Monday, February 27, 2006

Հակահայկական ցոյցեր Իրանում

Երեկ փետ.25-ին Ղոմ քաղաքում եւ այսօր փետ.26-ին Թաւրիզի հայոց առաջնորդարանի առջեւ տեղի ունեցաւ իրանի ազերի անջատողականների հակահայկական ցոյցերը ի բողոք Խուջալոյի այսպէս ասած «ջարդին»: Այդ երկու բողոքների ընթացքում ձերբակալւել են աւելի քան 50 ցուցարար որոնց մէջ նշմարւելի են հոգեւորականներ հոջաթոլիսլամ Ազիմի եւ Զողին:
Իրանի անվտանգութեան ուժերը ցոյցերի ասկսելու իսկ պահին արծունքաբեր գազերով ցրել են ցուցարարների շարքերը:
Սա եւս փաստում է այն որ երբ հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման ընթացքում ոչ մի բողոք իրանահայութեան կողմից տեղի չի ունեցել այդ ընթացքը կը շարունակւի այլ ուրիշ վայրերում: Այս ընթացքին մենք՝ իրանահայերս պիտի զգուշութեամբ մօտենանք նմանօրինակ երեւոյթներին եւ քաւութեան նոխազ չդառնալ որովհետեւ գիտենք որ ԱՄՆ-ը իրանի դէմ ուղղւած իր պայքարում օգտագործում է նաեւ նմանօրինակ միջցեղային բախումները:
Արդեօ՞ք մեր ազգային իշխանութիւնները այս անգամ խելացիօրէն կը մօտենան այս հարցին թէ .................
-----------------------------------------
Սիրելի բարեկամներ եթէ չեք կարող կարդալ ԱԼԻՔ օրաթերթին արած իմ յղումները, այցելեք ԱԼԻՔ օրաթերթի կայքը, այն տեղ կը տեսնեք Armenian Font, դա download արեք եւ ձեր համակարգիչի մէջ install անելով այլեւս դժւարութիւն չեք ունենայ:

Tuesday, February 21, 2006

Մուհամմադ մարգարէի ծաղրանկարներն ու հայկական խաչքարերը

Բոլորս ականատես եղանք, թէ ինչպէս եւրոպական թերթերը անարգելով մուսուլմանների մարգարէ Մուհամմադին՝ բորբոքեցին աւելի քան մէկ միլիարդ մուսուլմանների կրքերը: Անկախ նրանից, թէ այդ ծաղրանկարները ինչ նպատակ էին հետապնդում ու Արեւմուտքի քաղաքական խմբաւորումները ինչ շահեր էին փնտրում այդ ծաղրանկարների միջոցով, նաեւ պիտի խոստովանել, որ Իսլամ աշխարհը իր կտրուկ ու յստակ պատասխանը տւեց Եւրոպայի այդ արարքին: Այս ընթացքում արեւմտեան մի շարք քաղաքական գործիչներ դանիական ու այլ եւրոպական թերթերի կատարած գործը մեկնաբանեցին խօսքի ազատութեան լոյսի տակ, բայց երբ հանդիպեցին Իրանի «Համշահրի» օրաթերթի առաջարկին, թէ եթէ Արեւմուտքում կայ խօսքի ու մտքի ազատութիւն, ուրեմն՝ կարող ենք խօսել նաեւ Հրէական հոլոկոստի մասին ու դա քննութեան առարկայ դարձնել, տեղի տւեցին ու չհամոզւեցին դա կատարել: Այդ ձեւով նրանք ապացուցեցին, որ ինչ է նշանակում «խօսքի ազատութիւն»:Երբ Եւրոպան Իսլամ աշխարհին յայտնեց, թէ «խօսքի ազատութիւն» նշանակում է այն, ինչ ցանկանում է ինքը եւ պատրաստ չէ անգամ դատապարտել խնդրայարոյց թերթերի արարքը, հանդիպեց Իսլամ աշխարհի խիստ պատասխաններին, որը մինչեւ այսօր շարունակւում է իսլամական երկրներում:Բժշկական ոլորտում երբ ցանկանում են ստուգել մարմնի որեւէ հատւածի առողջական վիճակը, հարւածում են տւեալ օրգանի ներւերին. եթէ այդ մասը հակազդեցութիւն է ցոյց տալիս, պարզւում է, որ դեռ առողջ է. հակառակ դէպքում՝ մի քանի փորձից յետոյ յայտարարում են, թէ մարմնի այդ հատւածը ողջ չէ:Այս ձեւը նաեւ կարելի է կիրառել հասարակագիտութեան մէջ: Երբ հասարակութիւնը հակազդեցութիւն է ցուցաբերում իր զգացական բաժնի վրայ հասած որեւէ հարւածի նկատմամբ, պարզւում է, որ այդ հասարակութիւնը ողջ է ու պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Այս կանոնի լոյսի տակ Իսլամ աշխարհը լաւագոյնս ապացուցեց, որ արթուն է եւ պատրաստ է պաշտպանել իր հաւատալիքները: Թերեւս շատերը ասեն, թէ այդ ծաղրանկարները ծառայում էին նոյն այդ նպատակներին, որ Իսլամ աշխարհին բողոքի ցոյցերի մղելով՝ պատճառ դառնային, որ Եւրոպան աւելի շատ մօտենար Ամերիկային, աւելի ներքաշւելով Իսլամ աշխարհի դէմ մշակւած ամերիկեան նախագծի մէջ: Բայց ինչ որ էր, հարւածը հասել էր ներւերին, որը, իմ կարծիքով, ստացաւ իր համապատասխան հակահարւածը:Նոյն այդ ընթացքում եւ մի այլ կերպ հայ ժողովուրդը եւ մասնաւորապէս իրանահայութիւնը եւս ստացաւ մի ցաւալի հարւած՝ Հին Ջուղայում մեր նախնիների շիրիմները սրբապղծւելով՝ հազարաւոր հայկական խաչքարեր ոչնչացան:Եկէք սկզբում նշւած բժշկական ու հասարակագիտական կանոնների հէնքի վրայ հարցը փոխադրենք բարոյագիտական դաշտ եւ քննարկենք այս երեւոյթը այդ դիտանկիւնից եւս: Մի խումբ ադրբեջանցի վարձկաններ փշրեցին մեր հայրերի ձեռքով ստեղծւած խաչքարերն ու սրբապղծեցին նրանց շիրիմները: Լուրը հասել է մեր հայրենակիցներին ու պատասխանատու մարմիններին. նրանք եւս իրենց հերթին բողոքել են միջազգային պատասխանատու կազմակերպութիւններին, որի հետեւանքով մի քանի շրջանակներ դատապարտեցին այդ վայրագութիւնները՝ ի բացառութիւն Հռոմի պապի, որը կարծես թէ անգամ այդ խաչքարերը քրիստոնէական չի համարում: Յետոյ տարբեր թերթերում մի քանի յօդւածներ տպագրւեցին ու կարծես թէ հարցը այսպիսով հասաւ իր աւարտին: Եւ այսպէս՝ ոչ մի բողոքի ցոյց չկազմակերպւեց համայն Սփիւռքում. գոնէ մէկ անգամ աշխարհում ցոյց լինէր Ադրբեջանի դեսպանատան շէնքերի առջեւ, բայց նման բան տեղի չունեցաւ: Ինչո՞ւ այդպէս եղաւ: Պատասխանը թողնում եմ ձեզ՝ խուսափելու համար միակողմանի ու անձնական որեւէ պատճառ փնտրելուց՝ իմանալով, որ այդ հարցի վերաբերեալ պատասխաններն ու պատճառները մէկից աւելին են:

Wednesday, February 15, 2006

Թեհրանում ոչնչացւում է ազգային աւանդութիւնները

Տըրընդէզ է: Լուսաւորութեան տօն: Բոլոր հայորդիները մասնաւորապէս երիտասարդները ամէն տարի ուրախութեամբ սպասում են Տըրընդէզին: Մեր մօտ միշտ մեծ շուքով է տօնւել ազգային բոլոր աւանդական տօները:
Բայց այս տարի դժբախտաբար թեմի «բարեխնամ» առաջնորդ Սեպուհ Սարգսեանի հրահանգով թեհրանահայութիւնը զրկւեց Տըրընդէզի տօնակատարութիւնից: Չգիտես ի՞նչու: Առաջնորդը եւ նրա բոլոր պնակալեզները ըստ երեւոյթի այս տարի իմացել են որ Տըրընդէզը «հեթանոսական» տօն է եւ ճիշտը այն է որ այլեւս կրակ չվառւի այդ օրը: Պիտի աւելացնել որ առաջնորդի այդ արարքը չենք կարող մեկնաբանել լոկ կրոնական հաւատամքի լոյսի տակ, այլ պիտի համարել որպէս համայնքը քանդելու եւ հայաթափման լուրջ քաղաքականութեան լոյսի տակ: Այս օրերին երբ Իրանում թափ է առել արտագաղթի երեւոյթը նմանօրինակ դաւաճանների գործը միայն թեժացնում է այդ ընթացքը:
Դժբախտաբար թեհրանի թեմական խորհուրդի անդամներն էլ, որ ըստ երեւոյթի միայն զբաղւում են անձնական ..............-ով ոչ մի ձեւով չեն հակառակել «բարեջան» առաջնորդի հրահանգին եւ այնպէս պատահեց որ Ս.Սարգիս եկեղեցում հաւաքւած հայորդիներին դուրս վռնդեցին եկեղեցու շրջափակից եւ եկեղեցու դռները փակեցին նրանց առջեւ:
Ցաւալի երեւոյթ է եւ բոլորին միայն մնում է այն որ մեր «առաջնորդը» ո՞ր ատեանից է ստացել իր հրահանգները թեհրանի համայնքի հայաթափման ուղղութեամբ:

Wednesday, February 01, 2006

Անուղղակի հակահարւածի անհրաժեշտութիւնը

Իրանի ատոմական թղթածրարը ահաւասիկ հասնում է մի նոր եւ շատ կարեւոր փուլի: Ըստ լրատւամիջոցների հաղորդած լուրի՝ փետրւարի 2-ին կայանալու է Վճռադատ խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգը լինելու է Իրանի ատոմական նախագիծը: Սա շատ կարեւոր փուլ է Իրանի իշխանութեան համար եւ ինչպէս յայտնի է, այդ կարեւորութեան հետեւանքով էր, որ անցեալ շաբաթւայ ընթացքում Իրանի բոլոր գլխաւոր դէմքերը հրաւիրւեցին ժողովի ու այդ ժողովին յաջորդեց Իրանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի այցը Մոսկւա եւ Պեկին: Ինչպէս որ ենթադրւում էր, Իրանը իր դիրքերը մեղմացրեց Ռուսաստանի առաջարկած նախագծի նկատմամբ՝ մեկնաբանելով որ Մոսկւայի առաջարկած նախագիծը կարող է Իրանին օգնել առաջանալիք քաղաքական ու տնտեսական մեկուսացումից ազատւելու ուղղութեամբ, որը կարող է լուրջ սպառնալիք լինել երկրի անվտանգութեան համար: Բայց ինչպէս որ նախատեսւում է, Իրանի իշխանութիւնը դիւրութեամբ չի ընդունի Ռուսաստանի առաջարկը եւ այժմ փորձում է գտնել տարբեր միջոցներ՝ դա ընդունելու համար, որովհետեւ շատ նւաստացուցիչ կը լինի, եթէ Իրանը առանց որեւէ պայմանի եւ միայն Արեւմուտքի ճնշումների հետեւանքով՝ դիմի Ռուսաստանի առաջարկն ընդունելու քայլին:Իմ կարծիքով՝ այն բոլոր միջոցներից մէկը, ռուսական նախագիծն ընդունելու համար, կարող է լինել պայմանական համաձայնութիւն կամ «անուղղակի հակահարւած»: Ինչպէս որ ընդունւած է ճապոնական այքիդու մարտարւեստի մէջ, մարտի ընթացքում յարձակւողին պիտի հարւածել ոչ թէ ուղղակիօրէն, այլ անուղղակի՝ նոյն յարձակւողի էներգիան ու հարւածը օգտագործելով իր դէմ:Իրանի արտաքին քաղաքականութիւնը նաեւ կարող է օգտւել վերոյիշեալ մարտարւեստի մարտավարութիւնից՝ Արեւմուտքի հետ պայքարելու ընթացքում, այսինքն՝ հնարաւոր է նոյն Արեւմուտքի եւ մասնաւորապէս Ամերիկայի հնարքներից օգտւել նրանց դէմ:Տեսնենք, թէ ինչպէս հնարաւոր է իրագործել այդ մարտավարութիւնը:Ինչպէս բոլորս տեղեակ ենք, Ամերիկան Ռուսաստանի առաջարկն ընդունելով՝ փորձեց համաշխարհային հանրութեանը ասել՝ եթէ Իրանի ատոմական նպատակները ոչ- ռազմական են եւ Իրանը ատոմական էներգիան միայն ուզում է օգտագործել խաղաղասիրական ուղղութիւններով, կարող է դա ունենալ միայն այն պայմանով, որ ուրանի յագեցումը կատարւի ռուսական ատոմակայաններում: Մինչեւ այս խաղափուլը՝ ենթադրւում է, թէ ԱՄՆ-ն յաղթել է խաղը եւ Իրանը ճնշումների հետեւանքով՝ զրկւել է ուրանի յագեցման իրաւունքից եւ կանգնել է մի «տրամաբանական» խնդրի առջեւ՝ եթէ ատոմական էներգիան իրօք պահանջւում է խաղաղասիրական նպատակների համար եւ Արեւմուտքի անվստահութեան հետեւանքով՝ Թեհրանը զրկւել է ուրանի յագեցման իրաւունքից, ուրեմն՝ պիտի ընդունել Ռուսաստանի առաջարկը՝ համաշխարհային հանրութեան մօտ վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով:Բայց ինչպէս որ պարզ է, Իրանում երկար քարոզչութիւնից յետոյ այժմ ռուսական առաջարկը առանց պայմանների ընդունելը նւաստացուցիչ կը լինի Իրանի իշխանութեան համար: Ուրեմն՝ այդ մտահոգութիւնը փարատելու համար՝ Իրանը իր ձեռքը պիտի առնի ատոմական նախագծի շուրջ ստեղծւած պայքարի ղեկը՝ Ռուսաստանի թղթածրարը պայմանական ձեւով ընդունելու միջոցով:Նախ Իրանը պիտի առաջին պայմանը յայտարարի այն, որ ուրանի յագեցման աշխատանքը ժամանակաւորապէս եւ այն էլ միայն վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ փոխադրւում է Ռուսաստան եւ ոչ-մշտական կարգավիճակով: Օրինակ՝ կարելի է երեք տարւայ ընթացքում ուրանը յագեցնել Ռուսաստանում: Այդ ընթացքում եթէ Արեւմուտքը բարեացակամ մօտեցում ունենայ Իրանի հանդէպ, հնարաւոր է երկարաձգել պայմանագիրը. եթէ ոչ, Իրանը կարող է չեղեալ համարել բոլոր պայմանագրերը, նաեւ այս ընթացքում կարելի է Արեւմուտքից պահանջել վերջ տալ Իրանի տնտեսական բոյկոտներին:Շարունակութեան մէջ եւ առաջին պայմանին զուգահեռ՝ Իրանը Արեւմուտքից պիտի պահանջի հոգալ Ռուսաստանում ուրանի յագեցման աշխատանքի համար պահանջւող ծախսերը: Նաեւ Ռուսաստանը պիտի երաշխաւորի յագեցման աշխատանքի շարունակականութիւնը եւ ոչ մի պատրւակով չկասեցնի այդ աշխատանքը:Ի վերջոյ, Իրանը կարող է Արեւմուտքից պահանջել, որ իր երկրի անունը դուրս բերի միջազգային ահաբեկչութեանը հովանաւորող երկրների ցանկից եւ 5 գերհզօր երկրները երաշխաւորելով Իրանի անվտանգութիւնը՝ քաղաքական ու տնտեսական բնական յարաբերութիւն ստեղծեն Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ:Այս պարագայում Արեւմուտքը պիտի կանգնի մի տրամաբանական ընտրութեան առջեւ եւ դա այն է, որ այլեւս իրեն՝ Արեւմուտքին չի սպառնալու Իրանի ատոմական ռումբը. ուրեմն՝ այլեւս իմաստ չի ունենայ Ամերիկայի որեւէ տնտեսական բոյկոտ Իրանի նկատմամբ եւ որ վերջինս պարտաւորւելու է Արեւմուտքում Իրանի առկախ մնացած դրամագլուխները վերադարձնելով՝ օրինական յարաբերութիւն ստեղծել նրա հետ:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը