Ֆրանսիական Slate վերլուծական կայքը անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև առկա աներևույթ մրցակցությանը:
Կայքի մատուցմամբ. «Արևմտյան դիվանագետները Իրանին ու Թուրքիային համարում են դաշնակիցներ, ինչը նաև մտահոգությունների տեղիք է տալիս: Մտահոգությունը ոչ թե նրանց դաշնակից լինելու, այլ մրցակցության մեջ է: Հունվարի 21-22-ը Թուրքիան հյուրընկալեց Իրանի ու «վեցյակի» երկրների ներկայացուցիչներին, որոնք բանակցում էին Իրանի միջուկային աշխարանքների շուրջ: Վերջին շրջանում Թուրքիան մեղադրվում է Իրանի հետ դաշնակցելու համար, սակայն պարզ է, որ այդ երկրները վերջին ամիսներին լուրջ մրցակցություն են ծավալել Միջին Արևելքում իրենց ազդեցությունը տարածելու գործում:
Մասնագետները, ովքեր ծանոթ են և՛ Թուրքիայի, և՛ Իրանի պատմությանը, քաջ գիտեն, որ այդ երկու երկրների միջև մրցակցության ազդակները շատ ավելի են, քան համագործակցությանը»։
Slate-ի համոզմամբ, այսօր Իրանն ու Թուրքիան լուրջ մրցակցություն են իրականացնում Գազայում, Լիբանանում և Իրաքում:
Կայքի մատուցմամբ. «Իրանական կողմը Գազայում փորձում է զինել պաղեստինցիներին Իսրայելի դեմ, իսկ Թուրքիան էլ բազմաթիվ մարդասիրական գործողությունների միջոցով փորձում է ներկայություն ապահովել Գազայի հատվածում: Նույն իրավիճակն է նաև Լիբանանում: Երբ Ահմադինեժադը այցելեց Լիբանան, նույն ժամանակահատվածում նաև Էրդողանը շտապեց Լիբանան: Իրանը հարյուրավոր միլիոն դոլարներ է ներդրել Լիբանանում «Հիզբոլլահի» զինման ու վարժեցման գործում։ Համապատասխանաբար,Թուրքիան էլ կրկնապատկել է իր ներդնումները Լիբանանում դպրոցաշինության, հիվանդանոցաշինության ու նմանատիպ ոլորտներում: Նաև Իրաքն է վերածվել Իրանի և Թուրքիայի մրցակցության դաշտի: Թուրքիան փորձում է Իրանի ազդեցիկ ներկայության կողքին տնտեսական լուրջ ներկայություն ապահովել Իրաքում»։
Կայքը վերջում նշում է. «Թուրքիան Իրանի միջուկային աշխատանքները չքննադատելու միջոցով փորձում է արաբական երկրների հասարակության շրջանում իր դեմ հակառակ տրամադրություններ առաջ չբերել: Արաբական երկրների հասարակությունը, հակառակ իրենց իշխանությունների, համոզված են, որ միջուկային տերություն Իրանի առկայությունը դրական է Միջին արևելքի տարածաշրջանում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment