Իրանական «Թաբնաք» լրատու կայքը, վկայակոչելով Փահլավի ընտանիքի մերձավորներից մեկին, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, մի նոր վարկած է ասպարեզ բերել Իրանի վերջին շահի որդու՝ Ալի Ռեզա Փահլավիի մահվան կապակցությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանի շահի երկրորդ արու զավակը՝ 44-ամյա Ալի Ռեզա Փահլավին, հունվարի 4-ին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում ինքնասպան էր եղել: Բայց իրանական «Թաբնաք» լրատու կայքի լրագրողը զրուցել է Փահլավի ընտանիքի մերձավորներից մեկի հետ, որը հայտնել է, թե Ալի Ռեզա Փահլավիին հավանաբար սպանել են: «Թաբնաքի» հաղորդմամբ, իրազեկ անհատը ասել է. «Վերջին շրջանում իսլամական համակարգի ընդդիմադիր իրանական սփյուռքը հուսահատված է ու այլևս չի հավատում իսլամական համակարգի փլուզման մասին խոսքերին: Իրանական սփյուռքի հավաքներում սկիզբ էր առել մի թեմա, որի համաձայն, այլևս հույս չկա, որ իսլամական համակարգը կփլուզվի, ավելի լավ է վերադառնալ երկիր ու ընդունելով իրականությունը՝ ապրել սեփական երկրում: Հիշյալ գաղափարի ջատագովներն անգամ հայտարարում են, թե վերադարձի դեպքում իրենց մահապատժի չեն ենթարկելու, և ամեն պարագայում երկիր վերադառնալն ավելի լավ է, քան պանդխտության մեջ ապրելը»։
«Թաբնաքի» զրուցակիցն ավելացրել է. «Ալի Ռեզա Փահլավին էլ կողմնակից էր երկիր վերադառնալու գաղափարին: Բայց իսլամական համակարգի ընդդիմադիրները խիստ հակառակ են նմանօրինակ ակցիաներին, որովհետև եթե հանրահայտ մարդկանց հաջողվի վերադառնալ Իրան և ապահով ապրել, այլևս ընդդիմադիրների համար աշխատելու ասպարեզ չի մնա»։
Հարկ է նշել, որ վերոհիշյալը Ալի Ռեզա Փահլավիի մահվան մասին երկրորդ ոչ պաշտոնական վարկածն է, որ հրապարակվել է: Մյուս վարկածի համաձայն, Փահլավի կրտսերը իր սիրածի՝ ծովում խեղդվելու տառապանքին չդիմանալով է դիմել ինքնասպանության:
Փահլավի ընտանիքի ավագ արու զավակ Ռեզա Փահլավին, նմանօրինակ վարկածներին արձագանքելով, կրկին հայտարարել է, որ իր կրտսեր եղբոր ինքնասպանության գլխավոր պատճառը խոր դեպրեսիան է եղել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment