Tuesday, January 18, 2011

Աֆղանցի առևտրականները բոյկոտեցին իրանական ապրանքների ներմուծումը

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», օրեր առաջ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Իրանի դեսպանատան շենքի առջև տեղի էին ունեցել բողոքի ցույցեր, որտեղ ցուցարարները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ Իրանի կողմից Իրան-Աֆղանստան սահմանը փակելու և դեպի Աֆղանստան գնացող նավթատար բեռնատարների մուտքը Աֆղանստանի սահման արգելելու: Հիշյալ ցույցերի ընթացքում ցուցարարներն այրել էին Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի լուսանկարները:
Իսկ հիմա, BBC Persian հեռուստաալիքի փոխանցմամբ, աֆղանցի առևտրականները բոյկոտի են ենթարկել իրանական բոլոր ապրանքատեսակների ներմուծումն ու արտահանումը: 
Աֆղանստանի առևտրի ու արդյունաբերության գրասենյակի ղեկավար Ղորբանալի Հաղջուն հայտարարել է, որ աֆղանցի առևտրականները իրանական բոլոր ապրանքատեսակները բոյկոտի են ենթարկել Իրանի կողմից սահմանները փակելու պատճառով: Հաղջուի փոխանցմամբ. «Աֆղանստանը տարեկան մոտ 800 միլիոն դոլարի համարժեք ապրանք է ներմուծում Իրանից, իսկ դրա դիմաց միայն 50 միլիոն դոլարի համարժեք ապրանք է արտահանում դեպի Իրան: Իրանից ներմուծված ապրանքների 90%-ը հնարավորություն կա արտադրել հենց Աֆղանստանում, ուրեմն սահմանների փակվելու չարիքին փոխարինում է նոր բարիքը, և դա այն է, որ իրանական ապրանքները բոյկոտելու պատճառով Աֆղանստանում զարկ կառնի ներքին արտադրությունը:»
Այս ուղղությամբ Աֆղանստանի առևտրի նախարարությունը փոխանցել է, որ Աֆղանստանում առևտրականները ազատ են իրենց գործակցին ընտրելու հարցում, ուստի նրանց կողմից Իրանի հետ առևտրական հարաբերությունների խզումը չի արտացոլում Աֆղանստանի պաշտոնական դիրքորոշումը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը