Իրանի պահակազորին պատկանող Bultan News լրատվական կայքը հաղորդում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնակատար Քեթրին Էշթոնը փորձում է իրանցի բանագնաց, ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Սայիդ Ջալիլիին դուրս մղել միջուկային բանակցություններից:
Կայքի համաձայն, Էշթոնը 2011-ի փետրվարին Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ ունեցած հանդիպումից հետո Իրանի միջուկային աշխատանքներին վերաբերող նամակները, Ջալիլիի փոխարեն, ուղարկում է Սալեհիին:
Նշենք, որ օրեր առաջ Իրանի նախագահի թիմակիցներին պատկանող Raja News լրատվական կայքի լրագրողներից Ամիր Հուսեյն Սաբեթին իր անձնական բլոգում գրել էր, որ Ահմադինեժադը աշխատանքի վերադառնալու համար երեք պայման է ներկայացրել՝ նախագահի առաջին տեղակալ նշանակվի Էսֆանդյար Ռահիմ Մաշային, Հեյդար Մոսլեհին հեռանա հետախուզության նախարարությունից և Սայիդ Ջալիլին հեռանա ազգային անվտանգության խորհրդից:
Այս գրառման հրապարակումից ժամեր անց Սաբեթիի բլոգը շարքից դուրս եկավ և անհասանելի դարձավ բոլորի համար:
Bultan News լրատվական կայքի վերոհիշյալ լուրն արդեն ապացուցում է, որ նախագահի թիմակիցներն իրոք մտադիր են ԱԳ նախարար Սալեհիի միջոցով Ջալիլիին հեռացնել միջուկային բանակցություններից:
Հիշեցնենք, որ Ալի Աքբար Սալեհին տարիներ շարունակ ղեկավարել է Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտը, և երբ Ահմադինեժադը նրան նշանակեց ԱԳ նախարար, փորձագետների մեծ մասը համոզված էր, որ նախագահն այդ քայլով փորձում է իր վերահսկողության տակ առնել միջուկային բանակցությունները, որոնք ուղղակիորեն վերահսկվում են երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment