Friday, December 17, 2010

Իրանում «Աշուրան» նշվեց անվտանգության ծառայությունների խիստ հսկողության տակ

Դեկտեմբերի 16-ին Իրանում նշեցին Մուհամադ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի սպանության օրը, որը կոչվում է «Աշուրա»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրանի նախագահական ընտրություններից հետո «Աշուրան» վերածվել էր ընտրությունների արդյունքից դժգոհ հասարակության բողոքի ցույցերի: Անցյալ տարի այդ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվեցին եւ մոտ 10 ցուցարար զոհվեց:
Այս տարի եւս բարեկարգչական առաջնորդները «Աշուրային» մասնակցելու համար ժողովրդին միավորվելու կոչ ուղղեցին:
Արդեն դեկտեմբերի 15-ից Իրանի մեծ քաղաքներում ակնհայտ դարձավ անվտանգության ծառայությունների խիստ ներկայությունը եւ հաջորդ օրը «Աշուրան» կայացավ խիստ վերահսկողության ներքո:
Ըստ որոշ տեղեկությունների՝ տարբեր քաղաքներում տեղ-տեղ բողոքի ձայներ են հնչել, որ անմիջապես կասեցվել են անվտանգության ծառայությունների միջոցով:
Հաղորդված լուրերի համաձայն՝ անվտանգության ծառայությունները անցյալ տարի զոհված ցուցարարների ընտանիքներին արգելել են նշել իրենց հանգուցյալների տարելիցը:
Ազգային անվտանգության ծառայությունները, ներխուժելով «Իրանի ազատության շարժում»-ի բարձաստիճան անդամ ու իսլամական հանրապետության առաջին ներքին գործերի նախարար Հաշեմ Սաբաղյանի բնակարան, կասեցրել են նրանց կողմից ձեռնարկված «Աշուրայի» սգո հանդեսը: Ծառայությունները Սաբաղյանին նաեւ մի քանի ժամով ձերբակալել են: Ձերբակալվածների շարքում է եղել նաեւ բարեկարգչական համարվող հոգեւորական Սուլեյմանին, որը եւս մի քանի ժամ հետո ազատ է արձակվել:
Հրապարակված լուրերը վկայում են, որ «Աշուրայի» օրը Թեհրանում եւ այլ քաղաքներում անվտանգության ծառայությունները ձերբակալել են բազմաթիվ երիտասարդների, ովքեր փորձել են այդ միջոցառումը ծառայեցնել իրենց բողոքի ցույցերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը