Tuesday, February 24, 2009

Բարոյական արժեքնե՞ր թե՞ շահադիտական հիմունքներ


Արթին Առաքելյան


ԱՄՆ-ի նորընտիր արտգործնախարար՝ Հիլարի Քլինթոնը, իր կատարած առաջին շրջագայության ընթացքին մեկնեց Ասիա, այցելելով մի քանի երկիր եւ ավարտին մեկնեց Չինաստան: Նա այն տեղ հանդիպումներ ունեցավ Չինաստանի բարձաստիճան դիվանագետների հետ եւ դրանց շարքում, նաեւ հանդիպեց Չինաստանի նախագահ՝ Հու Ջին Տաօին: Քլինթոնը, Չինաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում, հայտարարեց, թե ԱՄՆ-ն ու Չինաստանը, իրար օգնությամբ կարող են հաղթահարել միջազգային տնտեսական տագնապը:

Հիշյալ հանդիպումը, ինչպես բոլոր այլ դիվանագիտական հանդիպումները, ընթացավ մի շարք պրոտոկոլային հանդիպումներով ու հայտարարություններով, բայց այդ այցելությունն ու հնչած որոշ խոսքերը, նաեւ մեծ հուզում պատճառեց մարդու իրավունքների պաշտպան գործիչներին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը, թե՛ նախքան Չինաստան այցելելը եւ թե՛ Չինաստանում եղած ժամանակ, հայտարարել է, որ Չինաստանում մարդու իրավունքների հարցը, ԱՄՆ-ի օրակարգերի վրա չի գտնվում: Սա պարզապես հակասում է Քլինթոնի 1995-ին հայտարարած խոսքերի հետ, երբ նա հենց Չինաստանում, խիստ քնադատեց այնտեղ տիրող մարդկային իրավունքների աչքառու խախտումները: Մի խոսքով, ԱՄՆ-ն, որը մինչ օրս «Մարդկային Իրավունքներ» կոչված թերմինն օգտագործելով, չեզոքացնում էր իր մրցակիցներին, այսօր, տնտեսական խիստ պայմաններում, մի կողմ է դնում իր քարոզած «մարդկային» իրավունքները, եւ որդեգրելով օգտապաշտ քաղաքականություն, հայցում է Չինաստանի օգնությունը: Այս իրավիճակում, Չինաստանը մեծ վտանգ է համարվում ԱՄՆ-ի համար, եւ այդ վտանգը ոչ թե ռազմական է, այլ տնտեսաֆինանսական: Մենք նախորդ հոդվածներում մանրակրկտօրեն անդրադարձել ենք ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ գոյություն ունեցով ֆինանսական խնդիրներին, եւ այստեղ, միայն առ ի հիշեցում, պիտի ասել, որ ԱՄՆ-ն մոտ մեկ տրիլիոն (1000 միլիարդ) դոլար պարտք է Չինաստանին, որը եւ ԱՄՆ այդ պատճառով, ճանաչվում է որպես աշխարհի ամենամեծ պարտական երկիրը: Մի պահ պատկերացրեք, եթե Չինաստանը այդ գումարը, հենց այս տնտեսական ծանր օրերին, պահանջի ԱՄՆ-ից, ինչ իրավիճակ կառաջանա ԱՄՆ-ում: Եվ կամ էլ, Չինաստանը, ԱՄՆ դոլարի անկման հետեւանքով, մտադրվի իր դրամական պահեստը, դոլարից վերափոխի մի այլ դրամական համակարգի, օրինակի համար Եւրոյի, եւ ԱՄՆ-ին լուրջ դժվարությունների առջեւ միայնակ լքի: Որոշ մեկնաբաններ անհավանական են համարում այդ տարբերակը, բայց պիտի ասել, որ քաղաքականության մեջ չկա ոչ մի բացարձակ օրենք:

Եվ ճիշտ այդ պատճառներով է, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն միջոց օգտագործել, միայն թե «Դեղին Աժդահակին» իր դեմ չլարվի: Ուրեմն անբարենպաստ պայմաններում, «մարդկային» իրավունքներն էլ անիմաստ է դառնում: Գոյակցությունը, գերադասվում է ամեն ինչի, դա մարդկային բնազդն է թելադրում:

Կարելի է ընթերցողի մոտ հարց առաջանա, թե՞ այս բոլորը ասելով, ի՞նչ եզրահանգումի ենք ուզում հասնել. ցանկանում ենք դատապարտե՞լ ԱՄՆ-ի օգտապաշտ քաղաքականությունը, թե՞ ասել, որ «մարդկային իրավունքը» անիմաստ է ու չպիտի հավատալ նմանօրինակ խնդիրներին: Միանշանակ պիտի ասել, ո՛չ: Մենք չենք ցանկանուն նման եզրահանգումների հասնել, դրանով հանդերձ, որ մեր մամուլի մեծամասնությունը այսօր հեղեղված է նման գրություններով:

Պարզապես մեր եզրահանգումը վերաբերվում է Հայաստանի՝ ընդհանրապես, եւ աշխարհասփյուռ հայության՝ մասնավորապես, «Հայկական հարցի» լուծման ուղղությամբ որդեգրած քաղաքականություններին: Ամեն տարի, երբ մոտենում է Մեծ Եղեռնի տարելիցը, բոլորը մեծ հետաքրքրությամբ հետեւում են ԱՄՆ-ի հեռուստաալիքներին ու մամուլին, տեսնելով թե արդեօք այս տարի ԱՄՆ-ի նախագահը արդասանելո՞ւ է «ցեղասպանություն» բառը թե՞ ոչ: Եւ ամեն տարի էլ, երբ չեն հասնում իրենց «մուրազ»-ին, հուսահատությամբ մի քանի քաղցր խոսք են ուղղում ԱՄՆ նախագահին, եւ կրկին գործում հաջորդ տարվա համար, մտածելով թե հաջորդ տարի հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը, ելնելով մարդկային եւ բարոյական արժեքներից ու սկզբունքներից, բարի գտնվի եւ Մեծ Եղեռնը ճանաչի որպես ցեղասպանություն: Ես անձնապես դեմ չեմ այն քարոզչությանը, որը սփյուռքի կազմակերպությունները կատարում են Հայոց Ցեղասպանությունը միջազգայնօրեն ճանաչեցնելու համար, բայց դեմ եմ այն միամտությանը, որը կարծում է թե ԱՄՆ իշխանությունը, հավատարիմ մնալով իր քարոզած «մարդկային իրավունք»-ներին, պարտավոր է ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը: Այ՛ո, իմ անձնական կարծիքով էլ, թե՛ ԱՄՆ-ն եւ թե՛ Թուրքիան պարտավորություն ունեեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց չեն կատարել: Չեն կատարել, որովհետեւ քաղաքականության եւ միջազգային հարաբերության մեջ պարտավոր լինել, դեռ չի նշանակում պարտավորությունը կատարել: Այսօրվա դրությամբ մեծ տերությունները իրենց պարտավորությունները կատարելու համար պիտի բավարար շահադիտական հիմունքներ ունենան: Ճիշտ է, ու նաեւ ցանկալի, որ պետությունները իրենց հարաբերությունների մեջ կիրառեն նաեւ մարդկային ու բարոյական պատվիրանները, բայց այդպես չի այսօր եւ չի եղել երբեք: Բարոյական պատվիրաները կարելի է որպես արժեք, կիրառել պաշտպանողական ճառերի մեջ, պարզապես շահադիտության ու շահախնդրության այլանդակ կերպարը քողարկելու նպատակով, բայց որեւե դատ դիվանագիտօրեն փաստելու համար, պիտի հիմնվի շահադիտական հիմունքների վրա:

Ուրեմն ժողովրդի մեջ մակերեսայնություն եւ միամտություն սերմանելու փոխարեն, հայեացքները պիտի շրջել դեպի նես, կառուցել ու հզորացնել հայրենիքը ու հայկական բոլոր գաղութները, այնպես, ինչպես դրա միջոցով հնարավորություն կունենանք շահագրգռել մեծ պետություններին, մեր ազգային դատով զբաղվելու եւ իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Եթե այդպես չլինի, մեր դատը դառնալու է միայն մեծ տերությունների խաղաքարտ, միմյանց հետ հաշվեհարդար նստելու համար, եւ բոլորս կախյալ ենք լինելու նրանց քմահաճույքներից:


0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը