Thursday, May 12, 2011

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ընդունել Իրանի ԱԳ նախարարին

Middle East Online լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ընդունել Պարսից ծոցի երկրներ այցելած Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին:

Գործակալության փոխանցմամբ, պատճառն Իրանի որդեգրած քաղաքականությունն ու իրենց դեմ ծավալած քարոզարշավն են:

Հավաստի աղբյուրները գործակալությանը փոխանցել են, որ Իրանի ԱԳ նախարարը Քաթարի իշխանություններին առաջարկել է միջնորդ դառնալ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, սակայն Քաթարը հայտարարել է, որ միայն երկու երկրների ուղղակի բանակցությունները կարող են տարածաշրջանում կայունություն հաստատել:

Հատկանշական է, որ Ալի Աքբար Սալեհին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու ժամանակ հայտարարել էր, թե Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների սերտացումը գտնվում է իր աշխատանքային օրակարգում, բայց արաբական այդ երկրի իշխանությունների նման պահվածքը, հավանաբար, ավելի կսառեցնի Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ երբ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը Բահրեյնում ժողովրդական հուզումները կանխելու նպատակով մուտք գործեցին այնտեղ, Իրանի իշխանությունները դա որակեցին որպես օկուպացիա և հայտարարեցին, որ Սաուդյան Արաբիան փորձում է տարածաշրջանում շիա-սուննի բախումները թեժացնելով՝ բնաջնջել Բահրեյնի շիաներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը