Friday, January 21, 2011

«Ադրբեջանի իշխանությունները պիտի դիմեն Իրանի նախահեղափոխական համակարգի ունեցած փորձառություններին»

Իրանի խորհրդարանի նախկին նախագահն ու ներկայիս մշակույթի հանձնաժողովի նախագահ Ղոլամ Ալի Հադադ Ադելը, իրանական «ISCA News» գործակալության հետ ունեցած զրույցում անդրադառնալով Ադրբեջանի իշխանության կողմից սահմանված՝ հանրակրթական ոլորտում իսլամական գլխաշորի՝ հիջաբի արգելման օրենքին, հայտարարել է. «Ես խիստ դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությանը ընդունած որոշման համար և նրանց խորհուրդ կտամ չհակադրվել իսլամի օրենքներին: Ես չեմ պատկերացնում, որ Ադրբեջանի ժողովուրդը կառավարության արարքի պատճառով հրաժարվելու է իր արժեքներից: Ես Ադրբեջանի իշխանություններին կառաջարկեմ՝ լուրջ ուսումնասիրեն Իրանի նախահեղափոխական շրջանի իշխանությունների փորձարություններն ու դասեր քաղեն դրանից»։

Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները Իրանի 1979-ի հեղափոխության հիմնական պատճառը համարում են այն, որ նախկին համակարգը ընդդիմացել էր իսլամին և փորձում էր ժողովրդին իսլամից հեռացնելով՝ մոտեցնել Արևմտյան արժեքներին: Իսկ այն մասին, թե Իրանի հեղափոխությունը ուրիշ ինչ դրդապատճառներ է ունեցել, և ինչպես եղավ, որ Իրանը դարձավ իսլամական հանրապետություն՝ առհասարակ չի խոսվում, գոնե իսլամական վերնախավի կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը