Wednesday, October 22, 2008

Անհնար, բայց միեւնոյն ժամանակ հնարաւոր


Արթին Առաքելեան

Վերջին 30 տարիների ընթացքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների նորմալացման բազմաթիւ առիթներ էր առաջացել, որը հնարաւոր էր երկու նախկին բարեկամ երկրների միջեւ գոյութիւն ունեցող անհաշտ մթնոլորդը վերածել բարեկամական մթնոլորդի: Բայց երկու պետութիւններն էլ բազմաթիւ խնդիրների հետեւանքով առաջացած պահերը օգտագործել չկարողացան: Իրանի նախկին կառավարութեան ժամանակ, որը զուկադիպում էր ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնի նախագահութեան ժամանակաշրջանին, երկու հաշտարար, մեղմ ու չափաւոր կառավարութիւնները առիթ չունեցան միմեանց հետ ուղղակի բանակցել եւ խզւած յարաբերութիւնները բարելաւել, որովհետեւ հաւանական կշտամբանքներն ու վարկաբեկումները, յատկապես իրանում, պատճառ դարձան, որ օրւայ նախագահ Խաթամիի բարեկարգչական թեւը, մրցակցին պատրւակ չտալու նպատակով, առհասարակ չդիմեց ԱՄՆ-ի հետ բանակցելու գործին: Բայց ժամանակի անցումը Ջորջ Բուշի եւ Ահմադինեժադի գաղափարական կառավարութիւններին մի կերպ մղեց համերաշխ յարաբերութիւններ ստեղծելու իրականութեանը, այնպէս, որ այսօր երկկողմ բանակցութեան մասին խօսելն այլեւս մեղք չի համարւում, այլ հակառակը, ժամանակ առ ժամանակ, անուղղակի եւ ինչու չէ նաեւ ուղղակի կերպով քաջալերւում է հէնց արմատական թեւի եւ հոգեւորականների կողմից:
Սա թերեւս դարաշրջանի զարմանքն է, որ երկու իրարամերժ կառավարութիւնների օրոք, որոնք անգամ իրենց ինքնութիւնն իրենց թշնամանքի էութեան մէջ են փնտրում եւ իմաստաւորում, պայմաններն այնպէս են զարգացել, որ գաղափարական խստութիւնները գունաթափւել են, այնպէս, որ տեղ-տեղ խօսւում է երկկող բանակցութիւնների մասին: Այս իրավիճակը միայն կարելի է համեմատել սառը պատերազմի օրերի հետ, երբ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռէյգանը, Խորհրդային Միութեան դէմ խիստ միջոցներ կիրառելու ծրագրով գործի գլուխ անցաւ, բայց իր պաշտօնավարութեան վերջին ամիսներին երկու թշնամի բեւեռների ղեկավարութիւնը միմեանց ձեռքերը սեղմած, խօսում էին երկկողմ համագործակցութեան մասին:
Ջորջ Բուշ կրտսերի գաղափարական կառավարութիւնը, որը Իրանին դասում է «չարութեան առանցք» երկրների շարքում եւ Իրանի հետ յարաբերութիւնը համարում է Իրանի կրօնական իշխանութեան հաստատումն ու ճանաչումը եւ այդ իսկ պատճառով հրաժարւում է ամէն տեսակ յարաբերութիւնից, մինչեւ այսօր Իրաքի հարցով թւով երեք բանակցութիւն է վարել իրանի իշխանութեան հետ եւ հիմա էլ իր պաշտօնավարութեան վերջին ամիսների ընթացքում փորձում է Իրանում բացել ԱՄՆ-ի շահերի պաշտպան գրասենեակը, որի արդիւնքում փլուզւելու է նախկին թշնամական պատնեշը:
Նոյնպէս եւ Իրանում, արմատականների եւ իսլամական յեղափոխութեան արժէքների պաշտպանների գործի գլուխ անցնելով, հակառակ արդիւնքն է ստացւել եւ կարծես արմատական թեւը շատ էլ ցանկութիւն չունի ԱՄՆ-Իրան յարաբերութիւնները գաղափարականացնել ու փորձում է աւելի գործնապաշտ հայեացքով նայել երկու երկրների յարաբերութիւններին: Եւ ճիշտ այդ գործնապաշտ քաղաքականութեան հետեւանքով է, որ ԱՄՆ-ի սենատորներն Իրանի պատգամաւորներին նամակներ են ուղարկում եւ իրանական կողմը դրանց պատասխանելու հանգամանքը խորհրդարանի քննարկման նիւթ է դարձնում:
Ամերիկացիները, Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան գրասենեակ բացելու գաղափարը համարում են ուղղակի եւ երկկողմ բանակցութիւնների սկզբնական փուլ: Վերջին տարիների ընթացքում նաեւ կարելի է, թէ՛ Իրանում եւ թէ՛ ԱՄՆ-ում գտնել երկկողմ դրական յարաբերութիւն ստեղծելու ցանկութեան նշանները. ինչպիսին են իրանի նախագահ Ահմադինեժադի նամակագրութիւնը ԱՄՆ նախագահ Բուշի հետ, ԱՄՆ-ի արտգործնախարարի Իրանի իր գործընկերոջը հանդիպելու ցանկութիւնը եւ այլն: Պիտի այն հանգամանքը նաեւ նկատի ունենալ, որ այս բոլորը պատահել է այն ժամանակ երբ երկու երկրում էլ իշխում են արմատական եւ գաղափարական կառավարութիւններ, որոնք փորձում են հաւատարիմ մնալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, կառավարութիւններ, որոնք ճիշտ է, ամենախիստ քննադատութիւններն են ուղղում իրար հասցէին, բայց եւ սակաւաթիւ պատեհ առիթներում, միմեանց ուշադրութիւնը գրաւելու նպատակով, ոչ թշնամական դիրք են որդեգրում:
Այս բոլորով հանդերձ Իրանի եւ ԱՄՆ-ի կառավարութիւնները, երկկողմ ուղղակի բանակցելու փորձառութիւններ չունեն, եւ դեռ երկար ճամբայ պիտի անցնեն միմեանց հետ լեզու գտնելու ուղղութեամբ: Իրան եւ ԱՄՆ հաւանական երկկողմ բանակցութիւնները երկու խիստ կարեւոր հարցով պայմանաւորւած են. նախ իրանի ատոմական ծրագիրը եւ երկրորդը իրանի տարածաշրջանային դերակատարութեան հարցը եւ առհասարակ այն նախապայմանները, որը երկու երկրները միմեանցիծ պահանջում են յարգել դրանց, ու ճիշտ այդ պատճառներով կարելի է ասել, թէ մօտ ապագայում անհաւանական է թւում Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների բարելաւումը, բայց պիտի ասել, որ քաղաքականութիւնը նաեւ անհնարինը հնարաւոր դարձնելու ասպարէզ է, այնպէս, որ չենք կարող բացարձակ տեսակէտ յայտնել նմանօրինակ բարդ խնդրի համար:

Ինչո՞ւ նւազում է Իրանի դէմ պատերազմի հաւանականութիւնը


Արթին Առաքելեան


Այս պահին մեզ շատ էլ չի հետաքրքրում այն լուրի ճշգրտութիւնը, որը Մայիսի 14-ին հաղորդել էր Անգլիական Գարդիան պարբերաթերթը թէ Իսրայէլի վարչապետ Էհուդ Օլմերթը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ ունեցած իր երկրորդ հանդիպման ընթացքում, ԱՄՆ նախագահից պահանջել էր Իսրայէլին Իրանի վրայ յարձակում գործելու թոյլտւութիւն տայ: Այս ընթացքում մեզ համար աւելի հետաքրքիրը Իրանի կատարած այն քայլերն է, որ պատճառ են դարձել ԱՄՆ-ի նախագահը դէմ լինի Իրանին հարւածելու Իսայէլական նախագծին:
Քաղաքական մեկնաբանների մօտ կայ մի տեսակէտ, թէ՝ Իսրայէլի միջոցով Իրանին հարւածելու որեւէ գործողութիւն պիտի անպայման ունենայ ԱՄՆ-ի թոյտւութիւնը: Որովհետեւ ինչպէս, որ գիտենք, եթէ Իսրայէլի ռազմաօդանաւները ցնականան Իրանի օդային սահման ներխուժելով հարւածել Իրանի ատոմակայանները, պիտի անցնեն այն օդային սահմաններից, ուր ներկայում վերահսկւում են ԱՄՆ-ի կողմից. այդ շարքում ամենակարեւորը Իրաքի օդային սահմանն է: Նաեւ չպիտի մոռանալ, որ իսրայէլի զինամթերքի մեծ քանակութիւնը ամերիկեան են, որոնցից օգտագործելու համար պիտի ունենալ ԱՄՆ-ի թոյտւութիւնը: Այդ իսկ պատճառով տրամաբանութիւնը ասում է, թէ գոնէ մինչեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնները, որեւէ յարձակում իրանի ատոմակայանների վրայ բեկանւած է: Ինչպէս հաղորդել էր Անգլիական Գարդիանը, դա հէնց այդ խնդիրն էր, որ ԱՄՆ նախագահը փորձել է հասկացնել իր հրեայ գործընկերոջը:
Նաեւ մի այլ խնդիր, որը պատճառ է լինում նւազել Իրանի դէմ պատերազմի հաւանականութիւնը, այն է, որ այսօրւայ Իսրայէլի քաղաքական դաշտում դեմքերի փոփոխութիւն է տեղի ունենում: Եթէ անցեալում, Էհուդ Օլմերթեը իր հանդեպ գոյութիւն ունեցող վստահութեան ծաւալը մեծացնելու համար կարիք ուներ Իրանին հարւածելու լոզունգներին, այսօրւայ նորընտիր վարչապետ՝ Ցիպի Լիւնին, դրա կարիքը այլեւս չունի: Այդ փոփոխութիւնը նաեւ կատարւում է ԱՄՆ-ի քաղաքական դաշտում, որը եւ իրանի հետ բանակցելու այլընտրանքը գերակայում է ռազմաշունչ ճառերին:
Բնականաբար այսօր Իրանը բոլոր այն զեկոյցները, որ իր մասին հրապարակւում է, իր յաղթանակն է համարում, որովհետեւ նա մինչ այսօր համբերութեամբ դիմակայել է իր դէմ սահմանւած բոլոր շրջափակումները եւ իր ատոմական նախագծից յետ չի նահանջել:
Իրանը սկզբից երկու հարցի շուրջ փորձեց մանւրել եւ այդ միջոցով ԱՄՆ-ին հեռու պահել որեւէ ռազմական գործողութիւն իրականացնելուց.
1- առաջինն այն, որ ԱՄՆ քաջատեղեակ էր, թէ յարձակւելու դէպքում ինչ ծաւալ կարող է ունենալ Իրանի հակազդեցութիւնը: Իրանը, ուղակի կամ անուղակի կերպով, ոչ միայն հարւածելու էր Իսրայէլին այն նաեւ հէնց ԱՄՆ-ի ներսում կարող էր խիստ հարւածել ամերիկային: Այս հարցը պատճառ է դառնում, որ ԱՄՆ-ն չեզոքացնի բոլոր այն յարձակումները, որ կարող են կատարւել իր սահմաններից ներս, որովհետեւ այդ դէպքում ոչնչանալու է իր բոլոր քարոզչութիւնները որոնք կատարել է ահաբեկչութեան դէմ պայքարի շրջագծում:
2- Երկրոդն այն է, որ իրանի ատոմակայանների ոչնչացման գործողութեան յաջողութիւնը մօտաւորապէս զրոյի է հասնում, որովհետեւ իրանի բոլոր ատոմական կենտրոնները ցրւած է իրանի բոլոր տարածքում, որի պատճառով անհնար է մէկ հարւածով կարողանալ այդ բոլորը ոչնչացնել: Այդ իսկ պատճառով, ոչ ԱՄՆ-ն եւ ոչ էլ Իսրայէլը հնարաւորութիւն չունեն մէկ հարւածով ոչնչացնել իրանի ատոմակայանները, եւ առաջին հարւածը կը նշանակի լայնածաւալ պատերազմ իրանի դէմ, որը եւ ներկայ փուլում անկարող են թէ ԱՄՆ-ն եւ թէ Իսրայէլը: Ուրեմն Իսրայէլի համար հնարաւոր չէ մէկ հարւածով վերջ տալ իրանի ատոմական նախագծին, այն ինչ 1982-ին կատարեց Իրաքի Ուսիրաք կայանը հարւածելով, ուր Սադամ Հուսէյնը անգամ անկարող եղաւ հակահարւած կատարելուց:
Սա շատ կարեւոր եւ ռազմավարական յաջողութիւն է համարւում Իրանի համար եւ այդ իսկ պատճառով տարածաշրջանի երկրներն էլ փորձում են իրանի կողքին կանգնելով, օգտւել այդ յաջողութիւններից: Անկասկած տարածաշրջանի երկրները չեն շահելու իրանի դէմ պատերազմ ծաւալւելու դէպքում, եւ հակառակը նրանք լաւ գիտեն թէ այդ դէպքում ինչ վնասներ են կրելու: Փորձը ցոյց է տւել, որ իրանի յաջողութիւնը նաեւ տարածաշրջանի երկրների յաջողութիւնն է: Միջինարեւելքի քարտէզին նայելով կարող ենք տեսնել դա:
Ուրեմն պիտի ասել, որ իրանի ատոմական հարցի լուծման լաւագոյն միջոցը, իրանի հետ ուղակի բանակցութիւնն է, ինչպէս, որ ԱԷԿ-ի նախագահ՝ Ալբարադէին է բազմիցս արտահայտւել թէ՝ « եթէ ԱՄՆ կարող է Հիւսիսային Կորէայի հետ, որը եւ ատոմական զէնք ունի եւ թէ ԱՄՆ-ն նրա վարչակարգը ոչ ժողովրդավարական է համարում, բանակցութեան սեղան նստել, ինչո՞ւ այդ կերպ չկարողանայ վարւել նաեւ Իրանի հետ»:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը