Իրանի «Ոչ գործառնական պաշտպանություն» կազմակերպության ղեկավար, Իրանի պահակազորի հրամանատարներից Ղոլամ Ռեզա Ջալալին իրանական Bultan News լրատվական կայքի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ շուտով կազմավորվելու է Իրանի կիբերպատերազմի ճամբարը: Նա իր զրույցում համակարգչային հակերներին պաշտոնապես համագործակցելու հրավիրեց:
Ջալալին այդ մասին ասել է. «Մենք ընդառաջելու ենք այն հակերներին, ովքեր կցանկանան իրենց հեղափոխական գործունեությամբ օգնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը»:
Ջալալին նաև զգուշացրել է այն հակերներին, որոնք կփորձեն վնասել ժողովրդին. «Նրանք թող զգուշ լինեն, մենք նրանց բոլոր աշխատանքներին ուշադրությամբ հետևում ենք»:
Ըստ Ղոլամ Ռեզա Ջալալիի՝ Իրանի կիբերպատերազմի ճամբարը աշխատելու է «Ոչ գործառնական պաշտպանություն» կազմակերպության վերահսկողության ներքո և պարտականություն ունի կիբերաշխարհում պատերազմել թշնամիների դեմ:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Իրանի պահակազորը խոշոր ներդրումներ է իրականացրել կիբերնետիկայի ոլորտում. Իրանի կիբերբանակը, որը բազմաթիվ կայքեր է շարքից հանել, համարվում է Իրանի ամենաուժեղ հակերական խումբը և ղեկավարվում է պահակազորի կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment