Թուրքիային ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 9-ի երեկոյան հայտարարել է, որ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները կկայանան հունվարի 21-ին ու 22-ին Ստամբուլում:
Իրանական «Մեհր» գործակալության հաղորդմամբ, թեև ԵՄ նախապես հայտարարել էր, որ հիշյալ բանակցությունները կայանալու են հունվարի 20-ին, Դավութօղլուի հայտարարությամբ՝ բանակցությունները պիտի կայանան հունվարի 21-ին և 22-ին:
Ըստ թուրքական «Անատոլիա» գործակալության՝ ԵՄ արտաքին քաղաքականությունների ղեկավար Քեթրին Էշթոնը բանակցությունների կազմակերպման նախնական աշխատանքները կարգավորելու համար մոտ օրերս մեկնելու է Թուրքիա։
Իրանական «Ֆարս» գործակալության հաղորդմամբ, նույն օրը Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհիի հետ, որի ընթացքում զրուցակիցները խոսել են առաջիկա բանակցությունների շուրջ: «Ֆարս» գործակալությունը նաև տեղեկացրել է, որ հունվարի 20-ին ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն մեկնելու է Մոսկվա: Գործակալության հաղորդմամբ, հիշյալ այցի ընթացքում Սոլթանիեն հանդիպելու է ՌԴ փորձագետների, քաղաքական մեկնաբանների ու ռուս հանրության հետ և լուսաբանելու է Իրանի խաղաղ միջուկային աշխատանքները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment