Saturday, June 25, 2005

Լոմպենիզմի արմատաւորումը Արցախում

Օրեր առաջ , Արցախի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Արցախի զինորական շտաբում ծեծի է ենթարկւել ազատամարտիկ Պաւլիկ Մանուկեանը: Հարւածողներին գլխաւորել է պաշտպանութեան նախարար կոչւած Սէյրան Օհանեանը:
Այս երեւոյթի տեսնելը առանձնապէս ինձ մեծ ցաւ պաճառեց որով տեսայ թէ մենք հայերս դեռեւս դաս չենք ստացել պատմութիւնից ու երբ սկսել ենք մի առ ժամանակ ապրել խաղաղ պայմաններում , առիթ ենք ունեցել զարգանալու եւ պահն է հասել միաորւելու , գործել ենք հակառակ ուղիով , անմիաբան , անձնական շահը եւ ոչ ազգայինը հետապնդելով:
Պատմութեան էջերում , յատկապէս հայկական պատմութեան մէջ միշտ էլ եղել են անձեր որը առիթը պատեհ համարելով , շահագործելով ժողովրդի համեստութիւնը , Ազգ ու Աստւած քարոզելով դառձել են ղեկավար ու առաջնորդ , խորքում անձնական ու թայֆայական շահերը պաշտպանելու նպատակով:
Այդ երեւոյթը նաեւ այսօր քիչ թէ շատ գոյութիւն ունի մեր իրականութեան մէջ: Անձեր որը ժամանակին իրենց պաշտօնը պահելու համար չէին կարող կողմնորոշւել ծառայել ռուսական թէ հայկական բանակում այսօր համարձակւում են ծեծել ու վարկաբեկել այն մարդկանց որը արտագաղթելու փոխարէն նախընտրեցին մնալ պապենական հողի վրայ ու պայքարել թշնամու դէմ: Արդեօ՞ք մոռացել ենք այն դժւարին պայմանները որ թուրքը պղծում էր մեր հողն ու գոյութիւնը եւ ազգը միաւորւած պայքարում էր իր գոյութեան համար: Կուզեմ այդ մարդկանց յիշեցնել , թէկուզ չեմ կարծում դա կարիք լինի , թէ Արցախի ապագան վտանգւած է ու դեռ գոյութիւն ունի թշնամին եւ ամէն օր աւելիով է զարգացնում իր ռազմական կարողութիւնները: Նորեն պիտի մատնանշեմ թէ վերոյիշեալ յանցագործութիւնը կատարւել է Արցախի ազատամարտիկի դէմ այսինքը մի խօսքով վարկաբեկւել է ոչ միայն Պաւլիկ Մանուկեանը այլ Արցախի բոլոր ազատամարտիկներն ու նահատակները: Ինչո՞ւ: Չէ որ նոյն ազատութիւնը որ վայելում են Արցախցիներն ու նոյն ինքը Սէյրան Օհանեանը ձեռք է բերւել Պաւլիկների նման ազատամարտիկների միջոցով ու եթէ չլինէին այդ անձուրաց ֆիդայիները չգիտեմ պրն. Սէյրանը ինչի պաշտմանութեան նախարարը պիտի դառնար:
Կուզեմ հարց տալ պրն. Սէյրանին թէ արդեօք ձեր եւ ձեր ճորտերի կատարած անպատւութիւնը նպաստում է Արցախի անվտանգութեանը թէ ձեր փոքրաթիւ խմբակը ազգային շահը ոտնակոխելով պաշտպանում է իր անձնական շահը եւ կը խուսափեմ ասել թէ Արցախում անձնական շահը գերադասելով ազգայինին ինչ հետեւանքներ կունենայ:
Ազատամարտիկ Պաւլիկի դէմ կատարւածը մեծ յանցագործութիւն է ու յանցագործները նաեւ դաւաճան:Թող այդ մարդիք գիտնան թէ բոլոր ազգը ի մասնաւորի ներկայ ու բացակայ ազատամարտիկներն են Պաւլիկի դատամաշտպանը եւ արեան գնով ազատագրւած տարածքները նաեւ պիտի մաքրագործեն ներքին «Հասկերտներից»:

Wednesday, June 22, 2005

ԱՄՆ-Ռուսաստան, հակամարտութիւն թէ համագործակցութիւն

ՆԱՏՕ-ի համագործակցութեան ցանկութիւնը Ռուսաստանի հետ ԱՊՀ-ի երկրներում Արեւմուտքի դանդաղ ներխուժման նպատակով է:Ըստ Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէնի օգնական Լէոնիդ Իւաշովի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցութիւնը չի նպաստում Ռուսաստանի անվտանգութեանը:ՆԱՏՕ-ն նախապատրաստւում է մի ընդարձակ յարձակման եւ Ռուսաստանի որեւէ համագործակցութիւն ՆԱՏՕ-ի հետ կարող է վտանգել տարածաշրջանի այլ երկրներին ի շարս նաեւ՝ Չինաստանին:ՆԱՏՕ-ի յաջորդ նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի չէզոքացումից յետոյ Չինաստանին վերահսկելն է. Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը փաստում է այդ իրողութիւնը: Պիտի մատնանշել, որ Չինաստանի ատոմակայանների գերակշիռ բաժինը գտնւում է հէնց Կենտրոնական Ասիայի հանրապետութիւնների եւ Չինաստանի սահմանագծում:ՆԱՏՕ-ն հակառակ այն բանի, որ 1999-ին Ստամբուլում կայացած գագաթաժողովում մատնանշել էր, որ Կովկասի տարածաշրջանը պիտի ազատւի որեւէ գերուժի ռազմակայաններից, ամենօրեայ ճնշում է բանեցնում Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւնների վրայ՝ իր ռազմակայանները այդ երկրում տեղադրելու համար:Կովկասից ռուսական ռազմակայանների տեղահանումը կարող է նպաստել այդ շրջանի ապակայունացման եւ գլխաւոր պատճառներից մէկը, որ օգնում է ՆԱՏՕ-ին ներխուժել ԱՊՀ-ի երկրներ, Ռուսաստանի համագործակցութիւնն է այդ միջազգային ոստիկանի հետ:Ռուսաստանը այս վերջին տարիներում կիրառելով վախի եւ ներողամտութեան քաղաքականութիւնը՝ դարձել է ՆԱՏՕ-ի անվտանգութեան նպատակների գերգործօնը եւ գործել է ի նպաստ տարածաշրջանի նոր ոստիկանի ու այդ պատճառով էլ Ռուսաստանը դանդաղօրէն կորցնում է իր դերն ու դիրքը՝ նախկին խորհրդային հանրապետութիւնների մէջ:Ներկայում նոյնիսկ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Հայաստանի ղեկավարութեան վրայ եւ փորձում է, Հայաստանի ժողովրդին եւս դրդել Ռուսաստանի դէմ: Բայց ինչքանով նպաստաւոր է Հայաստանին, երբ դեռ վերջնականապէս չի լուծւել Արցախի հիմնախնդիրը, դեռ փակ են Հայաստանի սահմանները՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Արդեօք շահաւէ՞տ կը լինի դէպի Արեւմուտք Հայաստանի թեքումը: Եթէ Ռուսաստանի քաղաքականութիւնը ԼՂՀ-ի եւ տարածաշրջանի այլ հակամարտութիւնների հանդէպ եղել է կրաւորական (պասիւ), որը նաեւ ապահովում էր տարածաշրջանում իր ռազմական ներկայութիւնը, ապա ի՞նչ կը լինի Արեւմուտքի լուծումը՝ վերոյիշեալ հակամարտութիւնների եւ մասնաւորապէս Արցախի հիմնահարցի նկատմամբ: Այս հարցերին պիտի պատասխանեն քաղաքական այն գործիչներն ու ղեկավարները, որոնք խօսում են Հայաստանին դէպի Արեւմուտք թեքելու մասին:Ռուսաստանը ներկայում չունի այն հնարաւորութիւնը, որ ԱՄՆ-ին հեռացնի Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից, բայց եթէ համագործակցի Չինաստանի ու Շանգհայի պայմանագրի անդամ այլ երկրների եւ Իրանի հետ, կը յաջողի կատարել այդ գործը:Ի վերջոյ, պիտի աւելացնել նաեւ, որ ներկայ պայմաններում Ռուսաստանին կայունութիւն է անհրաժեշտ՝ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի սահմաններում եւ ցինիկաբար արտայայտւելու դէպքում՝ կարեւոր չէ, թէ ով կը կարողանայ ապահովել այդ կայունութիւնը: Ուրեմն՝ Ռուսաստանը դեռ դատապարտւած է տարածաշրջանում հանդուրժել ԱՄՆ-ի ներկայութիւնը եւ համագործակցել նրա հետ, բայց կարեւորը այն է, թէ դա ինչքան ժամանակով է լինելու եւ չպիտի մոռանալ, որ այս տարածաշրջանում ծնւում է ԱՄՆ-ին հակառակ մի նոր քաղաքական ու տնտեսական եռեակ՝ բաղկացած Ռուսաստանից, Չինաստանից ու Իրանից: Եւ Հայաստանն աշխարհագրականօրէն ընդգրկւած է այս եռեակի շրջագծում:

ՆՈՐ ԱԼԻՔ, Նոր ճանապարհ


Բարեւ,
Շատ ուրախ եմ որ ի վերջոյ ինձ յաջողւեց ստեղծել այս կայքէջը որը հնարաւորութիւն կունենամ աւելի դիւրին հաղորդւել ժողովուրդի հետ, լսել նրանց, ու խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ:
Ես Արթին Առաքելեանն եմ: Ծնւել եմ Սեպ.04.1979–ին Թեհրանում: Ներկայում աշխատում եմ Թեհրանի հայկական ԱԼԻՔ օրաթերթի խմբագրատնում: Նաեւ որպէս Կովկասի եւ ԱՊՀ-ի վերլուծաբան համագործակցում եմ Իրանի կառավարութեան օրգան՝ «ԻՐԱՆ» օրաթերթի հետ:
Այս կայքէջը տպագիր օրաթերթից անկախ, համարում եմ մի նոր միջոց, մտքերի փոխանակման եւ արդի հաղորդակցութեան համար:





****************************PIC for Profile (NEW-2010)****************



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը