Wednesday, June 22, 2005

ԱՄՆ-Ռուսաստան, հակամարտութիւն թէ համագործակցութիւն

ՆԱՏՕ-ի համագործակցութեան ցանկութիւնը Ռուսաստանի հետ ԱՊՀ-ի երկրներում Արեւմուտքի դանդաղ ներխուժման նպատակով է:Ըստ Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէնի օգնական Լէոնիդ Իւաշովի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցութիւնը չի նպաստում Ռուսաստանի անվտանգութեանը:ՆԱՏՕ-ն նախապատրաստւում է մի ընդարձակ յարձակման եւ Ռուսաստանի որեւէ համագործակցութիւն ՆԱՏՕ-ի հետ կարող է վտանգել տարածաշրջանի այլ երկրներին ի շարս նաեւ՝ Չինաստանին:ՆԱՏՕ-ի յաջորդ նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի չէզոքացումից յետոյ Չինաստանին վերահսկելն է. Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը փաստում է այդ իրողութիւնը: Պիտի մատնանշել, որ Չինաստանի ատոմակայանների գերակշիռ բաժինը գտնւում է հէնց Կենտրոնական Ասիայի հանրապետութիւնների եւ Չինաստանի սահմանագծում:ՆԱՏՕ-ն հակառակ այն բանի, որ 1999-ին Ստամբուլում կայացած գագաթաժողովում մատնանշել էր, որ Կովկասի տարածաշրջանը պիտի ազատւի որեւէ գերուժի ռազմակայաններից, ամենօրեայ ճնշում է բանեցնում Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւնների վրայ՝ իր ռազմակայանները այդ երկրում տեղադրելու համար:Կովկասից ռուսական ռազմակայանների տեղահանումը կարող է նպաստել այդ շրջանի ապակայունացման եւ գլխաւոր պատճառներից մէկը, որ օգնում է ՆԱՏՕ-ին ներխուժել ԱՊՀ-ի երկրներ, Ռուսաստանի համագործակցութիւնն է այդ միջազգային ոստիկանի հետ:Ռուսաստանը այս վերջին տարիներում կիրառելով վախի եւ ներողամտութեան քաղաքականութիւնը՝ դարձել է ՆԱՏՕ-ի անվտանգութեան նպատակների գերգործօնը եւ գործել է ի նպաստ տարածաշրջանի նոր ոստիկանի ու այդ պատճառով էլ Ռուսաստանը դանդաղօրէն կորցնում է իր դերն ու դիրքը՝ նախկին խորհրդային հանրապետութիւնների մէջ:Ներկայում նոյնիսկ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Հայաստանի ղեկավարութեան վրայ եւ փորձում է, Հայաստանի ժողովրդին եւս դրդել Ռուսաստանի դէմ: Բայց ինչքանով նպաստաւոր է Հայաստանին, երբ դեռ վերջնականապէս չի լուծւել Արցախի հիմնախնդիրը, դեռ փակ են Հայաստանի սահմանները՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Արդեօք շահաւէ՞տ կը լինի դէպի Արեւմուտք Հայաստանի թեքումը: Եթէ Ռուսաստանի քաղաքականութիւնը ԼՂՀ-ի եւ տարածաշրջանի այլ հակամարտութիւնների հանդէպ եղել է կրաւորական (պասիւ), որը նաեւ ապահովում էր տարածաշրջանում իր ռազմական ներկայութիւնը, ապա ի՞նչ կը լինի Արեւմուտքի լուծումը՝ վերոյիշեալ հակամարտութիւնների եւ մասնաւորապէս Արցախի հիմնահարցի նկատմամբ: Այս հարցերին պիտի պատասխանեն քաղաքական այն գործիչներն ու ղեկավարները, որոնք խօսում են Հայաստանին դէպի Արեւմուտք թեքելու մասին:Ռուսաստանը ներկայում չունի այն հնարաւորութիւնը, որ ԱՄՆ-ին հեռացնի Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից, բայց եթէ համագործակցի Չինաստանի ու Շանգհայի պայմանագրի անդամ այլ երկրների եւ Իրանի հետ, կը յաջողի կատարել այդ գործը:Ի վերջոյ, պիտի աւելացնել նաեւ, որ ներկայ պայմաններում Ռուսաստանին կայունութիւն է անհրաժեշտ՝ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի սահմաններում եւ ցինիկաբար արտայայտւելու դէպքում՝ կարեւոր չէ, թէ ով կը կարողանայ ապահովել այդ կայունութիւնը: Ուրեմն՝ Ռուսաստանը դեռ դատապարտւած է տարածաշրջանում հանդուրժել ԱՄՆ-ի ներկայութիւնը եւ համագործակցել նրա հետ, բայց կարեւորը այն է, թէ դա ինչքան ժամանակով է լինելու եւ չպիտի մոռանալ, որ այս տարածաշրջանում ծնւում է ԱՄՆ-ին հակառակ մի նոր քաղաքական ու տնտեսական եռեակ՝ բաղկացած Ռուսաստանից, Չինաստանից ու Իրանից: Եւ Հայաստանն աշխարհագրականօրէն ընդգրկւած է այս եռեակի շրջագծում:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը