Wednesday, January 19, 2011

Իրանին քննադատող աֆղանցի լրագրողը հարձակման է ենթարկվել

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ի աֆղանական ծառայությունը, աֆղանցի լրագրող Ռազաղ Մամունը, որը հայտնի է Իրանին ուղղած իր քննադատություններով՝ հարձակման է ենթարկվել: Տվյալների համաձայն` հարձակվողները Մամունի վրա ծծմբաթթու են լցրել, որի հետևանքով նա ծանր վիրավոր է, ու գտնվում է Քաբուլի Դավուդխան հիվանդանոցում:
Մամունը «Ազատության» ռ/կ-ի հետ զրույցում հայտնել է, որ իր գրությունները խիստ վրդովել էին Իրանի իշխանություններին:
Ռազաղ Մամունը իր` «Փարավոնի հետքերով» վերջին ուսումնասիրական գրքում գրում է, որ Իրանի գաղտնի ծառայությունները փորձում են Աֆղանստանը տարանջատել: Մամունի համոզմամբ, իր դեմ կատարված հարձակման հիմնական դրդապատճառը, հենց իր հեղինակած գիրքն է:
48-ամյա Ռազաղ Մամունը, որպես լրագրող և վերլուծաբան համագործակցում է «Ազատություն» ռ/կ-ի, BBC-ի և աֆղանական «Թոլու» հեռուստաընկերության հետ: Նա նաև «Բոստ Բաստան» լրատու գործակալության խմբագիրն է:
Հարկ է նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, Իրանի ու Աֆղանստանի միջև եղած հարաբերությունները խիստ սրվել են: 
Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն 2010-ի դեկտեմբերից լիովին փակել է Աֆղանստանի հետ ունեցած իր երկրի բոլոր սահմանակետերը, ու չի թույլատրում Իրանի սահմանից դեպի Աֆղանստան գնացող նավթատար բեռնատարների մուտքը Աֆղանստան` այն պատճառաբանությամբ, որ ներմուծվող վառելանյութը օգտագործվելու է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորամիավորումների համար: Իրանի այդ քայլի հետևանքով Աֆղանստանում վառելանյութերի գները բարձրացան մինչև 70%, որի արդյունքում աֆղանցի քաղաքացիները Իրանի դեսպանատան շենքի առջև բազմաթիվ ցույցեր կազմակերպեցին`իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Իրանի իշխանությունների դեմ:
Ժողովրդի բողոքի ցույցերին զուգահեռ, աֆղանցի առևտրականները նաև հայտարարեցին, որ ի պատասխան Իրանի քայլի, իրենք էլ բոյկոտելու են իրանական բոլոր ապրանքատեսակների ներմուծումը իրենց երկիր:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը