Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ թվով ութ նախարարություն շուտով միավորվելու են` ստեղծելով 4 նոր նախարարություն:
Իրանական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Ահմադինեժադը կառավարության նիստում առաջարկել է միավորել 8 նախարարություններ. Ճանապարհի և տրանսպոտի նախարարությունը միավորվելու է Բնակարանային ու քաղաքաշինության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը` Նավթի նախարարությանը, Արդյունաբերության ու հանքերի նախարարությունը` Առևտրի նախարարությանը, Բարեկեցության նախարարությունը` Աշխատանքի ու հասարակության հարցերի նախարարությանը:
Նախագահ Ահմադինեժադի այս նախագիծը բուռն քննադատությունների է արժանացել. անգամ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ նախարարությունների միաձուլումը չի համապատասխանում օրենքին ու պիտի քննարկվի խորհրդարանում:
Իրանական 7esobh լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ահմադինեժադը, անտեսելով քննադատությունները, արդեն երեք նախարարի հրահանգել է ներկայացնել իրենց հրաժարականները:
Հրաժարվելու հրահանգ ստացած նախարարներից առանցքայինը նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմին է, որը համարվում է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի մերձավոր պաշտոնյաներից:
Պիտի ավելացնել, որ Իրանում մի քանի նախարարությունների ղեկավարներն ավանդաբար նշանակվում են երկրի առաջնորդի համաձայնությամբ, այդ թվում` նաև նավթարդյունաբերության նախարարը:
Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին արդեն մեկ անգամ ընդդիմացել է երկրի նախագահին հետախուզության նախարարին պաշտոնազրկելու հարցում, երբ առաջնորդն իր հրամանագրով նրան վերանշանակեց իր պաշտոնում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment