Օրեր առաջ լուրերում կարդացի, թէ ԱՄՆ-ում երկու քրիստոնեայ հոգեւորականներ Իսլամը «կեղծ կրոն» անւանելով, այրել են Ղուրանի երկու օրինակներ: aysor.am -ն այդ լուրը հրապարակելով գրում է.
Երկու հոգևորական Ղուրանի առնվազն երկու օրինակ այրել են ամերիկյան Թենեսի նահանգում: Այս մասին համաձայն «Ինտերֆաքս» գործակալության, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի, հոգևորականներից մեկը, այրելով գիրքը, իսլամն անվանել է «կեղծ կրոն», ասված է տեղեկատվության մեջ:
Նաեւ պիտի աւելացնել, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քահանայ Թերի Ջոնսն էլ, յայտարարել էր, թէ մտադիր է սեպ.11 -ի ահաբեկչութեան տարելիցին, հրապարակաւ այրել մի քանի հարիւր Ղուրան: Բայց եւ այնպէս, նա վերջին օրերին հրաժարւեց իր մտադրութիւնից (+): Այդ օրերին Ջոնսի յայտարարութիւնները դատապարտեց նաեւ Իրանի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Սեպուհ Սարգսեանը (+):
Հետաքրքիրն այն է, որ բոլորը Ղուրանի այրելը եւ կամ այրելու ցանկութիւնը կապում են սեպ.11 -ի դեպքերի հետ: Բայց արդեօ՞ք կարելի է այդ կերպ դատել: Եթէ մի քիչ փորփրենք մեր շրջապատը ու աւելի ուշադիր լինենք լուրերին, հնարաւոր է գտնենք այն պատճառները, որոնց հետեւանքով Ղուրանը այրեցին ԱՄՆ-ում:
Մի ամիս առաջ Իրանական Ջահան Նիւզ լրատւականը հրապարակեց մի լուր, որի համաձայն, Իրանի Անվտանգութեան Ծառայութիւնները իրանի արեւմտեան շրջաններում, առգրաւել են աղաւաղւած Թորահներ ու Աւետարաններ, ու տեղում այրել են բոլորը (+) (դժբախտաբար կայքէջը միայն պարսկերէնով է աշխատում, բայց պարունակութիւնը նոյնն է, որը ներկայացրեցի):
Իրանում ապրող իւրաքանչիւր քրիստոնեայ քաջատեղեակ է թէ քրիստոնեութիւնը ինչպիսի թափով է ծաւալւում հասարակութեան մեջ, որի պատճառով ժամանակին սպանւեցին բողոքական եկեղեցուն պատկանող երեք հոգեւորականներ: Իրանի իշխանութիւնը բոլոր միջոցներով փորձում է կանխել երկրում ծաւալւող քրիստոնեութիւնը:
Ներկայում հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս է, որ հէնց անվտանգութեան ծառայութիւնների քթի տակ, հէնց Թեհրանում, պաշտօնապես տպագրւում են խեղաթիւրւած Բառնաբայի ու Մորմոնների աւետարանները, դիւրութեամբ ցրւում են Եհովայի վկաների թերթիկներն ու գրքերը, ու հէշտութեամբ տարածում գտնում շուկայում, բայց միեւնոյն ժամանակ, Իրանի արեւմտեան սահմաններից ներս մտած աւետարանները, որոնք պիտի ասեմ շիտակ ու ոչ խեղաթիւրւած են եղել, որպէս «խեղաթիւրւած» աւետարաններ այրւում են: Ո՞վ է քննել այդ գրքերը ու եզրակացրել թէ դրանք խեղաթիւրւած գրքեր են: Արդեօք Թեհրանի առաջնորդը, որը դատապարտում է ԱՄՆ-ում ղուրանի այրելու ցանկութիւնը, տեղեկացւա՞ծ է դրա մասին թէ՞ ոչ:
Ինչ որ է, իւրաքանչիւր երեւոյթ ունի իր պատճառն ու հետեւանքը եւ նմանօրինակ դեպքեր չեն կարող առանց պատճառի լինել:
Մի խօսքով այդ աւետարանները, որոնք ներմուծւում են Իրան, տպագրւած է բողոքականների կողմից եւ իրանում էլ տարածւում են բողոքական քարոզիչների միջոցով, երբ դրանք այրում են, լուրը հէնց նրանց խողովակով էլ հասնում է Ամերիկեան բողոքականներին, եւ նրանք էլ առիթը օգտագործելով, փորձում են համապատասխան քայլի դիմել, որի տակում նաեւ թաքնւած է դէպի Արմագեդէոն տանող ճանապարհային քարտեզը:
0 Պատգամ:
Post a Comment