Իրանական Asr Iran լրատվկան գործակալությունը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի Al Vatan օրաթերի հրապարակած լուրը, հայտարարել է, որ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիազ Ալ-Մալեքին պաշտպանել է Բահրեյնի ու Քուվեյթի իշխանությունների որդեգարծ դիրքորոշումները Իրանի հանդեպ:
Ըստ օրաթերթի` Ալ-Մալեքին հայտարարել է. «Բահրեյնի դեպքերի ընթացքում մենք մեր աջակցության ուղերձը հղեցինք Բահրեյնի կառավարությանը ու հայտարարեցինք, որ Պաղեստինի ժողովուրդն ու ղեկավարությունը դատապարտում է Բահրեյնի դեմ ուղղված դավադրությունները և կանգնած է նրանց կողքին: Նմանօրինակ մի պատգամ էլ ուղղել ենք նաև Քուվեյթի իշխանություններին, Քուվեյթի դեմ ընթացող դավադրությունների դեմ պայքարի ընթացքում մեր աջակցությունը հայտնելով»:
Հատկանշական է, որ երկու պատգամների ուղղակի հասցեատերը հենց Իրանի իշխանություններն են: Հիշեցնենք, որ Բահրեյնի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Իրանը դավադրություններ է իրագործում ու միջամտում է իրենց ներքին գործերում: Իսկ Քուվեյթի իշխանությունները օրեր առաջ հայտարարեցին, որ երկրում բացահայտել են իրանական մի լրտեսական ցանց, որոնք Քուվեյթի բանակի ու այդ երկրում տեղակայված ամերիկյան զինուժի մասին տեղեկություններ էին հաղորդում Իրանի պահակազորին:
Պետք է հիշեցնել նաև, որ Իրանի իշխանությունները Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին չեն համարում համայն Պաղեստինի ժողովուրդի ներկայացուցիչ ու նրա փոխարեն ընդունում են «Համաս» իսլամիստական խմբակցությանը: Սակայն Թեհրանում Պաղեստինի դեսպանատան ղեկավարը ներկայացնում է հենց Մահմուդ Աբասի գլխավորած կառավարությունը:
Իրանի Իսլամական Հանարապետությունը տարեկան մեծ գումարներ է հատկացնում Պաղեստինի ազատագրական շարժմանը ու լայնածավալ քարոզչություն է տարածում հօգուտ Պաղեստինի իսլամական խմբավորման:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment