Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի նորընտիր ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, ԵՄ սահմանած արգելքի պատճառով չի կարող մուտք գործել ԵՄ երկրներ: Բայց օրեր առաջ Reuters գործակալությանը հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների ղեկավարները որոշել էին անտեսել Սալեհիի դեմ սահմանված պատժամիջոցները, և նա հնարավորություն կունենար մասնակցելու Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին:
Այդուամենայնիվ, նա չմասնակցեց Մյունխենի ժողովին` պատճառաբանելով, որ շատ բազմազբաղ է եղել: Խորհրդաժողովին մասնակցած դիվանագետները, անդրադառնալով Սալեհիի բացակայությանը, հայտարարել են, որ ԵՄ երկրների ղեկավարները դեռ չեն քննարկել Սալեհիի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու հարցը, ու մտադիր են հաջորդ շաբաթ զբաղվել այդ թեմայով: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայությունը: Հետևաբար, Սալեհին ոչ թե զբաղվածության պատճառով է հրաժարվել մեկնել Մյունխեն, այլ՝ առայժմ պահպանվող պատժամիջոցների:
Սալեհիի պարագայում պատժամիջոցների անտեսման ու նրան Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին հրավիրելու փաստը լուրջ կասկածներ է առաջացրել ԵՄ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վճռականության շուրջ: Որոշ քաղաքագետներ հայտնել են, որ ԵՄ-ը նման քայլի դիմելով`ապացուցում է, որ Իրանի դեմ սահմանած մուտքի արգելափակման պատժամիջոցը լոկ ցուցադրական բնույթ է կրում, քանի որ որևէ լուրջ խնդիր առաջանալիս պատրաստ են անտեսել իրենց իսկ կողմից սահմանված պատժամիջոցները:
Քաղաքագետների համոզմամբ, հաջորդ շաբաթվա ընթացքում, երբ պիտի քննվի Սալեհիի խնդիրը, հավանաբար Նիդեռլանդները կոշտ դիրքորոշմամբ հանդես կգա Իրանի խնդրի շուրջ: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իրանում մահապատժի ենթարկվեց իրանական ծագում ունեցող, Նիդեռլանդների քաղաքացի Զահրա Բահրամին: Նա անգամ հնարավորություն չի ունեցել դատական գործընթացում օգտվելու Նիդեռլանդների դեսպանատան իրավապաշտպանների օգնությունից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment