Tuesday, February 01, 2011

Եգիպտոսի և Թունիսի դեպքերը` Իրանի իշխանությունների համար լակմո՞ւս

Իրանական ռեֆորմիստների լրատվական Kaleme կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահական ընտրություններում բարեկարգչականների թեկնածու Միր Հուսեյն Մուսավիի իրավական հարցերի խորհրդական, իրավաբան Արդեշիր Ամիր Արջմանը հայտարարել է. 

«Դեմոկրատիկ ու արդարատենչ շարժումները Մերձավոր Արևելքում ծայր առան 2009-ին Իրանում ասպարեզ եկած բարեկարգչական (Կանաչ շարժում) պայքարներից, և այսօր այդ գաղափարները հասել են Թունիս, Եգիպտոս ու արաբական այլ երկրներ: 

Ճիշտ է, յուրաքանչյուր երկիր իր հատուկ իրավիճակն ունի, բայց այս բոլորը մեկ ընդհանուր խնդիր ունեն, այն է դիկտատուրայի դեմ պայքարը: Տարածաշրջանի ժողովուրդն ապացուցեց, որ պահանջում են, ժողովրդավարական պետություններ կառուցելով, ձեռք բերել իրենց ինքնորոշման իրավունքը: 

Իրանի, Թունիսի, Եգիպտոսի մուսուլման ժողովուրդներն էլ ապացուցեցին, որ դեմ են բռնապետության բոլոր դրսևորումներին, լինի դա կրոնական, աշխարական թե զինվորական:

Իրանի նախագահական ընտրություններից հետո կայացած միլիոնների հասնող ցույցերի միջոցով, ինչը մինչ այդ աննախադեպ էր տարածաշրջանում, Իրանի ժողովուրդը ցուցադրեց իր քաղաքական հասունությունը:
Այս պահին հարկավոր է, որ Թեհրանի դիկտատորները ուշիմություն ցուցաբերեն, և քանի դեռ երկիրը չի մատնվել կույր բռնություններին, համաձայնեն ժողովրդի իրական քվեի արդյունքի հետ: 

Իրանի փարավոնական դիկտատուրան հաստատ շատ ավելի դաժան ու անբարոյական է Բեն Ալիի ու Մուբարաքի դիկտատուրայից, որովհետև վերջիններս գոնե իրենց բռնապետական իշխանությունը կայունացնելու համար չեն օգտագործում կրոնը:

Հետաքրքիր է, այս պարոնայք մտադիր էին իրենց հարաբերությունները զարգացնել թե՛ Բեն Ալիի և թե՛ Մուբարաքի իշխանությունների հետ, իսկ հիմա ճիշտ այն գողի նման, որ ինքն է բացականչում «ա՜յ, բռնեք գողին», սկսել են քննադատել Թունիսում և Եգիպտոսում ժողովրդի դեմ կիրառվող բռնություններն ու այդ երկրների իշխանություններին կոչ են անում՝ լսել ու հարգել ժողովրդի ձայնը: Բայց դիկտատուրան ճնշում, սպանություն և ոճրագործություն է՝ թե՛ Կահիրեում, թե՛ Թեհրանում:

Եթե այս պարոնայք իրոք դեմ են դիկտատորներին, թող թույլ տան, որ Իրանի ժողովուրդն ու «Կանաչ շարժումը» իսլամական հեղափոխության տարեդարձի օրը՝ փետրվարի 11-ին, խաղաղ քայլարշավ իրականացնեն, որտեղ կպարզվի, թե արդյո՞ք նրանց իրավիճակը Իրանում ավելի լավ է Բեն Ալիի ու Մուբարաքի վիճակից, թե՞ ոչ:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը