Իրանական «IRNA» գործակալությունը Ստամբուլում ընթացող Իրանի ու «վեցյակի» բանակցությունների առաջին փուլի ավարտին զրուցել է Իրանի բանագնաց խմբի անդամ, Իրանի ազգային անվտանգության խորհրդի մամլո պատասխանատու Աբոլֆազլ Զոհրևանդի հետ:
Զոհրևանդը «IRNA»-ին փոխանցել է, որ բանակցության առաջին փուլը դրական ավարտ է ունեցել։ Հաջորդ փուլերն ընթանալու են հունվարի 21-ի երեկոյան և հունվարի 22-ին:
Ըստ Զոհրևանդի՝ բանակցությունների առաջին փուլի ընթացքում ոչ մի խոսք չի հնչել Իրանում ուրանի հարստացման աշխատանքների կասեցման մասին, և, առհասարակ, Իրանի միջուկային ծրագրերի հարցը չի մտել առաջին փուլի օրակարգ: Նա, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի խոսքերը մեջբերելով, ավելացրել է. «Ինչպես Ջալիլին է ասել՝ մենք իրավունք չունենք խոսել հնացած ու անցյալին վերաբերող խնդիրների շուրջ: Հակառակ կողմը իր հաշվարկներում սխալներ է թույլ տվել, և հենց այդ սխալների հետևանքով էլ տարաձայնություններ են առաջացել: Մեր դիրքերը թափանցիկ են, ու իրավունքները՝ պարզ, և հակառակ կողմը դա ըմբռնում է: Մենք մեր ուղին թափանցիկ ենք անցել և հույս ունենք, որ դրական արդյունքների կհասնենք»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment