Tuesday, January 18, 2011

Ջալիլի. Իրանը երբեք չի հեռացել բանակցությունների սեղանից


Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Ստամբուլում Իրանի ու «վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների նախօրեին հարցազրույց է տվել ամերիկյան NBC հեռուսաընկերությանը:
Իրանական «IRNA» գործակալության հաղորդմամբ, Ջալիլին զրույցի ընթացքում սխալ է համարել այն մեկնաբանությունները, թե Իրանը վերադարձել է բանակցությունների սեղանի մոտ։ Նա շեշտել է. «Իրանը երբեք չի հեռացել բանացությունների սեղանից։ Հակառակը, մենք միշտ կոչ ենք ուղղել «վեցյակի» երկրներին, որ վերադառնան բանակցություններին: Կա նաև մեկ այլ մեկնաբանություն, համաձայն որի՝ երբ Իրանը շրջափակողները հասկացան, որ պատժամիջոցներն արդյունավետ չեն, վերադարձան բանակցություններին»։
Ջալիլին, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները անարդյունավետ համարելով, ավելացրել է. «Իրանն այսօր մեծ զարգացում է ապրում տնտեսական ոլորտում։ Այդ են ապացուցում միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցները: Իսկ ինչ վերաբերում է միջուկային հարցին, պետք է նշել, որ ՄԱԳԱՏԷ-ն արդեն 25 անգամ հայտարարել է, որ Իրանի միջուկային աշխատանքները շեղումներ չունեն, ուրեմն ինչո՞ւ ԱՄՆ-ն այն երկրների հետ, որոնք չեն ստորագրել NPT-ն՝ միջուկային զենքերի չտարածման պայմանագիրը, և ավելին, ատոմային ռումբեր են փորձարկել, հարաբերություններ է հաստատում, իսկ Իրանի հանդեպ, որը գործում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, նմանօրինակ զգոնություն ցուցադրում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ատոմային զենքի կողմնակից չենք, անգամ անօրինական ենք համարում դա և համոզված ենք, որ այն երկրները, որոնք իրենց նպատակների իրականացման համար օգտագործում են ատոմային զենք ունենալը, հետադիմական են»։
Ջալիլին, Իրանի և «վեցյակի» կայանալիք բանակցություններին անդրադառնալով, Իրանի հետ համագործակցությունը դրական ու օգտավետ համարեց բոլոր երկրների ժողովուրդների համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը