Monday, March 09, 2009

«Հայրի՛կ, մայրի՛կ, մեղավո՛ր եք...»


Արթին Առաքելեան


Ժողովրդի մոտ կա մի շատ իմաստալից ասածվածք՝ «պատմություն չիմացողը, կրկնում է դա»: Բայց կարծես մեր մոտ, այդ իմաստուն խոսքը, մնում է լոկ որպես խոսք եւ երբեք իրականություն չի դառնում:

Մենք ազգովի, նորօրեա պատմության գերազանց փորձ ունենք, որը եթե միայն դա մի անգամ էլ վերանայենք, գոնե այսօր դրա սխալները չենք կրկնի: Վերհիշման կարգով, դրանցից մի քանիսը պիտի նշեմ:

19-րդ դարի ավարտին, 20-րդ դար սկզբին, արեւմտյան Հայաստանում, ուր հայերը հասարակական, քաղաքական եւ առավել եւս տնտեսական կարեւոր դիրք էին զբաղեցնում, եկավ մի պահ, որը այդ հանգամանքը մտահոգություն առաջացրեց իշխանությունների մոտ, ուստի նրանք փորձեցին, հայերին, մի կերպ մեկուսացնել եւ «սանձել»: Այդ «սանձ»ումին ավելացավ նաեւ որոշակի տեղահանումները եւ սպանությունները: Օսմանական արքունիքին հաջողվեց քյուրդերին հրահրել հայերի դեմ, կազմակերպել լայնածավալ սպանություններ, հույս ունենալով, թե հայերի ոչնչացումից հետո իրենց պիտի հաջողվի նաեւ ոչնչացնել քյուրդերին եւ վերջնականապես տիրանան այդ հողերին, որը ժամանակին մոնգոլական արշավանքների պատճառով անորինաբար տիրացել էին: Հետո եկան Երիտասարդ Թուրքերը, որոնք արտաքին ուժերի օգնությամբ, փորձում էին նոր կարգեր առաջացնել Օսմանական Թուրքիայում: Նրանց գլխավոր կարգախոսն էր «Եղբայրություն, հավասարություն, ազատություն», որին շատերը, եւ այդ թվում նաեւ հայ գործիչները կուլ գնացին: Հայ քաղաքական գործիչները այդ խաբկանքի հետեւանքով, եւ հանուն թուրքական հեղափոխության, նաեւ զինաթափեցին հայ ֆիդայական շարժուները, Թուրքիայում «առաջադեմ» հեղափոխությանը չհարվածելու պատրվագով: Այս բոլորով հանդերձ, այդ «առաջադեմ» կարգախոսերն էլ չկարողացան կասեցնել հայկական զանգվածային կոտորածները, զինաթափ եղած ժողովուրդը, իր իսկ քայլերով, ընթացավ դեպի թուրքական սպանդանոց: Եւ ի վերջո հասավ Ապրիլ ամիսը, նախ հավաքագրեցին տղամարդկանց, մտավորականներին ու երիտասարդներին, եւ վերջում անդեմ ժողովրդին քշեցին դեպի Տերզոր ու ... :

Եւ այսօր՝ 21-րդ դարում, այդ կոտորածների հիշատակին, կազմակերպվում է բազմաթիվ միջոցառումներ, արծունքներ են հոսում անշիրիմ մնացած զոհերի համար, եւ ով էլ որ խոսի Ցեղասպանության մասին, անկախ նրանից թե ով է ասողը, դառնում է մեր սիրելի բարեկամը:

Այս քանով բավարարվենք եւ հիմա տեղափոխվենք մեր ժամանակաշրջանը:

Դեռ Հայկական Ցեղասպանության դատը իր ավարտին չհասած, մեր քթի տակ, այսպես ասած, կրկնվում է պատմությունը, միայն այն տարբերությամբ, որ այսօր մենք ունենք անկախ պետականություն եւ Արցախյան հերոսամարտի փայլուն փորձառությունը: Խոսքը վերաբերվում է Ջավախքին: Այո՛, այսօր մեր քթի տակ, հայկական Ջավախքում, տեղի է ունենում այն, ինչ հարյուր տարի առաջ կատարվեց Արեւմտյան Հայաստանում: Վրացական իշխանությունը, Օսմանցիների փորձառությունը յուրացրած, տարիներ է ինչ սկսել են Ջավախքի հայաթափման նախագիծը, այն հույսով, որ ի վերջո իրենց կհաջողվի 80 տարի առաջ անօրինաբար գրաված տարածքը, դարձնել վրացական:

Ջավախքում, այսօր, հայերը զինաթափվում են հենց հայ գործիչների միջոցով, ամբողջ Վրաստանում, վրացականացվում են հայկական պատմական մշակութային կոթողները, երիտասարդ գործիչները զանգվածային կալանքի են ենթարկվում եւ անդեմ մնացած ժողովուրդը՝ կենցաղային անբաենպաստ պայմանների պատճառով, լքում են տուն ու տեղը, ուրիշ երկրներում ապաստան գտնելու համար: Եւ ցավալին այն է, որ հայ իշխանավորները այդ պարզ իրողությունը տեսնելով, կրկին խոսում են բարի դրացիական հարաբերությունների մասին ու հայտարարում, թե հայերը աղը ուտելուց հետո աղամանը երբեք չեն կոտրում ... : Բայց իրո՞ք այդպես պիտի անենք:

Այսօր հայ երիտասարդության ուսերին է բեռնված մեր ազգային դատը: Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժենք որոշ քաղաքական գործիչների որդեգրած սխալ քաղաքականությունները, որոնք բխում են նրանց անձնական ու կարճատեւ, եւ ոչ թե ազգային ու երկարատեւ շահերից: Այսօր հայ նոր սերունդը պիտի գործի այնպես, որ գալիք սերունդները, մեր այսօրվա նման, բարձրաձայն չբացականչեն «հայրի՛կ, մայրի՛կ, դուք մեղավո՛ր եք...»:


0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը