ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 8-ից սկսել է իր շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ: 5-օրյա շրջագայության ընթացքում նա այցելելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման և Քաթար:
Ըստ «AFP» գործակալության՝ Քլինթոնի շրջագայության գլխավոր նպատակը Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների ճշգրիտ իրականացումն է: ԱՄՆ իշխանությունները գիտակցում են, որ Իրանի դեմ սահմանված շրջափակումների հետևանքով տուժել են նաև տարածաշրջանի երկրները, բայց դժգոհ են Իրանի շրջափակման հարցում Պարսից ծոցի երկրների համագործակցությունից:
Գործակալության մատուցմամբ, Քլինթոնը նաև փորձելու է Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարների ուշադրությունը կենտրոնացնել Իրաքի նոր կազմված կառավարությանը աջակցելու խնդրի վրա:
ԱՄՆ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չի ցանկացել ներկայանալ, լրագրողներին փոխանցել է, որ ԱՄՆ պետքարտուղարը Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ խորհրդակցելու է Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների ու առաջիկա օրերին Իրանի և «վեցյակ» երկրների միջև կայանալիք բանակցությունների մասին:
Հարկ է նշել, որ հունվարի 9-ին Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամադ Նաջարը երկօրյա այցով մեկնել է Օման, որտեղ հանդիպում է ունեցել Օմանի թագավոր Ղաբուս Բին Սայիդի հետ: Հիշյալ հանդիպման ընթացքում երկու կողմերը խոսել են նախկինում ստորագրված անվտանգության պայմանագրերի շուրջ ու հայտարարել, որ ապագայում ավելի են սերտացնելու երկու երկրների հարաբերությունները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment