Thursday, December 27, 2007

ԱՄՆ-ի ճնշումները Հայաստանի վրայ կաւելանան

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ


Մի քանի ժամանակ է, ինչ ԱՄՆ-ը դարձել է ՀՀ-ում նոր ատոմակայանի ստեղծման կողմնակից: ԱՄՆ-ը ցանկանում է Մեծամօրի ատոմակայանը, որ վնասւել է 1988-ի երկրաշարժից, փոխարինել մի նոր ատոմակայանով: Բայց դեռ պարզ չէ, թէ տւեալ նախագիծն ինչ միջոցներով է ֆինանսաւորւելու եւ առհասարակ ինչն է պատճառ դարձել, որ ԱՄՆ-ը մտածի ՀՀ-ում նոր ատոմակայանի ստեղծման ուղղութեամբ: Արդեօք այդ մտադրութիւնը լոկ տնտեսակա՞ն պատճառ ունի թէ դրա յետեւում թաքնւած մի այլ նպատակ:Այս ուղղութեամբ զրոյց ունեցայ Իրանում աշխատող «Նոր հայեցակարգ» ռազմավարական կենտրոնի տնօրէն եւ Իրան-Հայաստան բարեկամական միութեան վարիչ մարմնի անդամ միջազգային յարաբերութիւնների դոկտոր Միրղասեմ Մոըմենիի հետ:


Հ.- Որպէս առաջին հարց՝ պիտի խնդրեմ բացատրէք, թէ էներգիայի ոլորտում ինչ է Իրանի Իսլ. Հանրապետութեան քաղաքականութիւնը եւ որոնք են այդ քաղաքականութեան առաջնահերթութիւնները՝ տարածաշրջանում:


Պ.- Ինչպէս գիտէք, Իրանը միջազգային ասպարէզում ճանաչւած է որպէս էներգիա արտածող մի կարեւոր երկիր՝ թէ նաւթային, եւ թէ՛ գազային ոլորտներում: Իրանը էներգիայի հսկայածաւալ եւ հարուստ աղբիւրներ ունի, որը եւ ռազմավարական շատ կարեւոր նշանակութիւն ունի իր համար: Վերջին տարիներում ԻԻՀ-ն իր էներգիայի քաղաքականութիւնների շրջագծում շատ կարեւորութիւն է տւել գազի արտածմանը: Իրանը գազ արտահանող երկրների շարքում Ռուսաստանից յետոյ երկրորդ տեղում է գտնւում եւ ճիշտ այդ պատճառով է, որ գազի արտածումը շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակութիւն ունի ԻԻՀ-ի համար: Գազային զէնքը, եթէ, իհարկէ, կարելի է դա այդպէս անւանել, այն կարեւոր ազդակներից է, ինչ Իրանի համար կարող է օգտակար լինել միջազգային յարաբերութեան ոլորտում: Որպէս օրինակ՝ կարելի է նշել Ռուսաստանը: Ռուսաստանը գազը օգտագործում է որպէս ճնշման միջոց՝ իր յարաբերութիւնները Եւրոպայի, Ուկրայնիայի, Բելոռուսիայի եւ այլ երկրների հետ կարգաւորելու գործընթացում: Գազի գներն այսօր պայմանաւորւածութեամբ չեն ճշտւում, այլ ուղղակի ճշտւում են գազը վաճառողի կողմից եւ ինչ գին էլ որ ճշտւի՝ ներածող երկրները պարտաւոր են վճարել դա: Այս շրջագծում ԻԻՀ-ն որպէս գազ արտահանող երկրորդ ամենամեծ երկիրը՝ չի կարողացել ճիշտ օգտագործել իրեն շնորհւած առիթը եւ այդ պատճառով՝ չունի արդիւնաւէտ արտածում՝ գազի ոլորտում: Այդ իսկ պատճառով՝ ԻԻՀ-ն մշակեց գազի արտածման երկարատեւ նախագիծ եւ դրա արդիւնքում նախ պայմանագիր կնքեց Պակիստանի եւ Հնդկաստանի հետ, որը յայտնի է որպէս «Խաղաղութեան» խողովակաշար: Երկրորդ հանգրւանում սկսեց բանակցել Թուրքիայի հետ, Իրանի գազը ներկայ խողովակի միջոցով Եւրոպա արտածելու նպատակով, որը եւ դրական արդիւնք չի ունեցել մինչ այսօր:
Բայց, հիմնական հարցը գազի արտածումն էր դէպի Հայաստան: Հայաստանը որպէս Իրանի հարեւան եւ քաղաքական-տնտեսական դաշնակից երկիր Հարաւային Կովկասում՝ դէպի Եւրոպա արտածւող իրանական գազի ամենավստահելի ճամբան է: Հայաստանը նաեւ իր էներգիայի պակասը լրացնելու համար՝ խիստ կարիք ունի Իրանի գազին: Նախնական բանակցութիւններում խօսւում էր Իրանի գազը Հայաստանով փոխադրել Ուկրայինա եւ այնտեղից էլ՝ Եւրոպա, բայց Ռուսաստանի շահերին բախւելով՝ առկախ մնաց դէպի Եւրոպա գնացող խողովակի նախագիծը եւ միայն շահագործման ենթարկւեց Իրան-Հայաստան գազատար խողովակաշարը:Բայցեւայնպէս՝ Իրանը գազ արտածելու հսկայածաւալ ներուժ ունի եւ դա հետաքրքրում է բոլորին, ի մասնաւորի՝ Եւրոպային: Եւրոպան Ռուսաստանի գազային ճնշումներից ազատւելու համար՝ ցանկանում է համագործակցել Իրանի հետ, անգամ եթէ Իրանը իր ատոմական ծրագրի պատճառով ոչ-ցանկալի երկիր ճանաչւի: Ապագայի պայքարը էներգետիկ պայքար է լինելու եւ այսօր էներգիայի աղբիւրները օգտագործւում են որպէս ազդեցիկ զէնք: Մի ֆրանսիացի ուսումնասիրող այս ուղղութեամբ ասել է, որ Ռուսաստանը չկարողացաւ իր ատոմական զէնքով Եւրոպային ծունկի բերել, բայց իր գազային զէնքով Եւրոպային ապացուցեց, որ Ռուսաստանը մի հզօր երկիր է: Սա ինքնին փաստում է, որ էներգիան շատ կարեւոր դեր ունի այսօրւայ աշխարհում: Այդ կարեւորութեան պատճառով է, որ ԻԻՀ-ն մտադիր է իր երկարատեւ քաղաքականութեան շրջագծում օգտւել իր էներգիայի եւ յատկապէս գազի հսկայական աղբիւրներից:


Հ.- Իրան-Հայաստան երկկողմ բանակցութիւնների արդիւնքում կողմերը համաձայնեցին, որ Հայաստանը ամէն 1 խ. մ. գազի դիմաց Իրանին վճարի 3 կվ. էլեկտրականութիւն: Հայաստանը իր գլխաւոր էլեկտրականութիւնը արտադրում է Մեծամօրի ատոմակայանում, որի մի բաժինը, ինչպէս սկզբում ասացի, վնասւել է 1988-ի երկրաշարժի պատճառով: Եւ այսօր ԱՄՆ-ն մեծ ցանկութիւն ունի այդ ատոմակայանը գնելով եւ բարենորոգելով՝ շահագործման ենթարկել դա: ԱՄՆ-ն այս ուղղութեամբ յայտարարել է, թէ Հայաստանը իրաւունք ունի օգտագործել ատոմական էներգիա: Բայց, մենք տեսնում ենք, որ այսօր նոյն ԱՄՆ-ն ցանկանում է Իրանին զրկել այդ իրաւունքից եւ ամէն տեսակ ճնշումներով ու անգամ սպառնալիքով փորձում է Իրանին զերծ պահել ատոմական էներգիայի արտադրումից: Ինչպէ՞ս կը գնահատէք ԱՄՆ-ի այս երկակի քաղաքականութիւնը:


Պ.- Հայաստանը, ինչպէս ասացիք, էլեկտրականութեան յաւելեալ արտադրութիւն ունի եւ Իրանը իր սահմանամերձ շրջաններում կարիք ունի դրան: Ուրեմն՝ երկու կողմերը համաձայնեցին, որ Հայաստանը գազի դիմաց Իրանին վճարի էլեկտրականութիւն: Այստեղ հիմնական հարցը ԱՄՆ-ի միջոցով Հայաստանի ատոմակայանի հսկողութիւնն է: Պարզ ասած՝ Հայաստանի հարցում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը մրցակցում են իրար դէմ ու Հայաստանը այս մրցակցութեան միջեւ առկախւած է: Ռուսները երկարատեւ շահեր ունեն Հայաստանում եւ մի խօսքով՝ այսօր տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի հարաւային յենակայանն է նկատւում: Միւս կողմից՝ ԱՄՆ-ը Հարաւային Կովկասում իր ռազմավարական ծրագրերը ծաւալելու եւ անվտանգութիւնն ապահովելու նպատակով՝ խիստ կարիք ունի Հայաստանին: Գալով ատոմակայանի հարցին՝ պիտի ասել՝ այո՛, մի երկրաշարժ տեղի ունեցաւ եւ վնասւեց Մեծամօրի մի բաժինը եւ ճիշտ այդ պատճառով՝ ԱՄՆ-ն փորձում է զուգահեռներ գտնել Մեծամօրի ու Չեռնոբիլի միջեւ: Ճիշտ է, որ Չեռնոբիլը մեծ վնասների պատճառ եղաւ եւ նման պատահարներից խուսափելու համար է, որ նորոգութեան պիտի ենթարկել Մեծամօրի ատոմակայանը, բայց պիտի տեսնել, թէ ԱՄՆ-ն ինչ է հետապնդում Մեծամօրի կայանը գնելով: Նախ ասեմ, որ Մեծամօրի կայանը ռուսական ձեւով կառուցւած կայան է ու եթէ ԱՄՆ-ն ցանկանում է դա բարենորոգել եւ կամ նոր ատոմակայան կառուցել, վստահաբար, պիտի համաձայնի Ռուսաստանի հետ: Առանց Ռուսաստանի համաձայնութեան՝ ԱՄՆ չի կարող նոր ատոմակայան կառուցել Հայաստանում: Ուրեմն՝ կամ համաձայնել է, եւ կամ պիտի համաձայնի Ռուսաստանի հետ:ԱՄՆ-ն Հարաւային Կովկասը միատարր արեւմտամէտ շրջան դարձնելու համար՝ կարիք ունի Հայաստանին: Ադրբեջանը արդէն գտնւում է Արեւմուտքի ճամբարում, Վրաստանը իր թաւշեայ յեղափոխութեան միջոցով միացաւ այդ ճամբարին եւ այս ընթացքում միայն Հայաստանն է, որ տատանւում է Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ եւ լիովին չի միացել Արեւմուտքի ճամբարին: Ուրեմն՝ ԱՄՆ-ն գտնում է, որ Հայաստանին ճնշելու եւ դէպի Արեւմտեան ճամբար թեքելու լաւագոյն միջոցը հէնց ատոմակայանի հարցն է եւ ոչ-քաղաքական ճնշումը, որովհետեւ հանրային կարծիքը հեշտութեամբ ընդունելու է դա: Մի խօսքով՝ ԱՄՆ-ն իր քաղաքական ճնշումը փորձում է գիտութեան եւ բնապահպանութեան լեզւով արտայայտել, բայց պիտի իմանալ, որ այդ բոլորի յետեւում թաքնւած են ԱՄՆ-ի ռազմավարական եւ քաղաքական նպատակները: Ես վստահ եմ նաեւ, որ ամերիկացիները յստակ ծրագրեր ունեն Հայաստանի առաջիկայ նախագահական ընտրութիւնների համար: Նրանք Հայաստանում ցանկանում են տեսնել այնպիսի նախագահ, որը կապահովի իրենց ներկայութիւնը՝ Հայաստանում:ԱՄՆ-ն փորձում է Հարաւային Կովկասում երկարատեւ ներկայութիւն ապահովել իր համար եւ այդ երկարատեւ ներկայութեան գրաւականը տարաձայնութիւնների եւ, ի վերջոյ, հակամարտութիւնների առկայութիւնն ու շարունակութիւնն է: Մի խօսքով՝ հակամարտութիւնների գոյութիւնը ապահովում է նրանց ներկայութիւնը:


Հ.- Դուք նկատի ունէք Ղարաբաղի՞ հարցը:


Պ.- Այո: Ես անգամներ յայտարարել եմ, Ղարաբաղի հակամարտութիւնը, որ թէ՛ Հայաստանին, եւ թէ՛ Ադրբեջանին պահել է ոչ-պատերազմ եւ ոչ-խաղաղութիւն վիճակում, պատճառ է դարձել, որ հակամարտող կողմերը աւելիով կախում ունենան ԱՄՆ-ից: Եւ որովհետեւ ռուսները աւելի աչքառու ներկայութիւն ունեն Հայաստանում՝ քան Ադրբեջանում, ուրեմն՝ ապագայում Հայաստանի վրայ ԱՄՆ-ի կողմից աւելի մեծ ճնշումների ականատես կը լինենք: Այդ պատճառով է, որ մենք պիտի ԱՄՆ-ի ներկայութեան հարցին ուշադրութեամբ հետեւենք, որովհետեւ եթէ մի երկրում երկու գերհզօրի շահերը բախւում են, այնտեղ նաեւ ապակայունութիւն է առաջանում: Իմ համոզմամբ՝ եթէ Ղարաբաղի հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ուղղակի բանակցութիւն վարէին, աւելի արդիւնաւէտ կը լինէր՝ քան հիմա, երբ հակամարտութեան հարցով յայտնւել են ամերիկացիները, Եւրոպան եւ ռուսները: Հակամարտութիւնների առկայութիւնը եւ շարունակականութիւնը Հարաւային Կովկասում ձեռնտու է ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Եւրոպային՝ տարածաշրջանում իրար վրայ ճնշում բանեցնելու նպատակով: Առանց հակամարտութիւնների՝ Հարաւային Կովկասում գերուժերի ներկայութիւնը անօրինական կը լինի:


Հ.- Ինչպէ՞ս կը գնահատէք Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները:


Պ.- Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները Հայաստանի անկախութեան առաջին իսկ օրից շատ լաւ են եղել: ԻԻՀ-ն Հայաստանի առաջին հարեւաններից էր, որ անկախացումից յետոյ՝ իր դեսպանատունը բացեց Երեւանում եւ մինչ այսօր քաղաքական, տնտեսական եւ մշակութային շատ դրական յարաբերութիւններ են տիրել երկու երկրների միջեւ: Իրանը այն երկիրն է, որի մէջ բնակւում են աւելի քան 120 հազար հայեր եւ դա ինքնին պատճառ է դառնում դրական եւ արդիւնաւէտ յարաբերութիւնների: Այսօր Հայաստանում շուրջ 3000 իրանցի ուսանողներ են ուսանում, որը մի ուրիշ երկրում նախընթաց չունի եւ դա ապացուցում է, որ Հայաստանը շատ մեծ կարեւորութիւն ունի Իրանի համար:Վերջում աւելացնեմ, որ Իրանի եւ Հայաստանի ժողովուրդները դարաւոր յարաբերութիւններ ունեն իրար հետ եւ Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան գլխաւոր նպատակներից էլ նոյն այդ դարաւոր յարաբերութիւնը պահպանելն ու զարգացնելն է:


Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 12 համարում

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը