Thursday, March 03, 2011

«Ռուս Ատոմ». Բուշեհրի ատոմակայանից ուրանը դուրս է բերվում


«Ռուս Ատոմ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Սերգեյ Նոյկովը «Ազատություն» ռ/կ –ի պարսկերեն ծառայության հետ ունեցած զրույցում հաստատել է այն լուրերը, որոնց համաձայն` Բուշեհրի ատոմակայանում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ռեակտորներից դուրս է բերվում ուրանի վառելանյութը: 

Հատկանշական է, որ մարտի 1-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը, հերքելով այդ լուրը, հայտարարել էր, որ Բուշեհրի ատոմակայանը շարունակում է իր աշխատանքները:

Նոյկովի փոխանցմամբ, «Բուշեհրի ատոմակայանի ռեակտորի հովացնող սարքերի մեջ հայտնաբերված տեխնիկական խնդիրները մեզ պարտադրեցին ռեակտորներից դուրս հանել ուրանի վառելանյութերը, որից հետո սարքերը պիտի ստուգման ենթարկվեն»:

«Ռուս Ատոմ» ընկերության մի այլ պաշտոնյա, որը բացահայտվել չի ցանկացել, «Ազատություն» ռ/կ –ին փոխանցել է. «Եթե ուրանի դուրս բերման աշխատանքները առանց նոր խոչընդոտների իրականանան, կարելի է հույս հայտնել, որ առաջիկա 5-6 ամիսների ընթացքում Բուշեհրի ատոմակայանը կվերսկսի իր աշխատանքները, իհարկե եթե իրանական կողմը վճարի գործողության ամբողջ ծախսերը, որոնք մի քանի միլիոն դոլարի կհասնեն»: 

Հիշյալ աղբյուրը չի բացահայտել գործողության իրական ծախսերի թիվը:

Հարկ է նշել, որ Բուշեհրի ատոմակայանը պիտի շահագործման հանձնվեր 2000 թվականին, բայց բազմաթիվ խնդիրների հետևանքով, որը ոմանք քաղաքական, իսկ ոմանք էլ տեխնիկական են համարում, հիշյալ ատոմակայանը դեռ շահագործման չի հանձնվել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը