Sunday, January 29, 2006

Կոչ հայ քաղաքական գործիչներին

Այսօր կարդացի հոլոկոստի մասին ՄԱԿ-ին յղւած Իրանի կառավարութեան նամակը: Մի հետաքրքիր բաժնի հանդիպեցի որը կարծում եմ պիտի հետաքրքրի այն հայ գործիչներին, որոնք աշխատում են հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գծով:
Սոյն նամակում գրւած է թէ Իրանը պատրաստ է դատապարտել բոլոր ցեղասպանութիւնները: Նշելի է որ նախագահ Ահմադինեջադը նախագահական ընտրութիւնների նախընտրական փուլում պատասխանելով մեր լրագրողի այն հարցին թէ նա ինչպէս է վերաբերւում հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդրին, ասաց թէ ինքը դատապարտում է Թուրքիայի կողմից կատարւած հայկական ցեղասպանութիւնը:
Այս բոլորը տեսնելով եւ առիթը պատեհ համարելով կոչ ենք ուղղում ՀՀ նախագահին ու կառավարութեանը, սփիւռքում գործող Հայ Դատի յանձնախմբերին, բոլոր հայ քաղաքական գործիչներին եւ աշխարհասփիւռ հայկական լրատւամիջոցներին ու մամուլին նամակներ յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահին ու խորհրդարանին հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ընդունելու ուղղութեամբ:

Tuesday, January 17, 2006

Ռուսական նախագիծ. թակա՞րդ թէ փրկութիւն

Իրանի ատոմական նախագիծը բանակցութիւնների սկզբնական օրերից մինչեւ այսօր բազում վերիվայրումների է ենթարկւել: Երբ միջազգային իրաւապահ կազմակերպութիւնները 2003-ի հոկտեմբերին տեղեկացան Իրանի ատոմական հետազօտութիւնների մասին, փորձեցին տարբեր ճնշումների միջոցով կասեցնել այդ հետազօտութիւնները՝ մինչեւ բոլորի համար պարզ դառնայ, թէ Իրանը ինչ նպատակ է հետապնդում իր ատոմական ծրագրերից: Երբ բոլորը, ի շարս ԱՄՆ-ի ու Ատոմական միջազգային կազմակերպութեան, պահանջում էին Իրանից, որ վերջինս թափանցիկ դարձնի իր բոլոր ատոմական ծրագրերը, Իրանի կառավարութիւնը այդ կրքերը հանդարտեցնելու համար ու վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ կասեցրեց ուրանի յագեցմամբ զբաղւող իր բոլոր կենտրոնների աշխատանքները եւ թոյլ տւեց, որ միջազգային քննիչները վերաքննելով տւեալ կենտրոնները՝ համոզւեն, որ իր բոլոր ատոմական նախագծերը խաղաղասիրական են եւ նպատակ չունեն ծառայել ռազմական որեւէ նպատակի, այն, ինչ որ Իրաքի պարագայում Սադդամ Հուսէյնը հրաժարւեց ընդունել:Այդ ընթացքում ձեւաւորւած եւրոպական եռեակը՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Անգլիան, որոնք ցանկանում էին այսպէս ասած Իրանի ատոմական «տագնապը» խաղաղութեամբ կարգաւորելով՝ համաշխարհային հանրութեանը եւ ԱՄՆ-ին փաստել Եւրոպայի հեղինակութիւնն ու անկախ արտաքին քաղաքականութիւնը, նախաձեռնեցին Իրանի հետ բանակցութիւնները:Պիտի նկատի ունենանք, որ Իրանը այն ժամանակահատւածում իր ծրագրերը կարգաւորելու համար՝ կարիք ունէր մի որոշ ժամանակի, եւ այդ պատճառով էլ դիմեց Եւրոպայի հետ բանակցելու քայլին: Բայց երկու տարի անց պարզւեց, որ Եւրոպան միայն բանակցում է բանակցութեան համար եւ այդ միջոցով փորձում է կասեցւած կարգավիճակում պահել Իրանի ատոմական ծրագրերը:Իրանի կառավարութիւնը կռահելով դա՝ կասեցրեց Եւրոպայի հետ իր բանակցութիւնները եւ վերսկսեց Սպահանի UCF կենտրոնի աշխատանքը, որը զբաղւում է ուրանի յագեցման աշխատանքով:Այս միջոցում երկու կարեւոր իրադարձութիւններ փոխեցին Իրան-Եւրոպա բանակցութիւնների ընթացքը. նախ Իրանի 9-րդ նախագահական ընտրութիւնները, որոնց աւարտին Մահմուդ Ահմադինեժադը դարձաւ Իրանի նախագահ եւ երկրորդը, որ ՄԱԿ-ում արտայայտւած Ահմադինեժադի առաջարկի հիման վրայ, թէ Իրանը մտադիր է համագործակցել որեւէ երկրի հետ, որ կը ցանկանայ ներդրում ունենալ Իրանի ատոմական աշխատանքների մէջ, Իրանին յանձնւեց Ռուսաստանի թղթածրարը, որի միջոցով առաջարկւում էր՝ ուրանի յագեցման աշխատանքը Ռուսաստանում կատարւելով եւ այդ ուրանը փոխադրւելով Իրան՝ ատոմական կենտրոններում օգտագործւի:Ռուսաստանի առաջարկած թղթածրարի առաջին ու գլխաւոր ջատագովը դարձաւ Ամերիկայի Միացեալ Նահանգները: ԱՄՆ-ն այդ քայլով մի քանի նպատակ է հետապնդում:Նախ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին ներգրաւելով այդ «բարդ» հանգոյցի մէջ՝ առիթ ունենալ Ռուսաստանի կարծիքը եւս փոխել Իրանի նկատմամբ, եթէ Իրանը մերժի Ռուսաստանի առաջարկը: Երկրորդը՝ Միջին Արեւելքում կոտրել Իրան-Ռուսաստան եւ ապա Իրան-Չինաստան հզօր դաշնակցութիւնը, որովհետեւ մինչեւ այն պահը, որ միայն բանակցում էին Իրանը եւ Եւրոպան, Ռուսաստանը եւ նրան զուգահեռ՝ Չինաստանը պաշտպանում էին Իրանի դիրքը եւ եթէ Իրանի ատոմական թղթածրարը պիտի յանձնւէր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ, ենթադրւում էր, թէ Ռուսաստանն ու Չինաստանը կը հակառակէին ԱՄՆ-ի որեւէ կարծիքի: Այս պատճառով էր, որ ԱՄՆ-ն 2005 թ.-ի վերջին ամիսներում Իրանի դէմ որեւէ բանաձեւ չհրապարակեց՝ յուսալով, որ Ռուսաստանը եւ Չինաստանը ի վերջոյ միանան իրեն: Այս ժամանակահատւածում ԱՄՆ-ն անգործութեան չմատնւեց. նախ պաշտպանելով Ռուսաստանի առաջարկը՝ շեփորեց Իրանի թղթածրարը Անվտանգութեան խորհուրդ յանձնելու հաւանականութիւնը, յետոյ Անգլիայի եւ Իսրայէլի միջոցով փորձեց գրգռել Իրանի կառավարութեանը՝ մղելու համար նրան որեւէ հակադարձութեան, որին եւ հետեւեցին սիոնիզմի եւ Հոլոկոստի դէմ Ահմադինեժադի կատարած արտայայտութիւնները, որոնք չարաշահւեցին Իրանի դէմ, իսկ վերջում Իրանի հետ Իրաքի խնդրով բանակցութեան միջոցով (որը հերքւեց Իրանի կողմից) ՄԱՆ-ն փորձեց աշխարհին փաստել, որ Իրանը իրօք դերակատար է Իրաքում իրագործւող խլրտումների մէջ:Այստեղ պիտի նշել, որ հաւանական չի թւում Իսրայէլի եւ նրան ընկերակցող ԱՄՆ-ի յարձակումը՝ Իրանի ատոմական կայանների վրայ, որովհետեւ երկուսն էլ տեղեակ են դրա ծանր հետեւանքների մասին, որը կը յանգի միջազգային շուկայում նաւթի գնի սանձարձակ բարձրացմանը, Իրանում ազգային եւ հակաամերիկեան կրքերի զարգացմանը, տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայէլի կենսական կենտրոնների թիրախ դառնալը Իրանի միջոցով եւ աւելին՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կտրուկ շրջադարձը՝ Իրանի օգտին:Ի վերջոյ, եթէ ուզենք ողջամտօրէն նայել Ռուսաստանի առաջարկած թղթածրարին, կը գտնենք, որ դա նոյն չափով, որ կարող է թակարդ լինել Իրանի համար, նաեւ կարող է լինել փրկարար գործօն, եթէ ռուս եւ իրանական կողմերը նախապաշարումներից հեռու՝ համաձայնութեան գան որեւէ նախագծի շուրջ, որը ելնելու է թէ՛ Իրանի, եւ թէ՛ Ռուսաստանի ազգային շահերից: Այդ միջոցում նրանք կազատւեն Արեւմուտքի ստեղծած թակարդից եւ հզօր դաշինք ստեղծելով՝ կարող են նոր փուլ ստեղծել տարածաշրջանի իրադարձութիւններում:Այդ նախագիծը կարող է լինել Իրան-Ռուսաստան համատեղ աշխատանքը՝ ուրանի յագեցման գործընթացում, որը կիրագործւի թէ՛ Իրանի, եւ թէ՛ Ռուսաստանի տարածքներում գտնւող ատոմակայաններում:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է ՀՅԴ արեւելեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի պաշտօնաթերթ «Հայրենիք»ում:

Մարտին Լյութեր Քինգի թողած ժառանգությունը


196Օ-ականներին, քաղաքացիական պատերազմից հարյուր տարի անց սեւամորթ ամերիկացիները դեռեւս ենթարկվում էին իրավական խտրականության եւ արժանանում կոպիտ վերաբերմունքի։ Կրոնական գործիչ Մարթին Լյութեր Քինգ Կրտսերն էր, որ հավասար իրավունքների պահանջով, սկսեց ոչ բռնի պայքար, ինչի համար բանտարկվեց մի քանի անգամ։
Այզեյա Լեգեթը իրավաբանության պրոֆեսոր է Վաշինգտոնի Հարվըրդի համալսարանում եւ թեկնածու՝ հարեւան Մերիլենդի նահանգում քաղաքական մի պաշտոնի համար։ Որպես քաղաքացիական իրավունքների երիտասարդ պաշտպան, նա եւս ցուցարարների կողմն էր։ Նա ասում է.
՛՛Ցանկանում էինք փոփոխություն։ Այն այնքան կարեւոր էր հատկապես հարավում բնակվողներիս համար։ Չէ որ չունեինք նույն տեղում սնվելու իրավունք, խտրականությունը տարածված էր դպրոցներում ու պետական մյուս հաստատություններում, ամենուր՝՝։
Մերիլենդում բնակվող Էլզի Քուփերը կարծում է, որ ինքը երբեք չպիտի կարողանար ստանձնել պետական որեւէ պաշտոն, կամ ունենալ հարմարավետ տուն, եթե Մարտին Լյութեր Քինգը ժամանակին չսկսեր այս պայքարը։
Այրիս Քուքի դուստրը Մարտին Լյութեր Քինգի անվան տոնական օրն անց է կացնում աշխատանք որոնելով։ Շատ ամերիկացիների նման, նա բավական երիտասարդ է Մարտին Լյութեր Քինգին հիշելու համար։ Բայց նա զգում է, որ սեւամորթ առաջնորդը մեծ փոփոխություն է իրականացրել իր կյանքում։
Վաշինգտոնի դպրոցներից մեկում, սեւամորթ ու հրեա աշակերտների մի ակումբում, պայքարում են ամեն տեսակի խտրականությունների դեմ։ Նրանք ուզում են, որ Քինգի կյանքը օրինակ դառնա իրենց համար։ Նրանցից Մորիս Վիլկինսն ասում է.
՛՛Նա սովորեցրել է ինձ հասկանալ, որ որեւէ մեկս արտոնյալ չի ծնվում, որեւէ մեկս գերհզոր ղեկավար չի դառնում ուղղակի կախարդանքով՝՝։

Sunday, January 08, 2006

Իսրայէլը՝ առանց Շարոնի

Չորեքշաբթի, յունւարի 4-ին բոլոր լրատւամիջոցները հաղորդեցին Արիէլ Շարոնի առողջութեան վատթարացման լուրը: Նա իր երկրորդ ուղեղի կաթւածի հետեւանքով՝ փոխադրւել էր հիւանդանոց:Այս մի քանի օրերում շշուկներ տարածւեցին նրա մահւան մասին, բայց ըստ իր բժիշկների հաւաստման՝ նա ողջ է:Ինչեւէ, եթէ 77-ամեայ Շարոնը յաջողի դիմադրել մահւան եւ առողջանալ, մեծ հաւանականութեամբ այլեւս կը բացակայի քաղաքական կեանքից՝ իր ֆիզիկական անկարողութեան հետեւանքով:Արիէլ Շարոնի լինել-չլինելու կարեւորութիւնը պայմանաւորւած է տարածաշրջանի ու մասնաւորապէս իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան բարդ հանգոյցի եւ անյայտ խնդրի հետ:Ճիշտ է, որ որեւէ երկրի ընդհանուր քաղաքականութիւնը նրա վարչապետի մահով չի փոխւում, բայց այս պարագայում չենք կարող հերքել Արիէլ Շարոնի կարեւոր դերն ու հեղինակութիւնը՝ վերջին տարիներում տարածաշրջանի մէջ խաղաղութիւն հաստատելու գերխնդրում:Այս խօսքերը նաեւ չեն կարող մոռացութեան մատնել այն ոճիրները, որոնք Շարոնի միջոցով իրագործւեցին Լիբանանի հարաւում գտնւող Սաբրա եւ Շաթիլա քաղաքներում, ուր հազարաւոր պաղեստինցի տարագիրներ բնաջնջւեցին նոյն Շարոնի հրահանգով:Բայց վերջին շրջանում Շարոնը, որ քաղաքական աշխարհում յայտնի էր որպէս կտրուկ ուղղութիւն փոխող մի դիւանագէտ, փոխելով ուղղութիւնը՝ համակերպւեց ամերիկեան «խաղաղութեան» ծրագրին եւ հակառակ իր կուսակցութեան ու հանրային կարծիքին՝ հրէական բանակն ու աւանները հեռացրեց Գազայի հատւածից: Նա այս կարեւոր քայլով ուզեց Արեւմուտքին ու Արաբական աշխարհին փաստել, որ ինքը ջատագովն է պաղեստինեան ու իսրայէլական անկախ պետութիւնների ստեղծման:Բայց ինչ որ պարզ է, այն է, որ այլեւս աւարտւել է Շարոնի գործունէութեան շրջանը եւ նա այսուհետեւ բացակայելու է քաղաքական կեանքից:Շարոնի բացակայութիւնը, որ ամենից չսիրւած անձն է արաբների մօտ, տարածաշրջանի արաբ կառավարութիւններին ու մասնաւորապէս Պաղեստինի ինքնավար կառավարութեանը աւելիով պիտի մտահոգի՝ քան ուրախացնի: Ինչո՞ւ: Որովհետեւ նախ պարզ չէ, թէ ով է փոխարինելու Շարոնին: Սա շատ կարեւոր հարց է: Շարոնը իր վերջին տարիների գործունէութեան հետեւանքով՝ իր դէմ ստեղծեց բազում հակառակութիւններ, որոնց հետեւանքով էլ նա հեռացաւ իշխանական Լիկուդ կուսակցութիւնից եւ ստեղծեց Կադիմա (առաջատար) կուսակցութիւնն ու հանրայայտ դիւանագէտներին ու զինւորականներին Կադիմայի շարքերը ներգրաւելով՝ փորձեց նւազեցնել իր հակառակորդների դիրքերը:Կադիման շատ արագ ծաւալւեց եւ ենթադրւում էր, թէ առաջիկայ ընտրութիւններում կը յաղթի Լիկուդ կուսակցութեանը: Բայց Շարոնի բացակայութեամբ Կադիմայի ապագան եւս անորոշ է մնացել:Այս իրավիճակում եթէ ծայրայեղականները, որոնք հակառակ էին Շարոնի քաղաքականութեանը, յաջողեն յաղթանակ արձանագրել ընտրութիւններում՝ ենթադրւում է, թէ նոր հոլովոյթ կը ստեղծւի այդ տարածաշրջանում: Նրանով հանդերձ, որ բացարձակապէս չենք կարող ասել, թէ քաղաքական կեանքում Շարոնի ներկայութեամբ Իսրայէլն ու Պաղեստինը դէպի խաղաղութիւն կը գնային, բայց Շարոնը իր աշխատանքով եւ հաւասարակշռւած դիւանագէտներին իր շուրջ համախմբելով՝ չէզոքացրեց ծայրայեղ եւ ռազմատենչ դիւանագէտների դիրքերը:Ի վերջոյ, պիտի ասել, որ Կադիմայի ղեկավարութեան պաշտօնին յաւակնում են Աշխատաւորական կուսակցութեան նախկին ղեկավար Շիմոն Փերէզը, Երուսաղէմի նախկին քաղաքապետ ու Շարոնի օգնական Իհուդ Օլմերտը, պաշտպանութեան նախարար Շաուլ Մուֆազը, տրանսպորտի նախարար Միյիր Շիտրիտը, արդարադատութեան նախարար տկն. Թզիփի Լիոնինը եւ շատ ուրիշ աչքառու անձինք, որոնք փորձելու են դառնալ այդ կուսակցութեան ղեկավարը:Բայց մասնագէտների համոզմամբ՝ թէժ պայքարը լինելու է տկն. Լիոնինի եւ Օլմերտի միջեւ:Սպասենք եւ հետեւենք առաջիկայ զարգացումներին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը