Monday, February 28, 2011

«Ղարաբաղի ազատագրումը բոլոր իրանցիների երազանքն է»

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, Արդաբիլ քաղաքի կրոնական առաջնորդը ուրբաթօրյա նամազի ընթացքում ունեցած ելույթում, անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններին, հայտարարել է. «Չնայած Եգիպտոսում ժողովուրդը Մուբարաքի վարչակարգը փլուզեց, բայց այսօր Բաքվում դեռ կանգուն են Մուբարաքի արձանները»:

Արդաբիլ քաղաքի կրոնական առաջնորդ Հոջաթոլիսլամ Հասան Ամելին իր ելույթում անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններին ու ավելացրել. «Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մեթյու Բրայզան, Բաքվում գինու գավաթ է բարձրացրել և Ադրբեջանի ժողովրդի կենացը խմել: Նա այդ արարքով անարգել է Ադրբեջանի ժողովրդին: Բրայզան, որը տարիներ շարունակ Մինսկի խմբի անդամ է եղել, երբեք չի հայտարարել, որ Ղարաբաղը օկուպացվել է հայերի կողմից»:

Հոջաթոլիսլամ Ամելին, հիշելով Խոջալուի իրադարձության տարելիցը, ասել է. «Մենք՝ որպես մուսուլման, դատապարտում ենք Խոջալուի ջարդերը: Ղարաբաղի, այնտեղի մզկիթների ազատագրումն ու փախստականների վերադարձը բոլոր իրանցիների երազանքն է: Խոջալուի դեպքերում ակնառու դերակատարություն են ունեցել Թուրքիայի «Էրգենեկոն» խմբակցության անդամները: Բացահայտված փաստերի համաձայն, Թուրքիայի ծայրահեղականները, երբ Խոջալուն շրջապատվել է հայկական ուժերի կողմից, թույլ չեն տվել օգնություն հասնել քաղաքացիներին: Նրանք Խոջալիի անկման միջոցով փորձել են Այազ Մութալիբովի կառավարությունը փլուզել ու գործի գլուխ բերել պանթուրքիստական գաղափարներին հավատարիմ Աբուլֆազ Էլչիբեյին: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանի ժողովուրդը չի բողոքում իր ազգային դավաճանների դեմ:

Նաև մի հարց կա, որը դեռ չի գտել իր պատասխանը. ինչո՞ւ Ադրբեջանի ծայրահեղ հակաիրանական ուժերը, երբ 90-ականներին Իրանը փորձեց միջամտել Ղարաբաղի հարցին ու վերջ դնել այդ հակամարտությանը, իրենց արարքներով ապարդյուն դարձրին Իրանի ջանքերը, որի արդյունքում էլ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Ադրբեջանի հողերի 20 %-ը գրավվեցին հայերի կողմից»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը