանի խաղաղությունը չի հետաքրքրում, այլ փորձում է վերահսկել տարածաշրջանի նավթային ռեսուրսները: ԱՄՆ-ն Լիբիայի վրա հարձակվելու հրաման իջեցնելու հարցում ոչ մի կասկած չի ունենալու: Ինձ համար պարզ է՝ ԱՄՆ-ին չի հետաքրքրում Լիբիայի խաղաղությունը, այլ հետաքրքրում է լոկ Լիբիայում գտնվող նավթային հարուստ ռեսուրսը... Կարող եք Քադաֆիին կողմ կամ դեմ լինել, այս պահին աշխարհը զանազան լուրերով է ողողված, և ճշմարտությունը իմանալու համար պետք է բավարար համբերություն ունենալ: Ազնիվ մարդը կարող է դեմ լինել ժողովրդի հանդեպ իրագործվող անարդարություններին, և ամենամեծ անարդարությունը հենց այն է, ինչ ՆԱՏՕ-ն պատրաստվում է իրականացնել: Այդ մասին լռելը մեղք է, որի գլխավոր զոհը հենց Լիբիայի ժողովուրդը կլինի»:

Ի դեպ, լատինականամերիկյան երկրների մյուս ղեկավարներն էլ փորձել են իրենց տեսակետները հրապարակել այդ խնդրի կապակցությամբ: Նիկարագուայի ղեկավար Դանիել Օրտեգան, պաշտպանելով Քադաֆիին, հայտարարել է, որ նա դժվար իրավիճակում է հայտնվել և փորձում է ամեն գնով պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը դեռ պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել Լիբիայի իրադարձությունների մասին, իսկ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը պաշտոնական հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել Լիբիայի ժողովուրդի դեմ իրագործված բռնությունների մասին և խիստ քննադատել է Լիբիայի իշխանություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը