Քրիստոնեաների Սուրբ Գրքի վերջին բաժնում՝ Յովհաննու Յայտնութիւնում կարդում ենք մի շարք խորհրդաւոր ու առասպելախառն դէպքերի մասին, որոնք ըստ գրողի՝ Յովհաննէս առաքեալի, պիտի իրականանան ժամանակի ընթացքում, բայց թէ երբ եւ ինչպէս՝ պարզ չէ բոլորին: Տւեալ գրքի խորհրդաւոր եւ առասպելանման դէպքերը պատմութեան ընթացքում անգամներ վերագրւել են որեւէ պատահած դէպքի ու շատերը փորձել են օրւայ իրավիճակը մեկնաբանել՝ Յայտնութեան գրքի հիման վրայ:Այս բոլորի մէջ կայ շատ կարեւոր ու հետաքրքիր մի դէպք, որը խօսում է աշխարհի աւարտի մասին, թէ ինչպէս վերջին օրերում Արմադեգէոն մի վայրում տեղի կունենայ մի վճռական պատերազմ՝ չարի ու բարի ուժերի միջեւ ու դրանից յետոյ է, որ պիտի գայ Փրկիչը ու....:Այստեղ նպատակ չունեմ խօսել Արմագեդէոնի պատերազմի ճիշտ թէ սխալ լինելու մասին. կարելի է ենթադրել , թէ դա էլ մի տեսակ խորհրդաւոր պատգամ է, այլ կուզեմ խօսել քաղաքական-տնտեսական այն պատերազմի մասին, որը գտնւում է Սպիտակ տան առաջին օրակարգում ու անւանւել է Արմագեդէոնի պատերազմ:Արմագեդէոնի գաղափարը կարելի է անւանել իսրայէլա-ամերիկեան աշխարհածաւալման գլխաւոր գաղափարը, մի գաղափար, որը քարոզում է, թէ աշխարհը բաժանւել է երկու գլխաւոր ճամբարի՝ չարի ճամբարը, որը, ըստ նրանց, կազմւած է՝ հակաամերիկեան, հակաիմպերիալիստական ու առհասարակ իսլամական երկրներից եւ բարի ճամբարը, որը կազմւած է՝ Ամերիկայից, Իսրայէլից ու նրանց բոլոր համախոհներից:Ամերիկացի ու հրեայ մի շարք «մտաւորականներ» 20-րդ դարի վերջին տարիներում փորձեցին մի կերպ «նախագուշակել» 21-րդ դարի իրավիճակը, բայց նրանց քարոզած նախագուշակութիւնը՝ քաղաքակրթութիւնների բախման մի մեծ պատերազմի մասին, մենք գտնում ենք նախածրագրաւորում ու նպատակների յստակեցում: Այդ նախագիծը կամ ամերիկացիների ասածով՝ «նախագուշակութիւնը» կարօտ էր մի շարք հասարակական, մշակութային ու կրօնական աշխատանքների, որը պիտի կատարւէր մինչեւ 20-րդ դարի աւարտը:Ուրեմն՝ բոլորը գործի անցան: Նախ՝ Երրորդ աշխարհի երկրները, որոնց տւեալ նախագծում զոհի դերն է տրւել, ենթարկւեցին տնտեսական ու քաղաքական տարբեր ճնշումների, որի հետեւանքով՝ տւեալ երկրների հասարակութիւնները մատնւեցին ծանր տագնապների. այնուհետեւ արբանեակային ծրագրերի հեռարձակմամբ ու համացանցի միջոցով խորացրեցին Առաջին եւ Երրորդ աշխարհների երկրների միջեւ տիրող տարբերութիւնները՝ թէ՛ հասարակական, եւ թէ՛ տնտեսական ոլորտներում. եկան սիոնիստ քրիստոնեաներ կոչւող հոգեւորական քարոզիչները, որոնք աւետում էին, թէ մօտ է Արմագեդէոնը, թէ Պաղեստինը պիտի պատկանի Իսրայէլին եւ, ի վերջոյ, իսլամին հաւատացողները վերջին օրը պիտի դասւեն չարի ճամբարի շարքում:Եւ այսպիսով՝ սկսւեց կրքերի բորբոքումը Իսլամ աշխարհում: Այս վիճակը շարունակւեց մինչեւ սպասւող օրը՝ սեպտ. 11, 2001 թ., որը նաեւ կարելի է կոչել ԱՄՆ-ի ինքնահարւածի օրը: Երբ Իսլամ աշխարհը ամէն գնով իրեն զուսպ պահեց, չհակադարձեց ԱՄՆ-ին եւ ոչ մի պատրւակ չտւեց իրեն պախարակելու համար, ուրեմն՝ այդ պատրւակը պիտի ստեղծւէր հէնց ԱՄՆ-ի կողմից:Եւ այսպիսով՝ ԱՄՆ-ն յայտարարեց, թէ հասել են վերջին օրերը, պիտի տեղի ունենայ Արմագեդէոնի պատերազմը եւ Սեպտ. 11-ը դրա պարզ ազդանշանն է: Ու ԱՄՆ-ն իր էներգետիկ աղբիւրներն ապահովելու նպատակով՝ ստեղծեց մի առիթ՝ յարձակւելու էներգետիկ առումով ամենահարուստ երկրների վրայ:Այն օրւանից անցել են հինգ դաժան տարիներ, որի հետեւանքով՝ բռնագրաււեցին Աֆղանստանն ու Իրաքը եւ ամենօրեայ սպառնալիք են ստանում՝ Իրանը, Սիրիան, Լիբանանը եւ առհասարակ՝ Միջին Արեւելքի երկրները:Չպիտի մոռանանք, որ դեռ չի աւարտւել ԱՄՆ-ի ծրագրած նախագծի իրագործումն ու շարունակւում է դա մնալ իր ուժի մէջ մինչեւ այսօր: Դրա պարզ օրինակներն են՝ Մուհամմադ մարգարէի մասին տպագրւած ծաղրանկարները, Լիբանանի պատերազմը եւ վերջերս Կաթոլիկ եկեղեցու կրօնապետ Բենեդիկտ 16-րդ պապի անպատասխանատու արտայայտութիւնները՝ իսլամի ու նրա մարգարէի հասցէին:Նմանօրինակ արտայայտութիւնները միայն ու միայն ծառայում են ԱՄՆ-ի ծրագրած «Արմադեգէոն» նախագծին ու ջուր են լցնում Ամերիկա-իսրայէլական արեան ծարաւ ջրաղացին: Ուրեմն՝ դատապարտելի են նմանօրինակ բոլոր յայտարարութիւնները եւ բոլոր ժողովուրդները, լինեն քրիստոնեայ թէ մուսուլման, իրենց խոհեմ ու տրամաբանական քայլերով պիտի չէզոքացնեն նման ձախաւեր առաջնորդների անպատասխանատու յայտարարութիւնները:
0 Պատգամ:
Post a Comment