Tuesday, February 15, 2011

«Իրանում պիտի ազատ ընտրություններ տեղի ունենան»

Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի խորհրդական Արդեշիր Ամիր Արջմանդը, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում անդրադառնալով փետրվարի 14-ին Իրանում տեղի ունեցած ցույցերին, հայտարարել է.

«Ցույցերի պատգամն այն էր, որ այլևս հնարավոր չէ բռնությամբ անտեսել ժողովրդի օրինական պահանջները: Ելքն այն է, որ իշխանությունները պիտի բացեն դռներն ու ենթարկվեն ժողովրդի պահանջներին: Իրանում պիտի ազատ ընտրություններ տեղի ունենան, և ժողովուրդը որոշում կայացնի իր ճակատագրի մասին: Դա պիտի կատարվի քվեատուփերի միջոցով: 

Ենթադրվում է, որ իշխանությունները անցյալ տարվա ու նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից դասեր չեն քաղել: Իմ կարծիքով, իշխանությունները փակուղում են հայտնվել թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով»:

Ամիր Արջմանդը, ռեֆորմիստների հաջորդ քայլերին անդրադառնալով, ավելացրել է. «Շարժման առաջնորդները պիտի ճշգրիտ վերլուծություններ իրականացնեն փետրվարի 14-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ կճշտվեն հետագա քայլերն ու ռազմավարությունը: Բայց, իմ համոզմամբ, մինչ այսօր իրականացված մարտավարությունը լավագույնն է: 

Մենք հույս ունենք, որ իշխանությունները չեն դիմի այնպիսի քայլերի, որոնք կույր բռնություն կառաջացնեն երկրում: Մենք չենք ցանկանում, որ երկիրը մատնվի կույր բռնությունների, այլ հակառակը, ցանկանում ենք, որ խնդիրները լուծվեն խաղաղ ու քաղաքացիների իրավունքների հիման վրա: Իսկ եթե իշխանությունները խելացի չգտնվեն, երկիրը լուրջ վնասներ կարող է ունենալ»:

Նշենք, որ, հակառակ ռեֆորմիստական շարժման առաջնորդների այն համոզմանը, որ պայքարն ընթանում է օրինական ու ազատ ընտրություններ իրականացնելու ուղղությամբ, բայց փետրվարի 14-ին փողոց դուրս եկած ցուցարարները իրենց լոզունգներում գրեթե չեն անդրադարձել ո՛չ ընտրություններին և ո՛չ էլ երկրի նախագահին. բոլորի թիրախն այս անգամ երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին էր:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը