Tuesday, July 05, 2005

Ադրբեջանի գունաւոր յեղափոխութիւնը

Նոյեմբերին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրութիւններ: Երկու տարի է, ինչ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնները նախկին Խ. Միութեան հանրապետութիւններում դարձել են թաւշեայ յեղափոխութեան դրդապատճառը:Վրաստանից, Ուկրայինայից ու Կիրգիզստանից յետոյ խօսւում է մի շարք այլ երկրների մասին, որտեղ պիտի տեղի ունենայ թաւշեայ կամ գունաւոր յեղափոխութիւն: Այդ երկրների շարքում են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելոռուսիան եւ Ղազախստանը:Ադրբեջանում աւելի քան մէկ տարի է, ինչ քաղաքական իրավիճակը թէժ է: 2003 թւականի նախագահական ընտրութիւններից ի վեր, որի ընթացքում Իլհամ Ալիեւին յաջողւեց յաղթել խախտումների օգնութեամբ, ադրբեջանական ընդդիմութիւնը խիստ ճնշումների տակ է գտնւում:Ալիեւ կրտսերը գունաւոր յեղափոխութիւնից խուսափելու համար՝ նոյեմբերին պիտի կայացնի խորհրդարանական ազատ ընտրութիւններ, բայց նկատի առնելով 2003-ի նախագահական ընտրութիւնները՝ դա անհաւանական է թւում:Ադրբեջանում իրավիճակը նման է Վրաստանի ու Ուկրայինայի իրավիճակին, որի հետեւանքով էլ ծնւեց թաւշեայ յեղափոխութիւնը: Բայց ըստ Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի կառավարութիւնը համեմատ նախկին Խ. Միութեան այլ հանրապետութիւնների՝ աւելի սիրւած է ժողովրդի կողմից: Նա յայտարարում է, որ որեւէ մտահոգութիւն չունի Ադրբեջանի քաղաքականութեան ապագայի գծով:Բայց Ալիեւի այս բոլոր յաւակնութիւնների դիմաց Արեւմուտքը լռել է: Այդ լռութիւնը երկու պատճառ ունի. առաջինն այն է, որ Ադրբեջանի նաւթը Վրաստանի միջոցով պիտի հասնի Թուրքիայի Ջէյհան նաւահանգիստը եւ երկրորդը՝ այն, որ ԱՄՆ-ն շուտով իր ռազմակայանները տեղակայելու է Ադրբեջանում:Ըստ Ադրբեջանի Մուսաւաթ կուսակցութեան ղեկավար Իսա Ղամբարի՝ Ադրբեջանում պայմանները նման են Ուկրայինայի նախայեղափոխութեան շրջանին, միայն մէկ տարբերութեամբ, որ Ուկրայինայի ղեկավարութիւնը իր քաղաքացիներին հանդարտեցնելու համար չդիմեց ուժի:Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթատար խողովակի բացումով՝ սպասւում է Ադրբեջանի բիւջէի աչքառու աճը:Եթէ Ալիեւը իր պետական քաղաքականութեան մէջ փոփոխութիւն չառաջացնի, երկու հետեւանք կը սպասւի Ադրբեջանին: Առաջինն այն է, որ նաւթի վաճառքից գանձւած դրամագլուխը ծախսւի նոյնինքն ժողովրդի համար եւ այն անհատների մեծ տոկոսը, որ այսօր ապրում է աղքատութեան սահմանից վար, կապրի բարւոք պայմաններում: Այդ ընթացքում Ալիեւը որպէս նախագահ՝ հնարաւորութիւն կունենայ օգտւել երիտասարդ նոր ուժերից՝ տարեց սերնդին փոխարինելու համար:Բայց երկրորդ հետեւանքն այն կը լինի, որ Ալիեւը իրեն սահմանափակի Ադրբեջանի հին դիւանագէտներով:Այդ պայմաններում նաւթից գանձւած դրամները այլ տեղ կը ծախսւեն եւ ժողովրդի միջեւ տիրող անհաւասարութիւնը աւելիով կը զարգանայ: Եւ կամ բիւջէի բարձրացումով՝ հնարաւոր է, որ Ադրբեջանի իշխանութիւնը ցանկանայ վերագրաւել Լեռնային Ղարաբաղը:Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ պատերազմը անհաւանական չէ, երբ ռազմական բիւջէն նաւթի դրամներով աչքառու աճ կունենայ:Ուրեմն՝ Ադրբեջանի իշխանութեան ու մասնաւորապէս Ալիեւի գլխաւոր փորձութիւնը կը լինի նոյեմբերեան ընտրութիւնները, իսկ մինչ այդ՝ միաւորւած ընդդիմութիւնը իր մանուշակագոյն եւ նարնջագոյն դրօշներով եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի պատկերները ձեռքում՝ իշխանութեանը սպառնում են արեւմտեան գունաւոր յեղափոխութեամբ:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը