Իրանական «Fars» գործակալության հաղորդմամբ, հունվարի 20-ին Թեհրանի պետական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության կարևորագույն օրվան՝ «Սև հունվար»-ին կամ «Սև շաբաթ»-ին նվիրված համաժողով, որին ներկա են եղել Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ջիվանշիր Ախունդովը [+], Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Ահադ Ղազային [+] և Թեհրանի համալսարանի դասախոս ու Կովկասի հարցերի մեկնաբան Բահրամ Ամիր Ահմադիանը [+]:
Բոլոր մասնակիցները, մատնանշելով 1990 թվականի հունվարի 19-20-ը Բաքվում կատարված իրադարձությունների կարևորությանը, հայտարարեցին, որ այդ իրադարձությունները մեծ նշանակություն ունեցան Խ. միության կազմից Ադրբեջանի անջատմանն ու անկախացմանը:
Սակայն համաժողովը զերծ չմնաց նաև հակաղարաբաղյան հայտարարություններից:
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Ահադ Ղազային, անդրադառնալով Ադրբեջանի և ԽՍՀՄ հարաբերություններին, մատնանշեց. «Ստալինյան ժամանակաշրջանից ռուսները փորձեցին Ղարաբաղի շրջանի բնակչության կազմը շիա մուսուլմաններից քրիստոնյա հայերի փոխելու միջոցով Ադրբեջանին պահել ԽՄ կազմի մեջ: Ժամանակի ընթացքում Ղարաբաղը հայերով լցվեց, և, ի վերջո, 1988-ին Ղարաբաղի խորհրդարանը հայտարարեց, թե Ղարաբաղը գտնվում է Հայաստանի կազմում: Այնուհետև, 1989-ին Ադրբեջանի խորհրդարանը Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան տարածք հայտարարեց, և սկսվեց հակամարտությունը»:
Թեհրանի համալսարանի դասախոս Բահրամ Ամիր Ահմադիանն էլ իր հերթին, Ղարաբաղյան հիմնահարցը Բաքվի հունվարի 20-ի իրադարձությունների գլխավոր դրդապատճառ համարելով, հայտարարեց. «Առհասարակ, ադրբեջանցիները ԽՍՀՄ դժվարին պայմաններում չէին կարող փոփոխությունների ընթացքը դադարեցնել (խոսքը Ղարաբաղի բնակչության կազմի փոփոխության մասին է) բայց հայերը տարիներ շարունակ զբաղվում էին այդ հարցով ու կարողացան ենթահող պատրաստել Ղարաբաղի հարցը լուծելու ուղղությամբ»։
Հարկ է նշել, որ, անկախ վերոհիշյալ հայտարարություններից, ուշագրավ է նաև իրանական «Fars» գործակալության մոտեցումը այդ հարցին: Իրանական գործակալությունը հիշյալ համաժողովի լուրը հրապարակելիս լուրի համար ընտրել էր ոչ թե համաժողովից որևէ լուսանկար, այլ «Հարավային Ադրբեջան» կոչված քարտեզը, որտեղ ներկայացված է Իրանի ադրբեջանական անջատողականներին ցանկալի տարածքները, որոնք փորձում են անջատել Իրանի կազմից: Պարզ չէ, թե իրանական կիսակառավարական համարվող «Fars» գործակալությունը ի՞նչ նպատակով է այդ քարտեզը տեղադրել լուրի մեջ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment