Իրանական «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը, հունվարի 10 համարում «Կրեմլ. Ճկունություն` Արևմուտքի հանդեպ, բռնություն՝ սեփական ժողովրդի նկատմամբ» խորագրով վերլուծականում անդրադառնալով վերջին շրջանում ՌԴ տիրող ներքաղաքական իրավիճակին, գրում է. «Բորիս Նեմեցովը՝ ՌԴ կառավարության ընդդիմադիրներից, չթույլատրված բողոքի ակցիայի հետևանքով դատապարտվել է դատարանում: Թեև նա և իր փաստաբանը հայտարարել են, որ դատը ոչ արդար ձևով է ընթացել, բայց այս պահին հենց նա է, որ մեղավոր է ճանաչվել: Նմանօրինակ իրավիճակում է հայտնվել նաև Խոդորկովսկին, որին Պուտինի հրամանով դատարանը մեղավոր ճանաչեց ու ավելացրեց նրա ազատազրկության ժամկետը: Պուտինի գործադրած ճնշումներն այն աստիճանի են հասել, որ անգամ նախագահ Մեդվեդևն է բողոքել՝ ասելով. «Ո՛չ վարչապետը և ո՛չ էլ որևէ ուրիշ պաշտոնյա իրավունք չունի, իր քաղաքական պաշտոնը չարաշահելով, ազդել դատարանի գործընթացի վրա»։ Թեև նմանօրինակ քաշքշուկներն ու դրանց բացահայտումը ԶԼՄ-ներում նորություն են Ռուսաստանում, բայց ապացույցները վկայում են, որ ՌԴ նախագահի ու վարչապետի միջև աշխատանքի բաժանում է տեղի ունեցել, և Խոդորկովսկուն ու նրա նմաններին լռեցնելու գործում նրանց միջև որևէ հակադրություն էլ չկա: Իրականում ամեն ինչ կապված է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին. Պուտինը ցանկանում է, Խոդորկովսկու նմաններին լռեցնելով, հարթ ենթահող պատրաստել նախագահի պաշտոնին վերադառնալու նպատակով:
ՌԴ իշխանություններին անհանգստացնում է այն, որ Արևմուտքը հովանավորում է Խոդորկովսկու և ընդդիմադիրների քաղաքական ակցիաները: Արևմուտքը հույս ունի իր հովանավորությունների արդյունքում նախագահի ու վարչապետի հարաբերությունների մեջ ավելի լուրջ ուժային պայքար առաջ բերել: Հատկանշական է, որ վերջին ամիսներին Մեդվեդևը փորձել է սահմանափակել Պուտինի լիազորությունները ու ինչ-որ կերպ նրան հասկացնել, որ ինքը Պուտինի հրամանի ներքո չի աշխատում, և Կրեմլի բոլոր նախաձեռնությունները իր վերահսկողության տակ են:
Ապացույցների համաձայն, ՌԴ Դուման, բանակն ու անվտանգության ծառայությունները լրջորեն ցանկանում են սահմանափակումներ մտցնել Արևմուտքի հետ հարաբերությունների մեջ, որովհետև Արևմուտքին համարում են իրենց երկրի ընդդիմադիրների գլխավոր հովանավորը: Այդ իսկ պատճառով Կրեմլի ղեկավարները, Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանը փակելով ու ընդդիմադիրների պարագլուխներին ձերբակալելով, փորձում են ապացուցել, որ իրենք, անսալով երկրի ուժային կառույցների ցանկություններին, կարմիր գծեր են սահմանում ՌԴ և Արևմուտքի հարաբերությունների մեջ: Բայց ՌԴ-ն նմանօրինակ արարքներով չի կարող դրականորեն ներկայանալ և, առհասարակ, կրավորական դիմագիծով է հանդես եկել տարածաշրջանի հանրության առջև:
ՌԴ-ը Խ. միության փլուզումից հետո այդպես էլ չկարողացավ վերականգնել իր ինքնավստահությունն ու տեսակետի և գործունեության անկախությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ ՌԴ շփոթահար նահանջեց Արևմուտքի ճնշումների առջև ու ստորագրեց «Start»-ի պայմանագիրը, նաև ոչ մի կերպ չկարողացավ կանխել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայման գործընթացը:
Այս դիտանկյունից ՌԴ վերածվում է մի երկրի, որն արտաքին ուժերի հանդեպ ճկունություն է ցուցադրում, իսկ իր սեփական ժողովրդի նկատմամբ՝ բռնություն»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment