Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ կարծում են, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Իրանի դիվանագիտությունը կրավորական դիրքում է:
Այդ խնդիրը վեր է հանել Իրանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանում նախագահ Ահմադինեժադի կողմնակիցների «Էնղելաբ Էսլամի» խմբակցության նախագահ Ռուհոլլահ Հուսեյնիանը:
Նա հայտարարել է. «Պատգամավորների մտահոգությունը՝ մեր երկրի դիվանագիտության կրավորական լինելու մասին, արդարացի են: Իրանը անպայման պետք է լուրջ դիրքորոշում որդեգրեր Բահրեյն ներխուժած Սաուդյան Արաբիայի զինված ուժերի հանդեպ: Ես նույնիսկ համաձայն եմ, որ, երբ Սաուդյան Արաբիան իր բանակով ներխուժում է Բահրեյն, մենք էլ մեր բանակը պիտի պատրաստենք Սաուդյան Արաբիայի հետ մարտնչելու համար և թույլ չտանք, որ այդ երկրի սահմանները ավելի մոտենան մեզ»։
Այն դիտարկմանը, թե իսլամական հանրապետության պատմության մեջ բանակը երբեք նման գործողությունների չի ծառայել, Հուսեյնիանը պատասխանել է. «Ներկայումս շատ բացառիկ հնարավորություն է առաջացել, և մենք չպետք է պահպանողական լինելու պատրվակով կորցնենք այդ հնարավորությունն ու թույլ տանք, որ մեր թշնամիները տարածաշրջանում ռազմական բռնագրավումներ իրագործեն»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», իրանական մի շարք կազմակերպություններ սկսել են հավաքագրումը մահապարտների, որոնք պատրաստ են Բահրեյնի շիա մուսուլմաններին փրկելու համար կռվել Սաուդյան Արաբիայի զինված ուժերի դեմ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment