Ես պատանի էի երբ անկախացաւ Հայաստանը: Խանդավառւած այդ երեւոյթից ուխտեցի կեանքիս ընթացքով ծառայել Հայաստանին ու հայութեանը: Այդ ուխտը իրագործելու համար անդամակցեցի ՀՅԴ Ռոստոմ Երիտասարդական Միութեանը: Այն թէժ օրերին մեր շրջանակներում առհասարակ խօսւում էր Հայաստանի մասին: Լրջօրէն հետեւում էինք լուրերն ու փորձում էինք վերլուծել տարածաշրջանի իրավիճակը: Խօսւում էր Հայաստանի ապագայի , մեր անելիքների ու սփիւռքի դիմագրաւելիք դժւարութիւնների շուրջ:
Ինձ պարզապէս հետաքրքրում էր Հայաստանի անկախութեան ազդեցութեան ներքոյ սփիւռքում առաջացող դժւարութիւնների թեման:
Խօսւում էր թէ Հայաստանի անկախութիւնը դրական պիտի ազդէ սփիւռքին ու Հայաստան-սփիւռք փոխ յարաբերութեամբ կը զարգանայ Հայաստան եւ հայրենիք գաղափառը սփիւռքահայութեան մէջ: Դա շիտակ էր: Բայց նոյն անկախութիւնը նաեւ ուներ իր բացասական ազդեցութիւնը սփիւռքում:
Հայաստանի անկախութիւնից յետոյ մի ինչ որ սառեցում եւ յուսահատութիւն տիրեց հայկական կենտրոններում: Կարծես բոլորը միանգամայն յուսահատւեցին աշխատանքից երբ լսեցին «Դէպի Հայրենիք» կարգախօսը: Բոլորի համար այլեւս մշակոյթը, գրականութիւնը, երգարւեստը, քաղաքականութիւնը, մամուլը եւ այլն դարձաւ Հայաստան ու մոռացութեան մատնւեցին ներքին բոլոր ուժերն ու կարողութիւնները: Նաեւ պիտի ասեմ որ այս բոլորի մեծ տոկոս պատճառը նոյն սփիւռքի մեծահարուստներն ու վաճառական ազգայիններն էին: Նրանք շուկայական աչքով էին նայում Հայաստանին:
Բայց ինչո՞ւ: Երբ Հայաստանում խօսալով սփիւռքի մասին յայտարարում են թէ սփիւռքը կանգուն է Հայաստանով , պիտի ասել որ Հայաստանը նաեւ կանգուն կը լինի հզօր սփիւռքով: Բայց արդեօք այս ընթացքով դեռ կը գոյատեւի սփիւռքը եւ Հայաստանի հզօր պաշտպան կը դառնայ : Իմ տեսանկիւնից ոչ:
Պատմութեան ձեռքը այնպէս արեց որ հայը ապրի Հայաստանից դուրս: Դա ներկայ պայմաններում աւելի դրական երեւոյթ է քան բացասական ու եթէ այդ պայմաններից ճիշտ օգտագործենք թէ հզօր հայրենիք կունենանք եւ թէ հզօր սփիւռք սերտ փոխ կապւածութեամբ:
Բայց հակառակ այդ բոլորից օրինակի համար Հայաստանում աւելի շատ խօսւում է եւրոպայի եւ ՆԱՏՕ-ի մասին քան Իրանի հետ յարաբերութեան կարեւորութեան եւ իրանահայութեան դերի մասին: Իրանում էլ նոյնն է: Հայաստանի ապագան շատ քչերին է յուզում ու ազգային դաստիարակութեան պակասի հետեւանքով մեծ մաս երիտասարդութեան մօտ մոռացութեան է մատնւել Հայաստանի ու հայրենիքի գաղափառները:
Ուրեմն սիրելիներ նորեն հայեացքները շրջենք դէպի գաղութները ու մտածենք այնտեղ ապրող հայութեան ապագայի մասին որը կարող է հզօր պաշտպան հանդիսանալ Հայաստանին թէ ֆինանսական-բարոյական եւ թէ արտաքին քաղաքականութեան ոլորդներում:
Սփիւռքի կառոյցները բարեկարգելով եւ երիտասարդութեանը աւելի կարեւոր դեր յանձնելով բարենորոգենք սփիւռքի դիմագիծը ու օրւայ աշխարհի հետ քայլ պահելով նորոգենք մեր կառոյցները եթէ Հայաստանի ու հայութեան ապագան կարեւոր է մեզ համար:
0 Պատգամ:
Post a Comment