Thursday, April 21, 2011

Եվ ահա ի՞նչ ոճով է թունիսանալու ՀԱԿ-ը


Գնտակը ՀԱԿ-ի դաշտ փոխանցելով՝ 
Սերժ Սարգսյանը տակառ է գլորո՞ւմ Քոչարյանի վրա

Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի շուրջ հրավիրած խորհրդակցական հանդիպման ընթացքում, անդրադառնալով 2008-ի մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին, ցանկություն հայտնեց, նոր թափ տեսնել մարտի 1-ի բացահայտման գործում: [+]
Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր:
Հիշյալ հայտարարությունը գրեթե պատասխան հայտարարություն է ապրիլի 8-ին Հայ Ազգային Կոնգրեսի ձեռնարկած հանրահավաքի ժամանակ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած վերջնագրին, որի ներկայացրած երեք պահանջների մեջ էր մտնում մարտի 1-ի դեպքերի մեղավորներին բացահայտելու պահանջը:
Հանրահավաքից օրեր անց, այդ մասին բարձրաձայնեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, հայտնելով, որ մարտի 1-ի դեպքերը ձեռընտու չէին Ս.Սարգսյանին: Պատգամավորի մեկնաբանությամբ հիշյալ դեպքը հենց ձեռընտու է եղել Ռոբերտ Քոչարյանին: [+]
Դալլաքյանը փորձելով մեկնաբանել մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարեց. 
Մասնակցելով 2008-ի ընտրություններին՝ Տեր-Պետրոսյանը ձգտում էր վերականգնել իր իշխանությունը` հույսը գերազանցապես դնելով պետական ապարատի կազմալուծման և դրա ներկայացուցիչների` իր կողմն անցնելու վրա, իսկ Քոչարյանը, օգտագործելով ընտրական գործընթացները, փորձում էր լուծել հետագայում իր իշխանությունն ինչ-որ ձևով պահպանելու խնդիրը:Նախագահի թեկնածու Սարգսյանը, Քոչարյանը և ընդդիմության թեկնածուն 2008-ի ընտրություններում լուծում էին տարբեր խնդիրներ: Եթե Սարգսյանի նպատակը լեգիտիմ նախագահ ընտրվելն էր, Քոչարյանինը` խոցելի իրավահաջորդ ունենալու համար ամեն ինչ անելը, ապա Տեր-Պետրոսյանի մինիմում ծրագիրը Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելն էր:Հրահանգելով Մարտի 1-ը՝ Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը`ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր Մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն, ի վերջո, ընկնելու էր իր վրա: Մարտի 1-ը ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարի դրսևորում էր` Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միջև, այլ իշխանությունն ուժային եղանակով պահելու`1996-ի ու 2004-ի փորձն ունեցող երկու նախկին նախագահների գլխավորած քաղաքական ճամբարների բախում:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այդ հայտարարությունը խիստ արձագանք գտավ Ռ. Քոչարյանի գրասենյակի կողմից: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հայոց Աշխարհ» օրաթերթի միջոցով պատասխանելով Դալլաքյանի հնչեցրած վարկածին, հայտարարեց. [+]
Պնդել, թե մարտի 1-ը ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերեւս, իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթհեթություն դուրս տալ:
Բայց թե Սողոմոնյանի, կամ ավելի ճիշտ՝ Քոչարյանի կարծիքով, ո՞վ կարող էր լինել Քոչարյանի վրա նման ծանր տակառ գլորելու իրական պատվիրատուն:
Այդ հարցը քննարկելով, բնականաբար բացառվում է ՀԱԿ-ը, որովհետեւ աբսուրդի է հավասար այն մեկնաբանությունները, որ ՀԱԿ-իշխանություն գործարքի արդյունքում, ընդդիմությունը փորձել է Դալլաքյանի միջոցով, գործող նախագահի վրայից հանել մեղադրանքները, դրանք միայն նախկին նախագահին վերագրելով՝ փորձել ասպարեզից հեռացնել, արդեն ակտիվացած Քոչարյանին:
Հետեւաբար, պարզվում է, որ Քոչարյանի գրասենյակը վտանգ է զգացել հենց գործող նախագահի կողմից, ու Դալլաքյանին պատասխանելով, անուղղակի պատասխանել է հենց Սերժ Սարգսյանին:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, մի կերպ բացահայտում է Քոչարյանի գրասենյակի կողմից մատնանշված անհայտ պատվիրատուի ինքնությունը: Երբ գործող նախագահն երեք տարուց հետո, երբ դենհանդիման է եղել ընդդիմադիրների վերջնագրին ու Քոչարյանի սուր պատասխանին, ժամանակ շահելու և Քոչարյանին պատասխանելու մտադրությամբ փորձել է անգամ ձեւականորեն թափ տալ մարտի 1-ի սպանդը բացահայտող գործընթացին: Եթե Սերժ Սարգսյանը, փոքր ինչ մտահոգ լիներ, թե այդ գործում հնարավոր է նեքաշեն իրեն, բնականաբար նմանօրինակ ցանկություն չէր էլ արտահայտի: Սա դեռ այն պայմաններում է, որ Քոչարյանի գրասենյակը պաշտպանվելու համար, փորձում է զննել իրեն մեղադրողների մտածող համապատասխան օրգանների պարունակությունը, հրաժարվելով փաստեր ներկայացնելով՝ ապացուցել այն, ինչի մասին հայտարարություն կատարեց Վիկտոր Սողոմոնյանը: Թե արդյոք քոչարյանը Սերժին պատասխանելու հաջորդ քայլում փորձելու է նրա դեմ նոր բացահայտումներով հանդես գալ, դեռ պարզ չէ:
Դեռ շուտ է խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանի արտահայտած ցանկությունը, կապված մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործի թափ ստանալուն, ինչ արդյունք կարող է ունենալ, բայց գործող նախագահը իր այդ քայլով մեսիջ ուղարկեց ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապացուցելով, որ ինքը պատրաստ է դիմել շախմատային քաղաքականությանը ու մասամբ կատարել ընդդիմության կողմից ներկայացված մինիմալ պահանջները: 
Եթե համարենք, որ արդեն «Ազատության» հրապարակը բաց է ընդդիմության համար, երբ նրանք բանակցությունների արդյունքում թույլտվություն են ստանում հանրահավաքը մատենադարից տեղափոխել «Ազատության» հրապարակ, եւ այն, որ վերջին շրջանում մի քանի քաղբանտարկյալներ գտնվել են պայմանական ազատության մեջ, պարզ է դառնում, որ կայացել է ընդդիմության եւ իշխանության միջեւ սպասված երկխոսությունը ու արդեն ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ, հասարակության (իմա՝ ընդդիմության) եւ իշխանության միջեւ ջրբաժան տեղի չի ունենալու ու երկու կողմերն էլ հաղթողի կարգավիճակում հայտնվելով հնարավորություն կունենան հասարակությանը զերծ պահել քաղաքացիական ընդվզումներից՝ թունիսանալուց:
Բայց դեռեւս պարզ չէ, որ իշխանության ու ընդդիմության կայացրած նմանօրինակ երկխոսությունը, որքանով կարող է հասարակությանը զերծ պահել ընդվզումներից, երբ ընդդիմության կողմից ներկայացված մինիմալ երեք պահանջներն էլ ոչ մի կապ չունեին հասարակական ու սոցիալական իրավիճակը շտկելու եւ բարելավելու հետ:
Պիտի հիշեցնել, որ հենց Թունիսում եւ Եգիպտոսում էլ, հասարակությունը քաղաքական դաշտում աշխատող ընդդիմադիր կուսակցություններից նմանօրինակ վարքագիրծ տեսնելով, հրաժարվեցին հետեւել նրանց հորդորներին ու ինքնուրույն կերպով փորձեցին հաղթահարել իրենց երկրներում տիրող սոցիալական ծանր պայմանները: Թե նրանք ինչքանո՞վ հաջողեցին իրենց նպատակները իրականացնել, այլ թեմա է:
Այս պահին իշխանությունը գնդակը նետել է ընդդիմության դաշտ, ու հիմա պիտի տեսնել ընդդիմությունը՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, թունիսանալու ի՞նչ մոդել է որդեգրելու՝ Թունիսի ընդդիմադիրների մոդե՞լը, թե՞ հասարակության տարբերակը:

Արթին Առաքելյան

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը