Sunday, August 21, 2005

Ազգովի ձուլւում ենք անգամ սեփական դպրոցում

Ամիսներ էր ինչ հոգիս ու սիրտս անհաշտ էր ու չեր ուզում բաւարարւեր միայն լոզունգներով: Ուզում էի մէկ անգամ միայն ինձ իրաւունք տալ մօտիկից հարցնելով՝ լսել թէ ինչ է մտածում մեր հայ երիտասարդութիւնը իր ազգի մասին , իմանալով թէ ինչքան ծանօթ է իր ազգի պատմութեանը եւ որպէս հայ ինչպէս է ուզում ներդրում ունենալ թէ իր համայնքի եւ թէ հայրենիքի ապագայի մէջ: Սկզբում վախ ունէի մտածելով որ եթէ մեր պատմութիւնից հարցեր ուղղեմ նրանց , նրանք նախ կծիծաղեն իմ վրայ դիւրութեամբ պատասխանելով հարցերին եւ յետոյ պատժելու համար մի դժւար հարց ուղղեն ինձ: Ուրեմն պատրաստեցի ինձ ու որոշեցի ամէն գնով կատարել այդ գործը:
Արարատ մարզաւանի ուրբաթօրեայ դաշտահանդեսին մասնակցող երիտասարդութեանը ընտրեցի որպէս հարցերիս պատասխանողը: Ժամը ութին հասայ մարզաւան եւ մուտքի տոմսը գնելով մասնակցեցի դաշտահանդեսին: Հոծ բազմութիւն կար այնտեղ որի մեծամասնութիւնը կազմւած էր երիտասարդութիւնից: Դեռ վախենում էի: Վախս սանձահարելով մօտեցայ առաջին սեղանի շուրջ նստած երիտասարդներին: Լրագրութեան փաստաթուղթը ցոյց տալով խնդրեցի մի պահ նստել իրենց սեղանի շուրջ: Նախ համոզւեցին: Նստեցի եւ առաջին հարցս ուղղեցի նրանց հարցնելով թէ արդեօք գիտեն Ապրիլ 24 –ի մասին: Գիտեին եւ բացատրեցին թէ Ապրիլ 24-ին կատարւել է հայութեան ցեղասպանութիւնը թուրքերի ձեռամբ: Նաեւ մատնանշեցին թէ թուրքերը ի վերջոյ պիտի ընդունեն իրենց բարբարոսական արարքը եւ հայերին վերադարձնեն իրենց պատկանող հողերը: Ի՞նչ հողեր – հարցրեցի ես: Լռեցին եւ յետոյ պատասխանեցին դէ մեր հողերն էլ չգիտենք, ինչ որ կասեն Ապրիլ 24-ի օրերին: Նրանցից մէկը երկար մտածելուց յետոյ աղաղակեց՝ Վանը , Վանը պիտի վերադարձնեն հայերին: Միա՞յն Վանը – հարցրեցի նորէն: Պատասխան չկար: Փորձեցի մի քիչ օգնել իրենց հարցնելով թէ արդեօք լսել են Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի գծած սահմանների մասին: Նորէն պատասխան չկար: Երբ կրկին փորձեցի հարցնել նրանք կատաղեցին ու ինձ խնդրեցին հեռանալ իրենց սեղանից: Ընդունեցի:
Մի այլ սեղան ընտրելով գնացի այնտեղ ու սկզբնական գործընթացը կատարելով, նստեցի ու հարցրեցի թէ աշխարհագրականօրէն որտեղ է գտնւում Արցախը եւ ինչ բնոյթ ուներ Արցախի պատերազմը: Ցաւալի էր: Հարցրեցին թէ ի՞նչ է Արցախը: Սառ քրտինք եկաւ վրաս: Մի աղջնակ, որը յետոյ պարզւեց թէ սկաուտ է, կըմ կըմալով ասաւ՝ կարծեմ դա նոյն Ղարաբաղն է, բայց թէ որտեղ է գտնւում չգիտեմ: Տղաներից մէկը լսելով Ղարաբաղ անունը յիշեց թէ Հայաստան գնալիս տեսել է Ղարաբաղ տանող ճանբան. Նա աւելացրեց թէ ադրբեջանցիները ուզում էին գրաւել Ղարաբաղը եւ հայերը դա թոյլ չտւին: Երբ ես ասացի թէ ոչ ադրբեջանցիները Արցախը գրաւել էին 20-րդ դարի սկզբում եւ հայերը դա ազատագրեցին 90-ական թւականներին , զարմացան ասելով թէ ոչ պարոն այդպէս չէ, միթէ դու չգիտե՞ս պատմութիւնը: Աչքերս արծունքով խոնաւացել էին: Չուզեցի նրանք տեսնեն արծունքներս եւ այդ պատճառով հեռացայ նրանցից:
Այդ օրը մօտաւորապէս 18 սեղան այցելեցի որի շուրջ նւազագոյնը 6 երիտասարդ հաւաքւած էր: Համարեայ բոլորի պատասխանները նոյնն էին: Գրեթէ բոլորը անտեղեակ էին եւ անգամ չէին լսել Սեւրի մասին ու չգիտեին թէ միջազգային մի պայմանագիր հաստատել է Հայաստանի անկախութիւնը 1920-ին , 161370 քառ. Կիլոմետրով որից այսօր միայն մնացել է 31980 քառ. Կիլոմետրը , այսինքը միայն 1/5-ը: Գոնէ այդ բոլորից մէկը յիշեր Արցախում զոհւած ազատամարտիկներից մէկի անունը , բայց չյիշւեց:
Վերադարձին միայն մտածում էի մեր երիտասարդութեան մասին եւ մի բան անընդհատ ծակում էր միտքս թէ ինչո՞ւ մեր երիտասարդութիւնը անտեղեակ է այս բոլորի մասին այն էլ երբ թուրքերը ամէն վայրկեան վախենում են թէ կարող է մի օր միջազգային հանրութիւնը իրենցից պահանջի գործադրել Սեւրի պայմանագրի պարտականութիւնները եւ որ ադրբեջանը ամէն ուժով փորձում է խախտել Արցախի հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը: Կարող էք ասել թէ թուլութիւնը գալիս է ընտանիքից եւ ծնողնրից բայց չէ որ այսօրւայ աշխարհում դպրոցում են կերտում անհատի ազգային ինքնութիւնը: Կարող էք ուսումնասիրել դասագրքերը եւ կտեսնեք թէ բնաւ բացակայում է Սեւրի, Ջաւախքի, Արցախի ազատագրական պայքարի եւ այլ ուրիշ ազգային դատի սիւների մասին նիւթեր: Չեմ ուզում յիշել եւ փորձում եմ չմտածել Գարեգին Նժդեհի խօսքի մասին որ ասում է «եթէ ուզում էս տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդութեանը». Սարսափում եմ անգամ մտածել այդ ուղղութեամբ:
Խօսքս ուղղում եմ մեր սիրելի կրթական խորհրդին ասելով որ եթէ կարիք է զգացւում փոխել կրօնական դասագրքերը, եօթնիցս աւելի կարեւոր է նախ փոխել եւ բարեկարգել Հայոց լեզւի եւ պատմութեան դասագրքերը որովհետեւ ազգային բարձր գիտակցութիւն ունենալը ապահովելու է մեր ազգային եւ կրօնական ինքնութիւնն ու գոյութիւնը: Մեր երիտասարդութիւնը պիտի հոգեփոխւի եւ այդ հոգեփոխութեամբ է երաշխաւորւում մեր հայութեան ապագան:
Ուրեմն եկեք հայակերտենք մեր երիտասարդութեան ոգին:
Եւ գործով լցւենք որ փայլուն լինի մեր ապագան , որովհետեւ գործով են վերակերտւում ազգերը ոչ թէ սոսկ ցանկութեամբ:

1 Պատգամ:

Anonymous said...

սիրելի արթին
կարթացի եւ հուզւեցի այս հոդվաձիից բայց չե որ դա բնական երեւուեթ է սփյրքում
քանի մենք լուձում չենք գտել սփյրք եւ հայրենիքի միջեւ իրական կապեր հաստատելու համար եւ սփյրքին հայրենիքի հոգով սնելու ուղութեան

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը