Thursday, April 21, 2011

Իրանի նախագահի թիմակիցների լրատվական կայքերը արգելափակվել են

Իրանական Didgah News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահի թիմակիցներին պատկանող մի շարք լրատվական կայքեր, ապրիլի 20-ից արգելափակվել են Իրանում: Դրանցից մի քանիսը նույնիսկ շարքից դուրս են եկել ու հասանելի չեն:

Կայքի փոխանցմամբ, արգելափակված կայքերի շարքում են Barayeham, Dolateyar, Rahva, Mahramane News, Bakeri Online և Penhan News լրատվական կայքերը:

Հարկ է նշել, որ վերոհիշյալ լրատվական կայքերը վերջին շրջանում փորձում էին սկանդալային, ու որոշ դեպքերում նաև խեղաթյուրված լուրեր հրապարակելով պղտորել Իրանի ներքաղաքական իրավիճակը:

Իրանական Tabnak լրատվական կայքի մատուցմամբ, Իրանի խորհրդարանը արդեն նմանօրինակ կասկածելի լրատվական կայքերի ղեկավարներին կանչել է խորհրդարան` ճշտելու նրանց հետապնդած նպատակները:

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմնակիցները հայտնում են, որ հիշյալ կայքերը ղեկավարվում են նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի կողմից, որին պահպանողականները անվանում են շեղված ու դավադիր գործիչ, և որը, ներթափանցելով կառավարության կազմ, փորձում է խեղաթյուրել ու շեղել կառավարության և իսլամական համակարգի ընթացքը:

Հիշեցնենք, որ Ռահիմ Մաշային նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնամին է: Ահմադինեժադի տղան ամուսնացել է Մաշայիի դստեր հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը