Wednesday, April 06, 2011

Արաբական հեղափոխություններն ու Իրանը



Մարտի 31-ին «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հավաք-սեմինարի ժամանակ ելույթ ունեցավ իրանագետ՝Արթին Առաքելյանը։

Ստորև ներկայացնում ենք ելույթի խոսքն ամբողջությամբ։



Արաբական հեղափոխություններն ու Իրանը

Այս սահմանափակ րոպեների ընթացքում, կփորձեմ ներկայացնել այն, թե արաբական հեղափոխություններն ի՞նչ ազդեցություն կարող են թողնել Իրանի տարածաշրջանային ու ներքին քաղաքականության վրա:

Արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները նոր էջ է բացել Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ: Իրանը երկար տարիներ էր, որ սպասում էր եգիպտոսյան հեղափոխությանը: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, Իրանի նոր իշխանությունները, իսլամ աշխարհում առաջնորդության ղեկը Եգիպտոսից խլելու նպատակով, պատրվակ դարձրեցին Իսրայել-Եգիպտոս կնքված խաղաղության պայմանագիրը ու խզեցին իրենց հարաբերությունները Եգիպտոսի հետ: Բայց Իրանին չհաջողվեց դառնալ իսլամ աշխարհի առաջնորդ, և նրանք կրկին փորձեցին կարգավորել հարաբերությունները Եգիպտոսի հետ, որը շատ դժվար ընթացք ուներ: Իսկ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը, Իրանին առիթ ընձեռեց նոր հարաբերություններ սահմանել Եգիպտոսի հետ:

Եգիպտոսի հեղափոխությունը տարածաշրջանում սասանեց նաև Իսրայելի կայունությունը, երբ Իսրայելը կորցրեց իսլամ աշխարհում իր վաղեմի դաշնակիցին: Իրանը այդ առիթը օգտագործելով փորձեց ուժ ցուցադրել և իր երկու ռազմանավերով անցավ Սուեզի ջրանցքը:

Փորձագետների կարծիքով, Իրանը Սուեզի ջրանցքը անցնելով, տոնեց Մուբարաքի վարչակարգի փլուզումը: Դա խիստ մտահոգում է Իսրայելին, բայց միեւնույն ժամանակ դրական երեւույթ է Իրանի համար, որովհետեւ նրանք համոզված են, որ Մուբարաքի բացակայությամբ, Իսրայելը մի առ ժամանակ դադարեցնելու է իր սպառնալիքներն Իրանի հանդեպ:

Իսկ Բահրեյնում տեղի ունեցածը, Իրանին հնարավորություն տվեց լիովին դրսևորվել իր շիիզմով: Բահրեյնում միջամտություն գործած Սաուդյան Արաբիայի զինված ուժերը, պատճառ դարձան, որ Իրանը ուղղակի դիմադրի իր տարածաշրջանային վաղեմի մրցակից Սաուդյան Արաբիային: Այսօր արդեն Իրանում սկսել են հավաքագրել մահապարտների, ովքեր կհամաձայնվեն Բահրեյնի շիա հասարակության փրկելու նպատակով, կռվել Սաուդյան Արաբիայի բանակի դեմ:

Բայց Սիրիայում ծայր առած անհանգստությունները խիստ մտահոգում են Իրանին, որովհետեւ Սիրիան համարվում է Իրանին լիբանանյան ու պաղեստինյան իսլամական խմբակցություններին կապող հիմնական օղակը: Այդ իրավիճակում նաեւ լուսանցք կմտնի Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով աշխատող դատարանի հարցը, որտեղ լուրջ մեղադրանքներ է ուղղված Իրանին ու նրա պահակազորին:

Տարածաշրջանում, Իրանի ու Թուրքիայի գլխավորությամբ արդեն կազմվում է նոր միություն, որի նախնական կերպարն է գտել վերջերս կազմված «Շամգեն» վիզայի ռեժիմի պայմանագրում, որի համաձայն, Իրանը, Թուրքիան, Սիրիան ու Իրաքը իրենց սահմանները բացում են միմյանց դիմաց:

Անդրադառնալով արաբական հեղափոխությունների թողած ազդեցությանը Իրանի ներքին քաղաքականության վրա, նախ պիտի ասել, որ Իրանը հասարակական առումով մտահոգված է: Որովհետեւ արաբական հեղափոխությունները անմիջապես արձագանք գտան Իրանի ռեֆորմիստական շարժման մոտ, ու նրանց, որը արդեն մեկ տարի էր, որ դադարեցրել էին իրենց ցույցերը, կրկին փողոց բերեց փետրվարի 14-ին:

Տարածաշրջանային փոփոխություններից հետո, Իրանում փոփոխությունները անխուսափելի կդառնան: Իրանի իշխանությունները դա շատ լավ են գիտակցում:

Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և նրա թիմակիցները, Նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի գլխավորությամբ արդեն սկսել են երկրի վերնախավում փոփոխություններ իրականացնել: Նրանք մամուլի միջոցով առաջ են բերել «Իրանական վարդապետություն» կոչված գաղափարախոսությունը, որը մեծ դժգոհության է արժանացել երկրի պահպանողական հոգեւորականների և քաղաքական գործիչների կողմից: Իրանի պահպանողականները բազմիցս հայտարարում են, որ ապագայի դավադիրները ծնվելու են ոչ թե ռեֆորմիստների, այլ հենց Ահմադինեժադի թիմակիցների շարքից: Ահմադինեժադի թիմակիցները վերջին շրջանում բացահայտ և հրապարակավ սկսել են քննադատել երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հավատարին անհատներին, լինեն դրանք հոգեւորականներ թե պահակազորի հրամանատարներ: Դրա պարզ ապացույցն այն է, որ ամիսներ առաջ Իրանի նախկին Նախագահ Այաթոլլահ Ռաֆսանջանին նամակ էր ուղղել երկրի առաջնորդին, նրան զգուշացնելով, որ եթե մենք իրար չպաշտպանենք, ապագայում այլեւս Իսլամական հանրապետությունը գոյություն չի ունենալու:

Այսինքն պարզ է, որ Ահմադինեժադն ու իր թիմակիցները փորձում են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելով, չմեկուսանալ փոփոխությունների արդյունքում կազմավորվող նոր տարածաշրջանում:

Օրեր առաջ, խորհրդարանի պահպանողական պատգամավոր Օմիդվար Ռեզային, հայտարարել էր, որ երկրում զարգանում է «Իսլամ առանց հոգեւորականության» գաղտնի շարժումը, որը կարելի է կապել վերը նշվածին, այն իմաստով, որ կառավարության Նախագահն ու իր թիմակիցները փորձում են երկիրը իսլամական պահելով, հոգեւորականներին դուրս հանել իշխանության շրջանակից:

Արթին Առաքելյան


Առնչվող տեսանյութ

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը