Tuesday, April 05, 2011

Ահմադինեժադը կրկին ընդդիմացավ երկրի առաջնորդին

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրանական նոր տարում իր առաջին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ես անձամբ հրավիրել եմ Հորդանանի թագավորին, բայց նա որոշ խնդիրների պատճառով հետաձգել է իր այցելությունը: Նա հաստատ այցելելու է Թեհրան: Այդ հարցում ոչ մի նահանջ կառավարության կողմից չի եղել: Մենք մտածված քայլերով ենք ձևավորում մեր ծրագրերը ու առաջնորդվում ենք մեր սկզբունքներով: Այնպես չէ, որ մեկը մի խոսք ասի, ու մենք էլ ետ կանգնենք մեր որոշումները իրագործելուց»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի նախագահը Նովրուզի առիթով Թեհրան էր հրավիրել նաև Հորդանանի թագավոր Մալեք Աբդուլլահին, ինչը խիստ քննադատության էր արժանացել թե՛ պահպանողականների, թե՛ երկրի առաջնորդի կողմից:
Հորդանանի թագավորն էլ հասկանալի պատճառներով կասեցրեց իր այցելությունը, և հայտարարվեց, որ նա չի մասնակցելու Նովրուզի տոնախմբությանը:
Թեև Իրանի առաջնորդը դեմ էր Հորդանանի թագավորի այցելությանը և, առհասարակ, Իրանում Նովրուզի առիթով մի քանի երկրների ղեկավարների ու պաշտոնյաների ներկայությամբ տոնախմբություն կազմակերպելու մտադրություններին, բայց Հորդանանի թագավորը Իսլամական Հանրապետության օրը շնորհավորեց Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին:
Հիշեցնենք, որ Իրանի առաջնորդը այս տարի չընդունեց Իրան հրավիրված նախագահներին ու պետական պաշտոնյաններին, որոնց թվում էր նաև Սերժ Սարգսյանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը