Ամերիկյան «The Diplomat» պարբերականը իր վերջին համարում, անդրադառնալով Ահմադինեժադի նախագահության ժամանակաշրջանում տեղի ունեցած կադրային փոփոխություններին, մասնավորապես՝ վերջին շրջանում կատարված պաշտոնանկություններին, գրում է. «Ահմադինեժադը պաշտոնավարության շրջանում իր երկու կարևորագույն դիվանագետներին պաշտոնանկ է արել: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Ահմադինեժադը Իրանի ազգային անվտանգության քարտուղար և միջուկային հարցով բանագնաց Ալի Լարիջանիին 2007 թ. ազատեց աշխատանքից: Վերջին շրջանում էլ ականատես եղանք, թե նախագահը ինչպես պաշտոնանկ արեց իր ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիին:
Իրանի նախագահի համար հենց սկզբից էլ իր կառավարության կազմում հիշյալ երկու դիվանագետների ներկայությունը ցանկալի չէր, բայց, ելնելով այն իրականությունից, որ թե՛ Լարիջանին և թե՛ Մոթաքին համարվում են առաջնորդ Խամենեիի վստահված անձինք, Ահմադինեժադը համաձայնեց նրանց ներառել իր կառավարության կազմում»։
Պարբերականը շարունակության մեջ գրում է. «Վերջին ամիսներին Ահմադինեժադի կողմնակիցների կողմից ավելացել է քննադատությունների շարանը նաև մեկ այլ դիվանագետի՝ Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆի նկատմամբ: Եթե Իրանի նախագահը քաղաքապետին պաշտոնից ազատելու լիազորությունն ունենար, վստահաբար նրան ազատած կլիներ պաշտոնից: Սակայն նույնիսկ եթե նախագահը չունի նման լիազորություն, չի նշանակում, որ նա քայլեր չի ձեռնարկում Ղալիբաֆին պաշտոնից ազատելու ուղղությամբ:
Այս գործընթացում նախագահի հիմնական զենքը ներքին գործերի նախարարությունն է: ՆԳ նախարարությունն է, որ քաղաքապետարանին իր աշխատանքների համար բյուջե է հատկացնում, և երբ վերջին շրջանում Թեհրանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի երթևեկության համակարգը բարեկարգելու նպատակով, մոտ 120 միլիոն դոլարի նախագիծ էր ներկայացրել, ՆԳ նախարարությունը մինչև այս պահը միայն 3 միլիոն դոլարն է հատկացրել քաղաքապետարանին»։
«The Diplomat»-ը վերջում ավելացնում է. «Բայց քաղաքապետը խելամտորեն փորձում է հնարավորինս չբախվել կառավարության ու դրա ղեկավար Ահմադինեժադի հետ: Ղալիբաֆի նման դիրքորոշումը գնահատվել է նաև բազմաթիվ դիվանագետների ու պետական այրերի կողմից: Ղալիբաֆը Իրանի խորհրդարանում էլ հովանավորների մեծ բանակ ունի, բայց Ահմադինեժադի ու նրա կողմնակիցների ուժեղանալու պայմաններում հովանավորների այդ բանակն էլ չի կարող օգնել քաղաքապետին»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment