Monday, April 28, 2008

Նաւթը եւ ԱՄՆ-ի ապագան

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

«Ինչ տեսակ նախագուշակութիւններ, որ նաւթի ապագայի համար տեղի ունենան, մի հարց պարզ է բոլորին, որ այլեւս աւարտւել է էժան նաւթի ժամանակաշրջանը»: Սա «Շորան» նաւթային ընկերութեան գործադիր վարիչ Դէյւիդ Օրայլիի խօսքերն են:
ԱՄՆ-ում 200 միլիոն ինքնաշարժ օրական կուլ են տալիս 9,3 միլիոն տակառ նաւթ: Ընդհանուր նաւթի սպառումը մէկ օրւայ մէջ ամբողջ աշխարհում կազմում է 85 միլիոն տակառ, որի 21 միլիոնը սպառւում է միայն ԱՄՆ-ում: Մէկ խօսքով՝ ամբողջ աշխարհի սպառւած նաւթի 10 %-ը միայն կլլում են ամերիկացիների ինքնաշարժները: «Նաւթի գագաթնակէտ» տեսութիւնը մեզ ասում է, որ նաւթի արտահանումը մի որոշակի կէտում սկսւելու է նւազել: Բազմաթիւ գիտնականներ համոզւած են, որ աշխարհը այլեւս անցել է այդ որոշակի կէտից:
Ուրեմն՝ կարելի է ենթադրել, թէ դեռ 40 տարի նաւթի աւարտին ժամանակ կայ, եւ մինչեւ այդ թւականը վստահ՝ գտնւելու է մի նոր այլընտրանք: Բայց, այդպէս չէ: Այստեղ կը փորձեմ մի օրինակով ապացուցել դա. ինչպէս գիտէք, մարդու մարմնի 70%-ը կազմւած է ջրից: Պարզ ասած՝ մի 90 կգ. քաշ ունեցող անհատի մարմնի 60 կգ.-ը կազմւած է ջրից: Արդեօք ենթադրում էք՝ եթէ այդ անհատը պէտք է ջրի պակասից մահանայ, պէտք է 60 կգ. ջուր կորցնի իր մարմնից: Ո՛չ. միայն 5 կգ. ջրի կորուստը իւրաքանչիւր անհատի մահւան պատճառ կը դառնայ: Արեւմուտքի տնտեսութեան խոցելիութիւնն ու դիւրաբեկութիւնն էլ ճիշտ այդպէս է: Ընդհանուր պահանջարկից միայն 10-15 տոկոս պակասութիւնը այդ երկրներին մատնելու է տնտեսական ու հասարակական լուրջ ճգնաժամի:
1973 թւականի նաւթային ցնցման հետեւանքով, որը առաջացաւ Սաուդական Արաբիայի ու Քուվէյթի նաւթի արտահանման 5%-ի նւազումով ու նաւթային ընկերութիւնների միջամտութեամբ, նաւթի գները չորս անգամ բարձրացան: Բայց, խնդիրն այն է, որ յիշեալ ցնցումը շինծու էր ու ժամանակաւոր եւ հետեւանք էր 70-ականների քաղաքական ցնցումների (արաբ-իսրայէլական պատերազմ եւ Իրանի Իսլամական յեղափոխութիւն): Բայց, ներկայ ժամանակաշրջանի նաւթային ցնցումը միջազգային առաջարկ եւ պահանջարկի հետեւանքով է, մնայուն եւ շարունակական:
Երբեմն ժողովուրդը մտածում է՝ եթէ նաւթի գները սղաճ արձանագրեն, ծայրայեղ պարագայում բոլորը կօգտւեն ոչ-նաւթային ինքնաշարժներից: Բայց, նաւթի դերակատարութիւնը վեր է այս բոլորից: Արդի սննդական ճարտարարւեստի արտադրման ամէն քայլափոխին նաւթը կենսական դերակատարութիւն ունի: Ամէն մէկ կալորի սնունդի համար, որ օգտագործւում է ժողովրդի կողմից, 10 կալորի ընդյատակեայ վառելանիւթ է ծախսւում: Ըստ ԱՄՆ-ի հողամշակութային նախարարութեան տւեալների՝ իւրաքանչիւր ամերիկացի մէկ տարւայ ընթացքում իր սնունդը ապահովելու նպատակով՝ օգտագործում է 1500 լիտր նաւթ եւ ընդյատակեայ այլ վառելանիւթեր: Ուրեմն՝ ամերիկացիները տարեկան 500 միլիարդ լիտր վառելանիւթ միայն ծախսում են սննդամթերքի ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ՝ մօտաւորապէս բոլոր արտադրողական ճարտարարւեստը, փոխադրամիջոցները եւ հողամշակութիւնը կախում ունեն նաւթից եւ ինչպէս մեծ թւով տնտեսագէտներ համոզւած են, «դրամը» մի խորհրդանիշ է, որի իմաստը նաւթի փոխադրումն է մի ձեռքից միւսը:
Նաւթի ապագայի մասին կարելի է երկար խօսել, բայց կը նախընտրեմ ձեզ ծանօթացնել ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ գիտնական Ռասկօ Բարթլետի խօսքերին: Նա ասում է. «Աշխարհի բոլոր նաւթային տնտեսած պահեստները կազմում են 1000 միլիարդ տակառ: Այս պաշարը մէկ ակնթարթում մեծ է թւում, բայց նկատի ունենալով միջազգային սպառման ծաւալը, որը օրական 83.5 միլիոն տակառ է, այն կարծիքի ենք, թէ միայն 40 տարւայ համար նաւթ գոյութիւն ունի: 1960-ից մինչեւ 1980 թւականները նաւթի արտահանման ծաւալը գերակշռում էր դրա սպառման ծաւալին: Բայց, 1982-ից յետոյ նաւթի սպառման ծաւալը գերակշռեց դրա արտահանմանը եւ դա շարունակւել է մինչ այսօր: Այսօր մենք ամէն 6 տակառ նաւթի սպառման դիմաց միայն մէկ տակառ ենք արտահանում: Մենք դէպի ո՞ւր ենք գնում»:
Մաթ Սաւինարը, որ այս ուղղութեամբ ծաւալուն ուսումնասիրութիւններ է կատարել, յայտարարում է, թէ «Շուտով այս քաղաքակրթութիւնը, որին ծանօթ ենք, հասնելու է իր աւարտին»: Սա կրօնական կամ աղանդաւորական նախատեսութիւն չէ, այլ բարձրաստիճան գիտնականների եզրակացութիւնն է: Նրանց համոզմամբ՝ «ԱՄՆ-ն ծաւալուն պարտքեր ունի, որը պիտի վճարի եւ այդ բոլորը պայմանաւորւած է տնտեսական աճով: Բայց, ԱՄՆ-ի տնտեսութեան գրեթէ բոլոր ոլորտները կախում ունեն նաւթից»:
Իրականութիւնն այն է, որ այլընտրանքային վառելանիւթի մասին ուսումնասիրութիւնները հիմնական են համարւում, բայց պիտի նկատի ունենալ, որ մինչեւ այդ ուսումնասիրութիւնների աւարտը՝ նաւթի արտահանման աչքառու նւազումը, ինչպէս որ Մաթ Սաւինարն է յայտարարել, ձեւափոխւելու է ներկայ քաղաքակրթութիւնը:
Նաւթի աւարտով ամերիկացիների սանձարձակ տեղափոխումները, որոնք գլխաւորաբար կատարւում են օդանաւերի միջոցով, հասնելու են իրենց աւարտին եւ կամ նւազագոյնի են իջնելու: Ատոմական արեգակնային, հողմային ու բիոդիզել էներգիաները անկարող են ԱՄՆ-ի տուրիստական ճարտարագիտութիւնը ողջ պահել: ԱՄՆ-ում ժողովուրդը շարունակելու է ապրել, բայց կենսաձեւը այլ կերպ է լինելու: Այլեւս օդանաւով տեղափոխութիւնը դառնալու է սահմանափակ անհատների կեանքի զարդարանքն ու շքեղութիւնը: Դրա հետեւանքով՝ ԱՄՆ-ի տնտեսութիւնը զրկւելու է տարեկան աւելի քան 600 միլիարդ դոլար եկամտից: ԱՄՆ-ի ժողովրդի զւարճանքն ու հանգստութեան ձեւերը այլեւս լասվեգասեան աննպատակ մսխումներ չեն լինելու: Տեղափոխութիւնը սահմանափակելով՝ զարգանալու է ապակենտրոն հողամշակութիւնը (այսօր ԱՄՆ-ում իւրաքանչիւր սննդամթերք միջին հաշւով 2500 կմ. ճամբայ է կտրում՝ մինչեւ սպառողի ձեռքն է հասնում): Այդ ձեւափոխութեան ընթացքում ժողովուրդը պարտադրաբար աւելի փոքր համայնքներում եւ քոլոնիներում կը համախմբւեն եւ առհասարակ «մարդը» սպառողական կենսաձեւի անվերջ փնտրտուքից յոգնած՝ հանդարտւելու է:
Այստեղ փորձեցի խօսել ու նաեւ տրամաբանել, թէ ինչպէս է լինելու ԱՄՆ-ի որպէս սպառողականութեան գագաթում գտնւող երկրի ապագան նաւթի լիակատար սպառումից յետոյ, բայց չպիտի մոռանալ ու անտեսել այն իրականութիւնը, որ ԱՄՆ-ն իր բոլոր տնտեսական ճգնաժամերին յաղթելու նպատակով՝ դիմել է պատերազմի եւ առհասարակ պատերազմը ԱՄՆ-ի տնտեսութեան միւս երեսն է: Բայց, նաեւ չպէտք է մոռանալ, որ պատերազմն էլ շարունակելու համար՝ կարիք է մեծածաւալ դրամագլխի, որին տնտեսական աճի անկումով՝ այլեւս հնարաւոր չի լինի դիմել:

Հանդարտ յեղափոխութիւն

Մարելո՞ւ է «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան լոյսը
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունեց քննարկել գլխաւոր դատախազի կողմից իշխող կուսակցութեան՝ «Արդարութիւն եւ զարգացում»-ի աշխատանքների դէմ մղւած հայցագիրը:
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը մեղադրւում է իր կրօնական թեքումների պատճառով, որը ուղղակի հակասում է Թուրքիայի աշխարհական եւ ոչ-կրօնական հիմունքներին: Պիտի աւելացնել, որ սոյն դատարանը միաժամանակ օրակարգ է դարձրել նաեւ երկրի նախագահ Աբդուլլահ Գիւլին վերագրւած յանցանքների հարցը:
Ճիշտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը սոսկ վերաքննութեան նպատակով է առնւած, եւ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը պաշտպանւելու հնարաւորութիւն ունի, բայց այդ հայցագրի լոկ քննութիւնն էլ բաւական է, որ պատճառ դառնայ Թուրքիայում պայմանների փոփոխութեանը: «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը կազմալուծելու համար Սահմանադրական դատարանի վերջնական դատավճիռը կարելի է ձգձգել մինչեւ վեց ամիս:
Թուրքիայի գլխաւոր դատախազ Աբդուլռահման Եալչին Քայան իր հայցագրում պահանջել է, որ հինգ տարւայ համար «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան 71 բարձրաստիճան անհատներին, որոնց մէջ ներառւած են նաեւ վարչապետ Էրդողանն ու նախագահ Գիւլը, զրկել բոլոր քաղաքական աշխատանքներից ու պաշտօններից: Նախապէս յայտարարւել էր, որ եթէ Սահմանադրական դատարանը այդ հայցագիրը քննարկելու որոշում ընդունի, «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը հնարաւորութիւն կունենայ մինչեւ մէկ ամիս դատարանին ներկայացնել իր պաշտպանական գրութիւնը:
Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշումը միջազգային շրջանակների խիստ հակազդեցութեան պատճառ դարձաւ: Եւրոմիութիւնը զգուշացրեց, որ այդ հայցագրի քննարկումը կարող է բացասական ազդեցութիւն թողնել Թուրքիայի Եւրոմիութեանն անդամակցելու գործընթացի վրայ: Այդ ուղղութեամբ Եւրոյանձնաժողովը իր հաղորդագրութեամբ յայտարարեց, թէ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կազմալուծելու համար ոչ մի պատճառ գոյութիւն չունի: Յանձնաժողովը իր հաղորդագրութեան շարունակութեան մէջ աւելացրեց, թէ ընդհանրապէս որեւէ քաղաքական կուսակցութեան կազմալուծման գործընթացը մի երկարատեւ գործընթաց է, որը պիտի կատարւի զանազան արգելափակումներից յետոյ: Մի քաղաքական կուսակցութեան կազմալուծումը միայն այն պահին արդարացի կը լինի, երբ տւեալ կուսակցութիւնը բրտութեան կողմնակից է եւ կամ Սահմանադրութեանը յաղթելու նպատակով բրտութիւնը որպէս քաղաքական միջոց է օգտագործում, որոնցից ոչ մէկը չի նկատւել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան պարագայում:
Այս ուղղութեամբ «Հիւրրիէթ» օրաթերթի վերլուծաբանը Թուրքիան բաժանելով երկու մասի՝ լայիքների ու «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կողմնակիցների, գրում է, թէ երկու կողմը մտել են մի պայքարի մէջ, որի ընթացքում պայքարում են յանուն ժողովրդավարութեան, եւ միակ տարբերութիւնը, որ նրանց միջեւ գոյութիւն ունի, դա ժողովրդավարութեան տարբեր ու մասամբ իրարամերժ բացատրութիւնն է: Նա Թուրքիայի ապագան երեք իրավիճակով է նախատեսում, եւ շարունակութեան մէջ գրում է՝ կամ պայքարող կողմերից մէկը յաղթելու է միւսին, կամ երկու կողմը մի ընդհանուր եզրի են հասնելու եւ կամ մի ոչ-ժողովրդավարական ուժ այդ պայքարը աւարտին հասցնելու համար՝ ասպարէզ է իջնելու: Թուրքիայի ապագան եւ նամանաւանդ Եւրոմիութեանն անդամակցելու գործընթացը պայմանաւորւած է այդ պայքարի աւարտով:
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը, որ յաջողել էր 2007-ի յուլիսի 22-ին երկար պայքարից յետոյ ձեռք բերել խորհրդարանի մեծամասնութիւնը եւ միայնակ ուժով կառավարութիւն կազմել, այժմ կազմալուծման սեմին է: Բնական է, որ նմանօրինակ դէպքը խեղաթիւրելու է Թուրքիայի միջազգային տիպարը:
Թուրքիայի վարչապետ ու «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ղեկավար Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկրորդ անգամ է, ինչ մատնւել է քաղաքական լուրջ ճգնաժամի: Նա առաջին անգամ 1997-ի Նեջմէդդին Էրբաքանի ղեկավարած «Բարօրութիւն» կուսակցութեան կողմից նշանակւեց Ստամբուլի քաղաքապետ: Նրանով հանդերձ, որ «Բարօրութիւն» կուսակցութիւնը վայելում էր Թուրքիայի ժողովրդի մեծամասնութեան հովանաւորութիւնը, բայց իր իսլամական թեքումների պատճառով՝ կազմալուծւեց:
Էրդողանը, որ «Բարօրութիւն» կուսակցութեան բարձրաստիճան անհատներից էր, բազմաթիւ դասախօսութիւններ կազմակերպեց, որոնցից մէկի ընթացքում արտասանեց մի բանաստեղծութիւն եւ դատապարտւեց 10-ամսեայ ազատազրկման: Նա 1999-ի մարտից մինչեւ յուլիս ամիսները միայն անցկացրեց բանտում:
Սա վարչապետ Էրդողանի համար համարւում է որպէս քաղաքական առաջին ճգնաժամը, որը աւարտւեց իր օգտին, եւ նա «Բարօրութիւն» կուսակցութեան աւերակների վրայ հիմնեց «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը:
Այժմ վարչապետ Էրդողանը երկրորդ անգամ մատնւել է քաղաքական լուրջ ճգնաժամի, որի ընթացքում ըստ քաղաքական վերլուծաբանների՝ աւարտւելու է միայն Թուրքիայի վնասին:
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան լուծարումը կարող է մէկ անգամ եւս աւարտւել Էրդողանի օգտին եւ ինչպէս «Բարօրութիւն» կուսակցութեան մնացորդները հիմք դրեցին «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը, որը աւելի հզօր դիրքերով քաղաքական ասպարէզ իջաւ, «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան լուծարումը նաեւ կարող է աւարտւել մի նոր, բայց նոյն գաղափարախօսութեամբ օժտւած կուսակցութեան կազմաւորմամբ, որը, բնականաբար, ժողովրդի աւելի մեծ զանգւածի հովանաւորութիւնը վայելելով՝ քաղաքական դաշտ է իջնելու:
Այս իրավիճակը նորութիւն չէ Թուրքիայի համար: Երբ Թուրքիան փորձել է մօտենալ ժողովրդավարական կարգերի, հակաժողովրդավարական եւ ազգայնամոլական ուժերի միջոցով մի կերպ մատնւել է ճգնաժամի: Լայիք եւ ազգայնամոլ հոսանքները այն ժամանակ են յաջողել Թուրքիայում, երբ Եւրոպայի ու ԱՄՆ-ի եւ մասամբ Թուրքիայի ժողովրդի հովանաւորութիւնն են վայելել, այն, ինչ, որ այս անգամ չի պատահել իրենց:
Ուրեմն՝ այս պայքարի աւարտը տեսնելու համար՝ պիտի սպասել Թուրքիայի Սահմանադրական դատարանի վերջնական դատավճռին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը