Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին պաշտոնապես հայտարարել է իր քաղաքական աշխատանքների գրասենյակի բացման մասին:
Կայքի համաձայն, Մոթաքին լրագրողների ներկայությամբ բացել է իր հիմնադրած գրասենյակը, որտեղ պետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ:
Հիշյալ գրասենյակի բացման արարողության ընթացքում Մոթաքին մամլո ասուլիս է ունեցել: Անդրադառնալով Իրանի հետ Սենեգալի դիվանագիտական հարաբերությունները խզելու փաստին՝ նա հայտարարել է. «Արևմտյան մի շարք երկրներ ամիսներ շարունակ Սենեգալի իշխանություններին ճնշում էին՝ ստիպելով խզել հարաբերությունները Իրանի հետ: Այդ պատճառով ինձ՝ որպես Իրանի ԱԳ նախարարի, խնդիրներին լուծում տալու նպատակով նախագահ Ահմադինեժադը ուղարկեց Սենեգալ: Նույն պահին եվրոպացի երեք դիվանագետ էլ էին գտնվում Սենեգալում, որոնք զուգահեռաբար աշխատում էին Սենեգալի իշխանություններին համոզել խզելու կապերը Իրանի հետ»:
Asr Iran կաքի մեկնաբանությամբ՝ «Առաջին անգամ է բացահայտվում, որ Սենեգալում եվրոպացի դիվանագետները զուգահեռ աշխատում էին Իրանի դեմ: Բայց հետաքրքիրն այն է, որ հենց այդ պահին, երբ ԱԳ նախարարը գտնվում էր նմանօրինակ բարդ իրավիճակում ու փորձում էր պաշտպանել Իրանի շահերը, Իրանի նախագահը պաշտոնազրկում է Մոթաքիին և, դրանով իսկ բանակցությունները ի չիք դարձնելով, դրական ենթահող պատրաստում եվրոպացի դիվանագետների համար»:
Հարկ է նշել, որ Սենեգալի իշխանությունները Իրանին մեղադրել են Սենեգալի անջատողականներին զինամթերք մատակարարելու գործում, երբ պարզվել է, որ Նիգերիայում բացահայտված իրանական ապօրինի զինամթերքի հիմնական ուղղությունը Գամբիան է, որտեղ, ըստ Սենեգալի իշխանությունների, տեղակայված են Սենեգալի անջատողական ապստամբները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment