«The Hollywood Reporter» կայքի հաղորդմամբ, «Berlinale» կոչված Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, թե մտադիր են, իրանցի հանրաճանաչ կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին պաշտպանելու նպատակով, առաջիկա կինոփառատոնի ընթացքում, որը մեկնարկելու է փետրվարի 11-ին, ցուցադրել Փանահիի ֆիլմերը: Կազմակերպիչները տեղեկացրել են, որ հիշյալ կինոփառատոնի բացման արարողությունը որոշել են սկսել հենց Փանահիի նկարահանած «Offside» ֆիլմով:
Հարկ է նշել, որ այդ ֆիլմը 2006-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Արծաթե Արջ» մրցանակին:
Հիշեծնենք, որ իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին անվտանգության ծառայությունների կողմից ձերբակալվեց 2010-ի մարտին, երբ պատրաստվում էր Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո առաջ եկած բողոքի ցույցերի մասին ֆիլմ նկարահանել։ Նա 88 օր բանտում անցկացնելուց և հացադուլի դիմելուց հետո, 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվեց: Բայց, ի վերջո, դատարանը, մեղավոր ճանաչելով, նրան դատապարտեց 6 տարի ազատազրկման և 20 տարով էլ զրկեց քաղաքացիական բոլոր իրավունքներից՝ արգելելով նրան զբաղվել իր մասնագիտությամբ:
Փանահիի դատավճիռը մեծ արձագանք գտավ միջազգային ոլորտում, և բազմաթիվ դիվանագետներ ու արվեստագետներ Իրանի իշխանություններից պահանջեցին ազատ արձակել կինոռեժիսորին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment