Այսօր Իրանում նշվում է բանակի օրը: Այդ առիթով միջոցառում է կազմակերպվել Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարանի մերձակայքում:
Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բանակի օրվա առիթով ունեցած իր ելույթում հայտարարել է. «Առաջնորդակենտրոն բանակը երբեք չի պարտվելու: Ես փառք եմ տալիս Աստծուն, որ իսլամական հանրապետության 32 տարիների ընթացքում, ենթարկվելով երկրի առաջնորդին, բազմաթիվ ոլորտներում հաջողություններ է արձանագրել: Բարեբախտաբար, Իրանի բանակը Իրաքի կողմից պարտադրված պատերազմի 8 տարիների ու վերջին տարիների ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերի փորձառությունների շնորհիվ այսօր վերածվել է ինքնավստահ, հզոր, հավատացյալ ու անպարտելի բանակի: Իրանի բանակը աշխարհի ամենաժողովրդական, ամենահզոր ու ամենասիրված բանակն է»։
Ահմադինեժադը, իր ելույթը շարունակելով, անդրադարձել է տարածաշրջանի վերջին ժամանակների իրադարձություններին.. «Եթե որևէ երկիր Ամերիկայի ծրագրերով փորձի առաջնորդվել, պիտի լավ իմանա, որ ազգերը դա երբեք չեն ներելու իրենց, ու իրենք ապագայի ոչ մի հեռանկար չեն ունենալու: Այսօր թշնամիները փորձում են իրանա-արաբական, և ավելի ստույգ՝ շիա-սունիական լարվածություն առաջացնել, ինչը ամբողջությամբ ամերիկյան ծրագիր է:
Թշնամիները բազմիցս հայտարարել են, որ «Նոր Մերձավոր Արևելք» են փնտրում: Ես կրկին պիտի հայտարարեմ, որ տարածաշրջանի ազգերն էլ են նոր Մերձավոր Արևելք ցանկանում, աշխարհի ժողովուրդներն էլ նոր աշխարհ են ցանկանում: Աստծո կամոք, նոր Մերձավոր Արևելքն ու նոր աշխարհը ԱՄՆ-ի և Իսրայելի բացարձակ հեգեմոնիայի ոչնչացումով է տեղի ունենալու»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment